Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է նաեւ Մանուկների օրհնության օր:
Վեհափառը հոգ էր տարել, որպեսզի այսօր հայաստանյան բոլոր 12 թեմերից Մայր աթոռ ուղեկցեն 600 արցախցիների՝ երեխաների եւ նրանց ծնողներին: Օրհնությունից հետո նրանց համար Էջմիածնի Հայորդաց տանը կազմակերպվեց նաեւ համերգ:
Առհասարակ արցախցիներին աջակցելու համար Մայր աթոռի սոցիալական ծառայության գրասենյակն այս օրերին բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ հումանիտար աջակցության, զարգացման, հմտությունների եւ աշխատանքային գործիքների տրամադրման, ինչպես նաեւ շահերի պաշտպանության:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում գրասենյակի պատասխանատու Տ. Մարկոս քահանա Մանգասարյանն ասաց. «Տեղահանության առաջին իսկ օրերից մենք ավելի քան 400 արցախցու բնակության տեղ ու ապաստան ենք տվել: Ժամանակի ընթացքում Ծաղկաձորի մեր տարբեր ճամբարների արցախցիները քիչ-քիչ դուրս են եկել եւ տեղավորվել են իրենց բնակարաններում, որոնք վարձով են վերցրել կամ գտել են մի վայր, որտեղ կարող են ավելի երկարաժամկետ բնակություն հաստատել: Այս պահին հիմնականում Էջմիածնի քահանայից լսարանի ննջարանային մասնաշենքում 60 արցախցի ունենք, 14 ընտանիք է այստեղ բնակվում, բայց, բնականաբար, նորից ժամանակավոր, որովհետեւ որքան շուտ ինքնուրույնանան, կարողանան իրենց կյանքը դասավորել, այնքան իրենց համար ավելի հեշտ կլինի: Ունենք նաեւ արցախցիներ Վայոց ձորի, Եղեգիսի Հերմոնի ճամբարներում, որտեղ եւս բնակվում են մեր հայրենակիցները: Հիմնական ծրագիրը, որն իրականացվել է այս ընթացքում, դրամական աջակցության ծրագիրն է: Այս պահի դրությամբ շուրջ 1200 ընտանիքի, ովքեր ունեն 4 եւ ավելի անչափահաս երեխաներ, Մայր աթոռը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ տրամադրել է 100 հազարական դրամ, ընդհանուր հաշվով շուրջ 240 մլն դրամի մասին է խոսքը: Ծրագիրը, հավանաբար, կշարունակվի՝ կախված Մայր աթոռի հնարավորություններից: Առաջիկայում նախատեսում ենք ավելի մեծ թափով իրականացնել ծրագրերը, բայց ավելի շատ կենտրոնանալու ենք մասնագիտությունների հարցի վրա՝ անասնապահության, զարգացման ծրագրի վրա ենք ուզում ուշադրությունը կենտրոնացնել, որովհետեւ դրանք ավելի երկարաժամկետ հարց լուծող ծրագրեր են, քան դրամական օգնությունը»:
Մայր աթոռի սոցիալական ծառայության գրասենյակը մինչեւ 2020-ի պատերազմը կենտրոնացվածություն չի ունեցել որեւէ խմբի վրա, բոլոր ոլորտներում փորձել է գործունեություն ծավալել, երեխաների աջակցության կենտրոններ հիմնել, բարեգործական ճաշարաններ եւ այլն: Բայց այս պահին դրանց միացել են եւ ավելի գերակշռող մաս են կազմում արցախցիների հիմնախնդիրների լուծման ծրագրերը. «Երանի թե կարիք չունենանք արցախցիներին ավելի մեծ ուշադրություն դարձնել: Երանի թե: Դա կլինի այն ժամանակ, երբ նրանց խնդիրները հիմնականում լուծված կլինեն սոցիալական առումով»:
Արցախցիների սոցիալական խնդիրների լուծման առաջին պատասխանատուն, իհարկե, պետությունն է, բայց ինչպես նշեց Տ. Մարկոսը, եկեղեցին չի կարող ձեռքերը լվանալ ու ասել՝ սա պետության անելիքն է, մենք գործ չունենք. «Եկեղեցին եղել եւ շարունակում է մնալ ժողովրդի առաջնորդող կառույցը, որը երբեք չի ընդհատվել 1700 տարվա կտրվածքով»:
Մայր աթոռն ունի 5 բարեգործական ճաշարան, այս պահի դրությամբ գործում են Էջմիածնի եւ Արաբկիրի ճաշարանները, որոնց դռները բաց են թե՛ արցախցիների, թե՛ առհասարակ մեր ցանկացած հայրենակցի առաջ, ովքեր կարիք ունեն սնվելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ