Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլը չի դիմադրում Ալիևին, ուստի մենք պիտի դիմադրենք Նիկոլին․ Արմեն Աշոտյան

Մարտ 23,2024 17:37

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։

Նարեկ Նիկողոսյան․ «Դավաճանը գնացել է Տավուշ և խոսում է նրանից, որ իրենց տները պետք է հանձնի թուրքին, ի՞նչ է լինելու, Աշոտյան ջան»։

Արմեն Աշոտյան․ Շատ հաճախ և արդարացիորեն նշվում է, որ Նիկոլը չի դիմադրում Ալիևին և հերթով կատարում է նրա բոլոր պահանջները։ Աքսիոմ է, քանի կա Նիկոլը, այս գործընթացը երբեք կանգ չի առնելու։

Սակայն նույնքան ճշմարիտ է նաև այն դառը իրականությունը, որ կատարվեց  հենց հայ ժողովրդի հետ. եթե Նիկոլը հլու հնազանդ կատարում է Ալիևի վերջնագրերը, ապա հայ ժողովուրդն էլ, մի քիչ փնթփնթալով, կատարում կամ հնազանդվում է Նիկոլի ծրագրերին։

Պարզ է, Փաշինյանը Ադրբեջանի նախագահին դիմադրել չի ուզում և չի կարող։ Իսկ մե՞նք։ Արդյո՞ք որպես ժողովուրդ մենք նույնպես չունենք դիմադրության ցանկություն և ներուժ։ Որովհետև ստեղծված իրավիճակում Տավուշի 4 գյուղերը հերթական զոհը կդառնան, որոնց եթե սկզբունքային իրավիճակով չփոխենք, անխուսափելիորեն կհետևեն նոր կորուստներ։ Ասածս շատ հստակ է. Նիկոլը չի դիմադրում Ալիևին, ուստի մենք պիտի դիմադրենք Նիկոլին։

Արմինե Սահակյան․ «Պարոն Աշոտյան, Վլադիմիր Պուտինի վերընտրվելը աշխարհաքաղաքական ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի»։

Արմեն Աշոտյան․  2024-ը էլեկտորալ իմաստով կարևոր տարի է, որովհետև այս կամ այն տիպի ընտրություններն են նախատեսված ոչ միայն Ռուսաստանում, այլև գեոպոլիտիկ առումով ազդեցիկ այլ կենտրոններում՝ ԱՄՆ-ում և ԵՄ-ում։ Ռուսաստանի նախագահի նման վերընտրությունը վկայում է ռուսաստանյան ներուժի կոնսոլիդացման մասին։ Եթե ուզում եք, կարող եք ասել, որ Վլադիմիր Պուտինը ստացավ իրական «պողպատե մանդատ»։

Սա կարևոր հանգամանք է, որովհետև ներկայիս աշխարհաքաղաքական բախման արդյունքը որոշվելու է նաև մարտնչող հասարակությունների դիմացկունությամբ, ճկունությամբ (անգլերեն Resilience)։

Դեռևս 19-րդ դարում գերմանացի կանցլեր Բիսմարկը կարծում էր, որ «Ռուսաստանը վտանգավոր է իր կարիքների չնչինությամբ» («Россия опасна мизерностью своих потребностей»)։

Հարկ է նաև շեշտել, որ ռուսական քաղաքականության մեջ մեծ դեր ունեն նաև անձնական հարաբերությունները, ինչը, հաշվի առնելով Փաշինյանի ծրագրային հակառուսականությունը, էլ ավելի է սրելու իրավիճակը Հայաստանի շուրջ։ Հիշեցնեմ, որ Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը աշխարհաքաղաքական ծավալվող պատերազմում ճամբար է փոխում։ Մնացած պետությունները կա՛մ վերահաստատել են իրենց լոյալությունը, կա՛մ առավել հավասարակշռված քաղաքականություն են վարում։

Սամվել Մարգարյան․ «Պուտինի ընտրվելուց մեկ օր անց Նիկոլը շնորհավորեց նրան ջերմագին, չե՞ք կարծում, որ Նիկոլին հենց ռուսներն են պահում իր պաշտոնում»։

Արմեն Աշոտյան․ Ռուսաստանի վերաբերմունքը Փաշինյանին կարելի է բաժանել 3 էտապի։ 2018-ի իշխանափոխության մեջ, անկասկած, կար հյուսիսային հետք մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը շահագրգիռ էր շարունակել աշխատել Փաշինյանի հետ՝ որպես եռակողմ հայտարարություն և այլ պայմանավորվածությունների կատարման երաշխավոր։ Նոր էտապ սկսվեց, երբ Նիկոլը տեղափոխվեց արևմտյան հարթակներ, հակառուսական քայլերի դիմեց՝ հզոր արդարացումեր տալով Ռուսաստանին թուրք-ադրբեջանական զույգի հետ խորացող գործընկերության համար։ Անգլալեզու քաղաքական գրականության մեջ այս երևույթը հայտնի է որպես «useful idiot»։

Ռուսաստանի վերաբերմունքը Փաշինյանին կշարունակի այդպիսին լինել, եթե իր գեոպոլիտիկ ավանտյուրիզմի մեջ Նիկոլը չնպաստի ուղղակի անվտանգային սպառնալիքների Մոսկվային։ Վերջիվերջո, եթե Փաշինյանը Արևմուտքի թմբկահարվող ճանապարհին մեզ տանում է իրականում Թուրքիա, ապա պաշտոնական Մոսկվան նույնպես կարող է Անկարայի հետ Հայաստանի շուրջ համաձայնության գալ, երբ համոզվի, որ հայ ժողովուրդը մարսում է այդ խայտառակությունը։

Ի դեպ, Փաշինյանի` Պուտինին շնորհավորանքի պատմությունը նրա փնթի խաղերի տիպիկ օրինակն է։ Տեսեք, նա չշնորհավորեց ՌԴ նախագահին նույն օրը, որպեսզի հաճոյանա Արևմուտքին, և Մոսկվան սա արձանագրել էր։ Հաջորդ օրվա շնորհավորանքը Մոսկվայի համար արդեն ուշացած էր, իսկ Արևմուտքի համար՝ տհաճ։ Այսինքն իր «գեղական շուստրիության» մեջ Փաշինյանը նստվածք թողեց և Մոսկվայում, և Արևմուտքում։

Աղաս Մանուկյան․ «Պարոն Աշոտյան, հասկանալի է, Դուք փակի տակ եք, բայց ընդդիմությունն ինչո՞ւ քայլեր չի ձեռնարկում, մեկնաբանեք խնդրում եմ»։

Արմեն Աշոտյան․ Նիկոլի վարկանիշն ամիս-ամիս պատմական հակառեկորդներ է գրանցում, և նրա հեռացման համար առկա են բոլոր օբյեկտիվ հիմքերը։ Պատկերավոր ասած՝ ժողովուրդը Նիկոլին չի ուզում, բայց չգիտի՝ ում ուզել։

Խորհրդարանական ընդդիմության առկա ռեսուրսը, գործիքակազմը, օրակարգը հասել են իրենց մաքսիմումին։ Ակնհայտ է, որ նոր «շարժիչի» կարիք կա, որ կավելացնի ընդդիմության հզորությունը և նոր թափ կհաղորդի պայքարին։ Պետք է նաև հիշել, որ այս կռիվը քաղաքական չէ, այլ քաղաքակրթական է, գոյաբանական է, ուստի քաղաքական պայքարի ավանդական մեթոդներից և մասնակիցներից զատ  կենսական հրամայական է ընդլայնել շրջանակը։

Ընդդիմությանն ընկալեք որպես գվարդիա, բայց գվարդիան միայնակ այստեղ և հիմա Հայաստանում իշխանափոխության խնդիրը լուծել չի կարող և կարիք ունի առավել լայն համազգային մոբիլիզացիայի։

Անի Վարդանյան․ «Հարցս կարող է տեղին չէ, բայց ամենուր կոռուպցիա է, այն մարդը, որը Ձեզ մեղադրում էր թալանի և կոռուպցիայի մեջ, տասնապատիկ ավելի անգամ թաթախված է դրա մեջ։ Ինչի՞ ժողովուրդը նրան չի քարկոծում և մատի փաթաթան չի սարքում»։

Արմեն Աշոտյան․ Եթե առաջ կոռուպցիոն չոփերը նպատակային և ագրեսիվ քարոզչությամբ գերան էին դարձնում, ապա հիմա կոռուպցիոն գերանները փորձում են սղցնել չոփի տեղ։ Իսկ իրական կոռուպցիան Փաշինյանի օրոք և իր թիմում ծաղկել է այն աստիճանի, որ աղաղակող փաստերը տեղ են գտնում ոչ միայն տեղական մամուլի հրապարակումներում, ոչ միայն բերնեբերան փոխանցվող կենցաղային զրույցներում, այլև միջազգային զեկույցներում։

Հայաստանյան ներկայիս կոռուպցիայի մասին խոսում են FREEDOM HOUSE -ը, THE ECONOMIST -ը, Heritage հիմնադրամը։ Իսկ հակակոռուպցիոն պայքարն արտահայտվում է կա՛մ ընդդիմադիրների վրա իջնող քաղաքական մտրակի տեսքով, կա՛մ սեփական բանդայի ականջները ձգելու դաստիարակչական ակցիաներով։

Կոռուպցիայի աղաղակող չափերի մասին է վկայում մեկ անձից իրականացվող պետական գնումների ծավալը, որը, ըստ որոշ գնահատականների, հասել է մոտ 8 մլրդ դոլարի։

Առանձին թեմա են քաղաքական կոռուպցիան, ծանոթ-բարեկամների համատարած նշանակումները պետական պաշտոններին, դատական համակարգի կախյալ և քաղաքականացված վիճակը։

Երկրում այնպիսի խորքային ճգնաժամ է, որ կարելի է ասել, ժողովրդի աչքերին ավելի շատ են երևում այլ խնդիրներ, ներառյալ՝ անվտանգությունը, քան փաշինյանական թայֆայի կողոպուտը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

22.03.24թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031