Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցքը»՝ վտանգավոր նախադեպ. ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ հաջորդը Բալթյան երկրներն ու Լեհաստանը կարող են առեւտրի առարկա դառնալ

Մարտ 23,2024 23:10

«Պաշտոնական Բաքուն՝ ի դեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւի, որը բանակցային գործընթացի առանցքային դեմքերից է, գերմանական Berliner Zeiyung-ին տված հարցազրույցում ուղիղ ասել է, որ Ադրբեջանն ակնկալում է դեպի Նախիջեւան բեռնափոխադրումներ՝ առանց սահմանային, մաքսային հսկողության եւ իրենք պատրաստ են դիտարկել տարանցման՝ կալինինգրադյանին նման մի մոդել: Ի դեպ, աչք է զարնում, որ նույն հարցազրույցում Հաջիեւը Բերձորի դեպքում օգտագործում է «Լաչինի ճանապարհ» բառը: Այսպիսով, դեպի Կալինինգրադ փոխադրումները, որպես միջազգայնորեն ընդունված գործելակերպ, արդեն մատնանշվում է Բաքվի կողմից»,- այսօր Դիվանագիտական նախաձեռնությունների կրթական հիմնադրամի կազմակերպած՝ «Սուվալկի եւ Զանգեզուր. հատվող միջանցքներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ, ներկայացնելով թեման, ասաց փաստաբան Ռուբեն Հարությունյանը: Քննարկվում էր՝ «Զանգեզուրի միջանցքի»՝ միջազգային հարաբերությունների եւ իրավունքի հնարավոր նախադեպ լինելը՝ «Սուվալկիի միջանցքի» համատեքստում: Նպատակն է՝ «Զանգեզուրի միջանցքի» կանխման դիվանագիտական ճանապարհների փնտրտուքը, այդ ուղղությամբ գաղափարների գեներացումը:

Ըստ բանախոսի, «Զանգեզուրի միջանցքի» այս կամ այն տեսքով իրականություն դառնալը, կարող է միջազգային իրավունքի տեսանկյունից նախադեպ դառնալ եւ «միջանցքային կրքեր» բորբոքել՝ դեպի Կալինինգրադի շրջան տանող, այսպես կոչված, «Սուվալկիի միջանցքի» պարագայում, հատկապես, որ երկու ճանապարհ/միջանցքների պարագայում էլ, իհարկե, անհամեմատ տարբեր չափերով, շահառու է ՌԴ-ն. «Եվ տրամաբանական է. ինչո՞ւ Ադրբեջանը կարող է ճնշման տակ ստանալ միջանցք՝ դեպի իր էքսկլավ Նախիջեւան, իսկ մնացած պետությունները չեն կարող միջանցքային տրամաբանությամբ լուծումներ պահանջել՝ ելնելով իրենց շահերից: Այստեղ նախադեպ կարող է դառնալ ոչ միայն պարզապես միջանցք ստանալը, այլ նաեւ հենց ճնշման տակ միջանցք ստանալը»:

«Սուվալկիի միջանցքը» լեհ-լիտվական սահմանին գտնվող տարածք է, որով Բալթյան երկրները ցամաքային ճանապարհով միանում են ԵՄ-ին և ՆԱՏՕ անդամ դաշնակիցներին: Այն միաժամանակ հանդիսանում է ամենակարճ ցամաքային ճանապարհը Ռուսաստանի հետ միացյալ պետության պայմանագրով կապված Բելառուսի ու ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող ռուսական էքսկլավ Կալինինգրադի շրջանի միջև: Դեպի Կալինինգրադի շրջան ճանապարհ/միջանցքի շուրջ ռուսները սկսել են մտածել դեռ 1990 թվականից, Լիտվայի կողմից անկախության հանրաքվե անցկացնելուց անմիջապես հետո։ «Սուվալկիի միջանցք» անվանումը առաջացել է 2015 թվականին։ Փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ «Սուվալկիի միջանցքը» փորձարկվում է Սյունիքում:
Բանախոսի տպավորությամբ, «Զանգեզուրի միջանցքը» բոլոր խաղացողներն են ուզում առնել իրենց վերահսկողության տակ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքագետների հայկական ասոցիացիայի վարչության նախագահ Միհրան Շահզադեյանի փոխանցմամբ, 2003 թվականին Ալմա-Աթայում Հայաստանը ստորագրել է հռչակագիր՝ համաձայնվելով ԱՊՀ երկրների միջեւ միջանցքներ լինելուն ու «այստեղ կրիմինալ չկա» եւ, եթե հայկական կողմը հավատարիմ մնա այդ հռչակագրի տարրերին, քաղաքագետը հնարավոր օգուտներ էլ է տեսնում մեր տնտեսության համար: Բայց, հարցն այն է, որ ՀՀ գործող իշխանությունն, ըստ նրա, աղավաղում է այդ փաստաթղթի տարրերը, սեփական մեկնություններով է դրանք փորձում կիրառել՝ առանց հստակ հաշվարկների եւ գնահատականների, միակողմանի զիջումներով: Ամենակարեւորը, Շահզադեյանի կարծիքով, այն է, որ հայկական կողմը պետք է հստակ ասի՝ արտատարածքային միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Արտատարածքային միջանցք, նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված չէ: Առավել եւս, միմյանց նկատմամբ այդպես թշնամաբար տրամադրված պետությունների միջեւ, ինչպես Ադրբեջանն ու Հայաստանն են, միջանցքի պայմանավորվածությունը բացառվում է: Բանախոսը մտավախություններ ունի, որ այն կարող է դառնալ նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ճանապարհ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Միհրան Շահզադեյանը նաեւ տեղեկացրեց, որ դեռ անցյալ դարի 70-ական թվականներից մինչեւ 1988 թվականը գործել է սահմանազատման-սահմանագծման հայ-ադրբեջանական հանձնաժողով, որը հսկայական աշխատանք է կատարել ու հօգուտ Հայաստանի բավական հաստատումներ կան. «Դա չի կարելի անտեսել»: Ի դեպ, այդ փաստաթղթերը ԳԱԱ մի խումբ գիտնականներ, ժամանակին փոխանցել են ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին (նա ամիսներ առաջ մահացավ-Ն. Գ.), ով ասել է, թե դրանք փոխանցել է ԱԺ համապատասխան հանձնաժողովին, քննարկել են, դրական են գնահատել: «Բայց ամեն ինչ դրանով էլ ավարտվեց»,- փաստում է քաղաքագետը՝ իր հետագա վերլուծություններում հանգելով այն համոզմանը, որ եթե հայկական կողմը Տիգրանաշենը հանձնի Ադրբեջանին, այդտեղ ռազմական բազա է տեղակայվելու՝ իր բոլոր հետեւանքներով:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանի գնահատմամբ էլ, առհասարակ, երբ երրորդ երկիրն է վերահսկողություն իրականացնում որեւէ ճանապարհի/միջանցքի վրա, դա արդեն հանգեցնում է անկայունության: Մեր պարագայում խոսք է գնում նաեւ երկրի տրոհման մասին՝ Հարավը-Հյուսիսից կտրելով:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

«Զանգեզուրի միջանցքի» իրականություն դառնալու եւ «Սուվալկիի միջանցքի» համար վտանգավոր նախադեպ դառնալու դեպքում քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանի ներկայացմամբ, ՆԱՏՕ-ի Հյուսիսը կտրվում է Հարավից, ինչը շատ վտանգների կբերի: Հետեւաբար, պետք է մտածել, թե ինչպե՞ս անել, որ այդ նախադեպը Հայաստանում չլինի:


Ռուբեն Հարությունյանի դիտարկմամբ էլ այսօր Լեհաստանն ու Բալթյան երկրները գտնվում են ՆԱՏՕ-ի ապահով հովանոցի ներքո, Ռուսաստանը՝ ուկրաինական պատերազմով պայմանավորված, չունի բավարար ներուժ, ճնշմամբ դեպի Կալինինգրադ միջանցք ստանալու համար, սակայն ռուսների երկարաժամկետ պլանավորման գործիքակազմում, իրականություն դառնալու դեպքում, որպես միջազգային իրավունքի աղբյուր (ի դեպ իրավացիորեն) իր առանցքային տեղը կունենա զանգեզուրյան նախադեպը. «Աչքի տակ ունենալով 2022թ․ իրադարձությունները և զանգեզուրյան նախադեպը, Ռուսաստանը դեպի Կալինինգրադի շրջան միջանցք/ճանապարհին շատ ավելի մեծ առաջնահերթություն կտա, քան նախկինում էր։ Վաղ, թե ուշ Ռուսաստան – Արևմուտք առճակատումը կհասնի հերթական միջանկյալ հանգրվանին և վստահաբար կարգավորման հարցերի շրջանակը ավելի լայն է լինելու, քան բուն ուկրաինական հակամարտությունը։ Հերթական անգամ մեծ խաղացողները պարզելու են իրենց հարաբերությունները փոքր պետությունների շահերի հաշվին։ Հնարավոր փոխզիջման ուղղություն, եթե ոչ այսօր, ապա վաղը կարող լինել հենց ճանապարհ/միջանցքը դեպի Կալինինգրադի շրջան։ Հետագայում, ուժերի հարաբերակցության փոփոխմամբ պայմանավորված, կփոփոխվեն պահանջները, կնեղանա կամ կլայնանա ճանապարհ/միջանցքը, կփոփոխվի կարգավիճակը»։
Այս պարագայում, ըստ նրա, Բալթյան երկրները եւ Լեհաստանը ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ կդառնան առեւտրի առարկա, ուստի, այժմ պետք է այդ երկրների հետ աշխատել՝ կանխելու համար վտանգավոր նախադեպը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Մանվելյանի կարծիքով՝ առերեւույթ տպավորություն կա, որ «Զանգեզուրի միջանցքին» ոչ ոք դեմ չէ եւ Ադրբեջանն էլ լավագույնս «վաճառում է» այդ գաղափարը, ուստի, բազմաթիվ քաղաքական հարցեր են առաջանում, որոնք լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն, քանի որ եթե մեր հանրության մեջ, որոշակի դոմինանտությամբ, կա ընկալում, որ այդ միջանցքի պարագայում Հայաստանը դառնում է թուրանական ծրագրի մաս, ապա Արեւմուտքում այդ ընկալումը չկա: Քաղաքագետը կարծում է, որ այստեղ նաեւ Արեւմուտք-Չինաստան շահերի հակադրություններ կարելի է գտնել ու վեր հանել:

Փոփոխվող համակարգերի աշխարհում, ըստ Միհրան Շահզադեյանի, ԱՄՆ-ը մի կոնցեպտի է գնում, որ, աշխարհի տարբեր հատվածներում ոչ թե անձամբ ներկայացված լինի, այլ իր ներկայացուցիչների միջոցով: Այս ծրագիրն այդ երկիրը կյանքի է կոչելու՝ անկախ նրանից թե ո՞վ կհաղթի առաջիկա ընտրություններում: Այստեղ, ըստ բանախոսի, խնդիրը զուտ մեթոդների եւ ժամկետների մեջ է, իսկ մեր տարածաշրջանում, ԱՄՆ ներկայացուցիչը Թուրքիան է: Քաղաքագետն առաջարկում է լուրջ քննարկման թեմա դարձնել հարցը, թե՝ ո՞վ է մաքսային հսկողություն իրականացնելու Սյունիքով տրվելիք հնարավոր ճանապարհի վրա, քանի որ, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, փաստաթղթի, ճանապարհը հսկող ԱԴԾ-ն չի կարող դա անել, չունի նման գործառույթ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031