Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ ուշ գիշեր մեր տղաները եղել են ոստիկանությունում». Հարձակվել են «Ազգային առաջընթացի» անդամների վրա

Մարտ 24,2024 14:03

Օրերս Թումանյան փողոցում բախում էր տեղի ունեցել Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ու Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների միջեւ: Վերջինիս անդամների վրա հարձակվել էին, ավելի ուշ «Ազգային առաջընթացի» անդամներից Ռոբերտ Ծովյանն ու Հայկ Գրիգորյանը ձերբակալվել էին:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, ԵՊԲՀ հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Քրիստինա Վարդանյանը նշեց. «Դա անընդունելի, սարսափելի մի երեւույթ է, երբ ՀՈԱԿ-ի աշխատակիցները նման ձեւով փորձում են ավագանուն խոչընդոտել կատարել իր մանդատով վերապահված գործողությունները:

Ավագանու մեր խմբակցության անդամներն ընդամենը հարց էին բարձրացրել, թե ինչու են կտրում ծառերը: Տեսանյութում տեսաք, թե ինչ տգեղ եւ պետական ծառայողներին ոչ հարիր արտահայտություններով արձագանքեցին մեզ, ու հետո արդեն սադրելով տասնյակ  մարդկանցով հարձակվեցին Ռոբերտ Ծովյանի վրա, ապա դա դարձավ լեզվակռիվ, հայհոյախառն ինչ-որ բաներ, որն անընդունելի է: Ամեն դեպքում պետք է հասկանալ, որ կա ավագանու ինստիտուտ, քաղաքապետարանի ցանկացած գործառույթ ենթակա է ավագանու կողմից վերահսկողության»:

Տիկին Վարդանյանի խոսքով. «Եթե ողջ միջազգային գիտական հանրությունը որոշակի չափանիշներ է պահանջում փողոցներում իրականացվող կանաչապատման գործընթացների հետ կապված, Երեւանը չի կարող բացառություն լինել եւ ասել, թե մենք ունենք մեր սեփական գիտնականները: Ես օրերս ստացել եմ Բուսաբանության ինստիտուտի պաշտոնական պատասխանը: Ինստիտուտը, որը պատասխանատվություն է կրում գիտականորեն հիմնավորված որոշումների համար քաղաքային կանաչապատման մեջ (դա ցանկացած երկում է արվում, որովհետեւ բոլոր հետազոտություններն իրականացվում են բուսաբանության ինստիտուտում, որից հետո  խորհրդատվություն է ուղարկվում քաղաքապետարան, թե որ ծառատեսակն է ընդունելի, ինչ ձեւով պետք է իրականացվի), որեւէ նամակ չի ստացել, խորհրդատվության համար չեն դիմել:

Կանաչապատման հիմնական գործառույթը բնակչության առողջությունը պաշտպանելն է: Իրենք պարտավոր էին դիմել  Բուսաբանության ինստիտուտին, այլ ոչ թե անկախ գիտականներին, որոնք աշխատում են ինստիտուտի կազմում եւ այն գիտնականներին, որոնք տարիներ շարունակ համոզում էին` որպես քաղաքապետին կից բնապահպանության խորհրդի անդամներ, որ խորը էտը լավագույն տարբերակն է: Հիմա էլ այդ նույն մարդիկ ասում են, որ խորը եւ սխալ էտի հետեւանքով թեղիները փողոցներում պետք է ամբողջությամբ հատվեն»:

Ավագանու անդամի ձեւակերպմամբ. «Կատարվածը ոտնձգություն է Երևանի բնակչության կյանքի  անվտանգությանը՝ անապատային քաղաքի պայմաններում, որտեղ ասֆալտը տաքանում է մինչեւ 71 աստիճան, հետեւաբար իրավունք չունենք տասնյակ տարիներով ջերմային սթրեսի ենթարկել բնակիչներին, ինչը նշանակում է արյան մակարդելիության բարձրացում, ինսուլտ, ինֆարկտ, իսկ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետեւանքով՝ քաղցկեղի տարածվածության ավելացում: Նախ` ժամանակ է պետք, որ այդ ծառերը ամրանան ու մեծանան, մինչդեռ ես չեմ պատկերացնում, թե կիզիչ արեւի պայմաններում այդ տնկիները ոնց են աշխատելու»:

Քրիստինա Վարդանյանն ընդգծում է. «Ընտրվածները ուղղակի դեկորատիվ ծառատեսակներ են, որոնք օժտված են զուտ գեղագիտական գործառույթով, դրանք ցածր յարուսի ծառեր են՝ ի տարբերություն հատված թեղիների: Փաստորեն, մենք արեցինք ամեն ինչ՝ ինչը հակասում է քաղաքային կանաչապատման հիգիենիկ սկզբունքներին. տնկեցինք սխալ ծառ, որը էկոծառայություն չի մատուցում, իսկ քաղաքական առումով, այն ձեւը, որ տեսանք փողոցներում՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ի կողմից ավագանու նկատմամբ, ուղղակի անընդունելի է, ինչին պետք է գնահատական տրվի:

Ի դեպ, երեկ մինչեւ ուշ գիշեր մեր տղաները եղել են ոստիկանությունում: Բավարար չի, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ը այդ պահվածքն է դրսեւորել, դեռ մի բան էլ դիմել է ոստիկանություն՝ իբր իրենց  նեղացրել են»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031