Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի՝ Գյումրի այցելելու օրակարգում Շիրակի մարզպետի փոփոխության հարց չի եղել»․ Դավիթ Առուշանյան

Մարտ 24,2024 17:16

Aravot.am-ը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե երեկ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ քննարկվե՞լ  է արդյոք Շիրակի մարզպետի փոփոխության հարցը։

Տևական ժամանակ է՝ մամուլը գրում էր, թե Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելում իր կնոջ մորաքրոջ թոռին՝  Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագ Մկրտչյանին մարզպետ նշանակելու նպատակով։

Դավիթ Առուշանյանն ասաց․ «Վարչապետը Գյումրի էր այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում դասախոսություն կարդալու․ օրվա խորհուրդը, օրվա օրակարգը դա էր։ Գյումրի այցելելու հիմնական նպատակը դա էր․ ուսանողների, դասախոսական կազմի հետ շփում։ Ներկա էին նաև բուհերի ղեկավարներ, դպրոցներ, վարժարանների տնօրեններ։

Պիտի ասեմ, որ վարչապետը և ԿԳՄՍ նախարարը շատ տպավորված էին տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ կատարած այցից։ Հպարտ եմ, որ մենք Գյումրիում կարողացել ենք ստեղծել ևս մեկ կրթական հաստատություն՝ Կարեն Պետրոսյանի գլխավորությամբ, որը  թե՛ որակով, թե՛ տեխնիկական  հագեցվածությամբ, հնարավորություններով չի զիջում  մայրաքաղաքային ոչ մի բուհի։

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ կուսակցական ֆորմատով նախաձեռնող խմբի նիստ, որին մասնակցեցին Շիրակի մարզի բոլոր ՔՊ-ական կուսակցականները։ Նրանք  հնարավորություն ունեցան լսելու վարչապետի խոսքը, շփվելու նրա հետ, իրենց հուզող հարցեր ուղղելու ու պատասխաններ ստանալու։

Օրվա օրակարգը դա էր, իսկ այն, ինչ գրում է մամուլը,ինչ խոսակցություններ, որ շրջանառվում են Գյումրիում, նման օրակարգ վարչապետը չի ունեցել՝ Գյումրի այցելելով»։

Դիտարկմանը՝ անվտանգային հարցեր, սահմանում տիրող իրավիճակը քննարկվե՞լ է նիստում, Դավիթ Առուշանյանը պատասխանեց․ «Բնականաբար, երկրի ղեկավարը կուսակցականների հետ հանդիպում էր, նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հստակ պահանջ չկա, թե այս հարցը կարելի է տալ, էն հարցը չի կարելի տալ, մենք նման սահմանափակում չունենք, և կուսակցականները կուսակցության ղեկավարի հետ շփվում են ազատ ֆորմատով․ ում ինչ հարց հետաքրքրում է, տալիս են հարցը, ստանում պատասխանը։

Տարբեր ոլորտների վերաբերող հարցեր կարող են լինել, կարող է լինել անվտանգության, կրթության, տնտեսության հետ կապված, կուսակցականներն ազատ են հարց տալու, իրենց ելույթներ ունենալու ու լսելու վարչապետի պատասխանները։

Մեր կուսակցությունն ամեն հինգշաբթի ունենում է նախաձեռնողի նիստ Երևանում։ Եվ այդ ֆորմատն արդեն երկար ժամանակ գործում է, կուսակցականները, կապ չունի որտեղից են, գրանցվում են, քանի որ տեղը սահմանափակ է, դահլիճը փոքր է։ Ունենում ենք օրվա թեմաներ, որի շուրջ խոսում ենք։

Գրեթե ամեն հինգշաբթի կուսակցության ղեկավարը՝ վարչապետը, հանդիպում է կուսակցականների հետ, քննարկում տարբեր հարցեր։

Ես շատ շուտ առաջարկել էի, մարզերում ևս նախաձեռնողի նիստեր անցկացնել, որովհետև  մարզերից շատ դեպքերում  դժվար է այցելել, նաև դահլիճը փոքր է, կարիք կա նաև մարզերում նիստ անցկացնել։

Կուսակցությունը որոշում ունի նիստ անցկացնել, և սա առաջինը չէր, տարբեր մարզերում վարչապետը հանդիպում է կուսակցականների հետ։ Բնականոն կուսակցական գործընթաց է, կուսակցաշինության գործընթաց է»,-ասաց Դավիթ Առուշանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031