Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատերազմի պատրաստ ենք, մեր պապական գյուղը, հողերը չենք կարա թողենք, թեկուզ կռվենք, զոհվենք էլ՝ պատրաստ ենք դրան». Կիրանցի բնակիչ

Մարտ 23,2024 20:55

«Մենք պատերազմի պատրաստ ենք, բայց մեր պապական գյուղը, մեր գերեզմանները, մեր հողերը չենք կարա թողենք: Թեկուզ կռվենք, զոհվենք էլ՝ մենք պատրաստ ենք դրան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչ Վարուժան Սիմոնյանը:

Ինչպես հայտնի է, վարչապետն օրեր առաջ այցելել է Ոսկեպար, մշակույթի տանը հանդիպել բնակիչների հետ ու ասել, որ եթե Ադրբեջանի ուզած 4 գյուղերը չտանք, պատերազմ կլինի: Իսկ թե որ 4 գյուղերի մասին է խոսքը, վարչապետը ներկայացրել էր նաեւ ԱԺ-ում: Փաշինյանն ասել էր, որ Ոսկեպարի դիմաց գտնվող Աշաղի Ասկիպարա գյուղը, Կիրանցի դիմաց գտնվող Խերեմլին, Բերքաբերի դիմաց գտնվող Կիզիլ Հաջիլին ու Բաղանիս Այրումը միշտ էլ ադրբեջանական են եղել՝ երեկ էլ, 20 տարի առաջ էլ:

Վարուժան Սիմոնյանն ասաց. «Խերեմլին հենց գյուղին կպած է: Եթե դա տալիս են… հենց էս պավառոտի տակից կպած արդեն թուրքի գյուղն է, եթե նրանք արդեն եկան ու ապրեցին ստեղ, օր ու բարին չեն տալու մեր ժողովրդին, չէ՞ որ Տավուշի մարզի գյուղերի տղերքի շնորհիվ է, որ դրանք կան, իրենք կռվել են, գյուղերը հանել են նրանք: Բա նրանք որ գան, մեր ժողովրդին հանգիստ կտա՞ն: Ու ոչ մենակ մեր սահմանի, ամբողջ Հայաստանի Հանրապետության համար է մեր ժողովուրդը մտածում: Կիրանցից կարող ա հարձակում անի, է՜ անտառներով մինչեւ էն սարերը գնան, մտնի Կիրովականը վերցնի: Հնարավոր չի՞: Մենք կարա՞նք գարանտիա ստանանք, ամբողջ Ղարաբաղը չվերցրի՞ն: Մի ամբողջ Արեւմտյան Հայաստանը վերցրել են, Ղարաբաղը վերցրել են, ստեղ էլ կվերցնեն, հետո էլ կասի՝ Սյունիքի մարզն էլ ա մերը, Սեւանա լիճն էլ ա մերը, լրիվ իրանցն ա: Դե էդքան ո՞վ կարա երաշխիք տա, որ գան ստեղ Խերեմլիում ապրեն ու Կիրանցի ժողովրդին հանգիստ կտան: Ոչ մեկը: Վտանգը առաջին հերթին մեզ համար ա, քան թե այնտեղ: Հիմա Կիրանցի զորքը չլինի, առաջ չպիտի՞ գնան, Ծաղկավան մտնին, Ծաղկավանից հետո Իջեւան, Դիլիջան, մինչեւ Երեւան գնալու են: Բայց առաջինը սահմանի վրա մենք ենք: Ժողովուրդը պատրաստ են, մինչեւ վերջ մնալու ենք՝ փոքրերով բռնած: 92 թվերին  էլ էս գյուղը հերոս գյուղ ա եղել, հեն ա, տես քանի հուշարձան կա, պատահական չեն: Էս հայրենիքի, էս  հանրապետության համա՞ր չեն պայքարել, նույն ձեւ էլ հիմա»:

Վարչապետն առաջարկել է, որ 4 գյուղերը տանք, որ պատերազմ չլինի: Կիրանցի բնակիչները համոզված են, որ իրավիճակն ավելի է վատթարանալու տալու դեպքում. «Եթե հողերը տվինք, մեզ համար շատ ծանր է լինելու, հետագայում այստեղ ապրելը, մեր թոռների, երիտասարդների համար սպասելիքներ չեն լինի, դա խաղաղություն չի ու երաշխիք չի, դա ամբողջ հայ ժողովուրդը գիտի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031