Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ՝ որ երկրի գործակալները կան Անվտանգության խորհրդում, որոնք չեն վստահում, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդամ լինի»․ Միքայել Սրբազան

Մարտ 23,2024 23:51

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ազգային ուժերի հավաք է տեղի ունեցել Գյումրիում։ Նրանք քննարկումն անցկացնում էին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում՝ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ և օրհնությամբ։

Միքայել Սրբազանը, լսելով բոլոր ուժերի ազգափրկիչ ծրագրերը, ելույթ ունեցավ՝ ներկայացելով իր դիտարկումները։

Նա նկատեց, որ ծրագրերից մեկում ներառված չէ եկեղեցին, մինչդեռ լուծման բանալին այն կառույցում է, որին մեծամասամբ անտեսում են։

«Եվ այդ անտեսումը ձեզանից չի գալիս, դա նստել է հայ ժողովրդի մեջ 1920 թվականից։ Անտեսել այն կառույցը, որը լավագույնս կատարել է բոլոր մոբիլիզացիոն  գործունեությունը պետականության բացակայության պայմաններում։

Եվ եթե մի կառույց, որը կարողացել է պետության բացակայության պայմաններում մոբիլիզացրած պահել ժողովուրդը, մի՞թե չպիտի կարողանա մոբիլիզացրած պահել պետականության պայմաններում։

Դա դեռ 1918 թվականից է սկսվել այդ մտածելակերպը, Դաշնակցությունն է սկսել այդ բանը․ ֆրանսիական մոդելի պետության ստեղծումը՝ հակակղերական, հակաեկեղեցական։ Եվ 1920 թվականը դա խորացրեց, արմատացրեց, բնաջնջեց եկեղեցին։

Եվ երբ որ 1990-91 թվականին պետականության վերականգնումը եղավ, այն ժամանակ բավական չափահաս էի, երեխա չէի՝ 27-28 տարեկան էի և իմ իդեալականն այլ էր, քան այն, ինչ-որ ստեղծվեց։

Ես օրինակ՝ շատ զարմացա և շատ զայրացա, բայց երիտասարդ էի, ձայնս լսող չկար, երբ որ որոշվեց պետություն ստեղծել՝ առանց եկեղեցու։

Պետականություն ստեղծել՝ առանց եկեղեցու։ Եկեղեցին կա, թող իր համար լինի, դա ֆրանսիական մոդելն էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի։

Եկեղեցին գործ չունի, թող չխառնվի, դպրոցի հետ գործ չունի, պետության հետ գործ չունի։ Եվ սա շատերի մոտ նստեց իբրև դոգմա՝ անխուսափելի դոգմա, անբեկանելի դոգմա, այսինքն` քննարկման ոչ ենթակա դոգմա։

Եկեղեցին չպիտի խառնվի քաղաքականությանը, վե՛րջ, ինչո՞ւ, ինչո՞ւ չպիտի խառնվի, այդքան իրավունք չունի, հա՞։ Ուրեմն հազար տարի պահել է այս ժողովրդին իր հայրենիքում՝ Հայքում, պետականության բացակայության պայմաններում  պահել-պահպանել է, և հիմա, երբ որ 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա  ձեր սխալների պատճառով ստեղծել եք  երկիր և  հիմա չպիտի խառնվի՞։

Սա մեծագույն հիմարությունն էր, որ թույլ տվեց հայ ժողովուրդը 1990-1991 թվականին։ Եվ ես խորտակման պատճառը դրա մեջ եմ տեսնում, երբ որ եկեղեցին դուրս մղեցին բոլոր տեսակի գործընթացներից»։

Ըստ Սրբազանի, հենց եկեղեցին մի քաղաքական իշխանության ասում է՝ աչքիդ վերևը հոնք կա, ասում են՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում։

«Որ մեզ չեն թողնում պետականության մեջ մասնակցության, քաղաքականության մշակման, անվտանգային հարցերում, բայց խոսում են ցանցային կառույցից՝ Հայաստան-Սփյուռքից, դուք եկեղեցուց բացի ուրիշ այլ ցանցային կառույց ունե՞ք համաշխարհային։

Կարող եք ասել Դաշնակցությունը, Դաշնակցությունը Թուրքիայում չկա և շատ ուրիշ երկրներում չկա։ Եվ չկար նաև սովետական տարիներին։ Եվ այս ցանցային կառույցին ասել՝ դու դուրսը մնա, դու գործ չունես, մի խառնվիր, սա որքանով է տրամաբանական եղել 30 տարի շարունակ։

Տեսեք Անվտանգության խորհուրդ կա, Անվտանգության խորհրդում Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդամ չէ, սա նորմա՞լ է։

Ես չգիտեմ՝ այդտեղ ովքեր կան, որ երկրի գործակալները կան, որոնք չեն վստահում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ ինքը լինի Անվտանգության խորհրդում, այսինքն՝ ուրիշ կերպ ինչպես բացատրես իր բացակայությունը»։

Սրբազանը հարցրեց՝ եթե քաղաքական կուսակցությունները, նրանց առաջնորդներն ավելի խելացի են եղել, ինչո՞ւ հիմա նրանք չկան, իսկ եկեղեցին կա։ Նա նաև նշեց, որ քաղաքական կուսակցությունները Սփյուռքում  պատանդ են պահում եկեղեցուն, որպեսզի այն չկարողանա ղեկավարել Սփյուռքի հայությանը։

Միքայել Սրբազանը համոզմունք հայտնեց, որ ազգային ուժերի առաջարկած ծրագրերը հնարավոր չէ իրականացնել առանց եկեղեցու լիարժեք մասնակցության։

Նա ասաց՝ բոլոր փորձերը ցույց են տվել, որ հայ ժողովուրդն ի վիճակի չէ իր հարցերը լուծել՝ առանց Արարչի հետ գործակցության։

«Մատենագիրներին որ կարդում ես, ասում են՝ այս բոլոր փորձությունները եկան քեզ վրա մեր սխալների և անաստվածության պատճառով։ Նիկոլն ասում է չէ՞, նայած ով կգրի պատմություն, պատմությունը բոլորը գրել են մերոնք, էհ, դու գրեիր, և էլի մենք ենք գրելու, և Նիկոլն այնտեղ դավաճան է լինելու։ Ուրիշ ձև չկա, էլի մենք ենք գրելու։

Գրելու ենք՝ ասելով, որ այս բոլոր փորձանքները եկան մեր գլխին մեր անաստվածության պատճառով։ Ասելու ենք դա, ինչպես միշտ ասելու ենք՝ ո՛չ ռուսն է  մեղավոր, ո՛չ թուրքն է, մեղավոր, մենք ենք մեղավոր։

Մեզ տրված է շանս, և երկու շանս էլ մենք ոչուփուչ ենք արել, և ոչ մեկը թող չնեղանա այս բանից՝ ո՛չ 18 թվականի անկախությունն ենք մենք նվաճել, ոչ 90 թվականինը։ Աստված տվել է, մեզ մնում էր վերցնել, զորանալ և զորացնել»։

Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ եթե կարող ես մակաբույծ լինել օտար երկրում՝ օրինակ` Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, սեփական երկրում դրա իրավունքը չունես, իսկ այս մասին ասողն ու խոսողը, խրատողը ով պիտի լինի, թե ոչ եկեղեցին։

«Մեր ամբողջ սխալները, թերացումները, ողբերգությունները ես վերագրում եմ մեր սխալ ընթացքին։ Մեր սխալ ընթացքի մի բաղադրիչն անշուշտ դա է, որ հայ եկեղեցին ռեալ, որոշիչ ներկայություն չի ունեցել մեր պետության կայացման մեջ, թույլ չի տրվել, որ ունենա»։

Նա նաև ասաց՝ երբ եկեղեցին ասում է՝  Արցախը հայկական է և հայկական պիտի մնա, պատասխանում են՝ դա եկեղեցու գործը չէ, բայց  Արցախը հանձնելուց հետո ասում են եկեղեցի՛, զբաղվի, որ Գանձասարը,  Ամարասն ու Շուշին չքանդեն։

«Այսինքն` ինքը հանձնում է, եկեղեցին պիտի պահպանությամբ զբաղվի, եկեղեցին հուշարձանների պահպանության  վարչություն չէ»։

Սրբազանն ասաց, որ հայ ժողովրդի փրկության ճանապարհը հայրենասիրությունն ու աստվածասիրությունն են, և այդ երկուսից որևէ մեկի մեջ թերացումը հղի է դառը հետևանքներով։

Ըստ նրա, Հայկը մշտապես հաղթելու է Բելին, իր համար Հայկը առասպելական անձնավորություն չէ,  այլ իրական անձնավորություն է, որը Բաբելոնից իր ողջ ազգուտակով եկել է այս երկիր, որը ցուրտ էր, անհրապույր էր համարվում հին ժամանակներում։ Նա եկել է, որպեսզի չպաշտի Բելին՝ որպես Աստծո։

Նա ասել է՝ ես մի Աստված գիտեմ ու աստվածասիրության ճանապարհով է ձեռք բերել այս հայրենիքը ու կտակել մեզ։

«Անթույլատրելի է, որ Հայկը պարտվի Բելին, և Հայկի ու Բելի պատերազմը շարունակվում է այսօր։ Եվ եթե մենք Հայկի սերունդն ենք, մենք պարտավոր ենք պատերազմելու Բելի դեմ առ այսօր, որովհետև Բելը միշտ պիտի գնա, նոր կերպարանքով պիտի գա, եթե մենք պատրաստ չենք Բելին դիմագրավելու, մեր հայրենիքը կփոքրանա, Աստված չանի՝ կկորցնենք»։

Մանրամասները՝  տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Սրբազան, շատ ճիշտ եք ասում՝ աշխարհասփյուռ հայության համախմբման գործում մեր Եկեղեցին միակ արդյունավետ կառույցը կարող է լինել: Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Անվտանգության խորհրդում ներառելուն, դա իհարկե լավ գաղափար է, բայց կարծում եմ, որ Վեհափառը սուր կոնֆլիկտներում դիվանագիտորեն նահանջելու բնավորություն ունի: Այդ առումով շատ ավելի հարմար թեկնածուներ կարող եք լինել Դուք և Բագրատ Սրբազանը, քանի որ բազմիցս համոզվել ենք, որ հանուն Հայրենյաց պայքարում Դուք երկուսդ էլ աննահանջ եք և հետևողական: Բացի դրանից՝ Ձեր երկուսիդ գաղափարախոսությունն էլ ընդգծված հայրենասիրական եզրեր են պարունակում և ավելի հասու են աշխարհիկ մարդկանց սրտերին ու հոգիներին: Երևի Աստծո կամոք Ձեր ժամանակն է եկել առաջնորդելու հուսահատված և շփոթված մեր ժողովրդին: Համախմբեք Ձեր շուրջը բոլոր լուսավոր ու նվիրյալ մարդկանց և վստահ ենք, որ մեր ազգին կհաջողվի նահանջի տանող ներկայիս կործանարար ընթացքը վերաշրջել դեպի կուռ պաշտպանություն, իսկ այնուհետև՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում և ամրապնդում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031