Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մեջքի լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանի սպորտային կարիերան վտանգված է

Մարտ 23,2024 18:11

Այս տարվա փետրվարին սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը MMA մարզաձևում 6-րդ անընդմեջ հաղթանակից հետո հայտարարել էր, որ մարտ ամսվա կեսերին Մոսկվայում ողնաշարի լուրջ վիրահատության կենթարկվի։

Տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ Կամոն մեջքի լուրջ վնասվածք էր ստացել։ Հինգ տարվա ընթացքում արդեն 4 անգամ նա ենթարկվել է ողնաշարի վիրահատության, տարբեր երկրներում բուժումներից հետո, սակայն, ոչ մի դրական փոփոխություն չի ունեցել։ Այս անգամ բժիշկները Ունանյանին զգուշացրել են, որ հնարավոր է այս վիրահատությամբ վերջ դրվի իր սպորտային կարիերային։ Պարզվում է, Ունանյանը սպորտային կարիերան վտանգի տակ չդնելու համար, որոշում է կայացրել՝ որոշ ժամանակով հետաձգել վիրահատությունը։

«Քանի որ ունեմ ողնաշարի լուրջ խնդիր, դրա համար ամիսներ առաջ ՌԴ Մոսկվա քաղաքում բավականին լուրջ հետազոտություններ անցա։ Հետազոտող բժիշկները եկան այն եզրակացության, որ անպայման պետք է կրկին վիրահատության ենթարկվեմ։ Արդեն երկու շաբաթ է՝ Մոսկվայում կրկին լուրջ հետազոտություններ անցա, հոսպիտալացվեցի և բավականին լուրջ բուժումների կուրս անցա, որպեսզի կրկին վիրահատության ենթարկվեմ։ Սակայն բժիշկ Ցուկաևը վիրահատությունից առաջ ինձ տեղեկացրեց, որ մեծ ռիսկի ենք գնում, քանի որ հնարավոր է վիրահատությունից հետո այլևս չկարողանամ շարունակել իմ սպորտային կարիերան»,- մեզ հետ զրույցում ասաց Կամո Ունանյանը։

Սպորտային կարիերա- առողջություն բարդ ընտրության առաջ կանգնելուց հետո Ունանյանը ընտրել է կարիերան և անորոշ ժամանակով հետաձգել վիրահատությունը․ «Որոշում կայացրեցի հետաձգել, քանի որ իմ սպորտային կարիերայում դեռ անելիքներ ունեմ»,- պնդեց Ունանյանը։

Որքան էլ բժիշկներն Ունանյանին զգուշացրել են, որ վիրահատությունն անխուսափելի է, նա պատրաստվում է ողնաշարի շրջանում ցավերը մեղմացնել վարժությունների միջոցով․ «Կյանքում ինչ-որ բանի հասնելու համար յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի դժվարությունների, նույնիսկ՝ դիմակայել ցավերին։ Իսկ ես պատրաստվում եմ տարբեր վարժությունների, բուժումների միջոցով հնարավորինս մեղմացնել ցավերը։ Թեպետ խորհրդակցությունից հետո բժիշկները ասացին, որ վիրահատությունը անխուսափելի է»։

Այնուամենայնիվ, Ունանյանը մտադիր է մեկ ամիս բուժումների փուլ անցնելուց հետո առաջիկայում կրկին մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերի ինչպես MMA մարզաձևում, այնպես էլ սպորտային կարատեի տարբեր վարկածներով՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԱՏԵԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031