Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկիրը ձգտում է վերականգնել տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները․ Ալեն Սիմոնյան

Մարտ 24,2024 23:44

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում

Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ,

Ձե՛րդ գերազանցություններ,

Գործընկեր խորհրդարանականնե՛ր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախքան ելույթս սկսելը ցանկանում եմ նշել, որ մենք խստորեն դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր խլեց: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում:

Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնեւում հինգ տարվա ընդմիջումից հետո եւ հուսով եմ, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում քննարկված հարցերը կնպաստեն խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը, որոնց ձգտում է կազմակերպությունը: Ցանկանում եմ նաեւ իմ շնորհավորանքներն ուղղել տիկին Տուլիա Էքսոնին՝ Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել իր առաքելության մեջ:

Խորհրդարանական դիվանագիտությունը միջազգային հարաբերություններում դարձել է ուժ: Այն պետությունների միջեւ ավելի ամուր հարաբերություններ է խթանում միջխորհրդարանական երկխոսության, մտքերի փոխանակման եւ համագործակցության միջոցով: Այդօրինակ ջանքերը նպաստում են երկրների միջեւ վստահության, փոխըմբռնման եւ համագործակցության ձեւավորմանը:

Վերջերս շատ է խոսվում «փափուկ» ուժի մասին: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ խորհրդարանական պատվիրակությունները եւ մտքերի փոխանակումը նպաստում են հանրային դիվանագիտության ջանքերին՝ ամրապնդելով երկրի «փափուկ» ուժը: Օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելով՝ խորհրդարանականները կարող են ձեւավորել հասարակական կարծիք արտերկրում, ստեղծել ցանցային համագործակցություն եւ արտերկրում իրենց երկրի համար դրական կերպար կերտել:

Հայաստանի Ազգային ժողովը, իմ ղեկավարությամբ, կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը: Հայ պատգամավորները ներգրավված են տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում, համագործակցում են իրենց գործընկերների հետ՝ ամուր կապեր ստեղծելու եւ փոխըմբռնումը խթանելու նպատակով:

Մենք՝ պատգամավորներս, անում ենք հնարավորը՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար: Տարածաշրջանի անվտանգությունը եւ պաշտպանական կարողությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն են: Մեր երկիրը ձգտում է վերականգնել տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարծում ենք, կաշխուժացնի տնտեսական կապերը տարածաշրջանում եւ դրական ազդեցություն կունենա անվտանգային ընդհանուր իրավիճակի վրա:

Որպես խորհրդարանական դիվանագիտության վառ օրինակ՝ կցանկանայի նշել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար պարոն Մարտին Չունգոնգի՝ վերջերս Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերը, որոնց նպատակն էր հասկանալ իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իր այցից հետո գլխավոր քարտուղարն առաջարկեց կազմակերպել եռակողմ հանդիպում իր, իմ եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջեւ: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 22-ին այստեղ՝ Ժնեւում:

Գործընկերնե՛ր,

Հնարավոր է՝ տեղյակ չեք, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-14-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երիտասարդ պատգամավորներին հրավիրել մասնակցելու համաժողովին: Այն նրանց հնարավորություն կտա անձամբ ծանոթանալ եւ տեղեկանալ մեր գեղեցիկ երկրի մասին ու խորացնել իրենց միջեւ հաստատված կապերը՝ խորհրդարանական դիվանագիտության իրական ոգով:

Շնորհակալություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031