Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյաներից՝ քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանից ու նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանից բացի կալանավորվել է նաև Արթիկի 1-ին փոխքհամայնքապետ Արտակ Հարությունյանը։
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ուժայինները նրան անակնկալի են բերել երեկ վաղ առավոտյան՝ ժամը 8․00-ի սահմաններում՝ նրանց տուն այցելելով ու ձերբակալելով։ Վերջինս պատրաստվել է աշխատանքի գնալ, երբ ուժայիններն այցելել են։
Նա շինանյութերի մեծ խանութ ունի Արթիկում և Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի հետ առնչվում է որպես խանութի սեփականատեր, այլ ոչ որպես փոխհամայնքապետ։
Դատարանը որոշել է նրան ևս երկու ամսով կալանավորել։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյաները ևս երկու ամսով կալանավորվել են՝ կաշառք ստանալու կասկածանքով։
Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել Գյումրու ավագանու նախկին անդամ, շինարարական ընկերության ղեկավար Արտակ Ադամյանը։
Կոնկրետ ինչ գործի շրջանակներում ենք նրանք մեղադրվում, հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող այս թեման դեռևս պաշտոնապես չի պարզաբանվել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ