Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի ջերմաստիճանի աճի տեմպերը մեր երկրում գերազանցում են գլոբալ տաքացման միջին տեմպերը. Լևոն Ազիզյան

Մարտ 23,2024 17:19

Հայաստանում արդեն 20 տարի է՝ մարտի 23-ը պաշտոնապես նշվում է որպես Օդերևութաբանի օր։ Այն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու կլիմայի փոփոխության խնդիրներին, խոսելու օդերևութաբանության ոլորտում իրականացվող ծրագրերից ու ձեռքբերումներից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ 2018 թվականից սկսած, կառավարության կողմից ոլորտում բավական մեծ ծավալի կապիտալ ներդրումներ են կատարվում։

«2022 թվականին պետության կողմից նախատեսվեց 200 մլն դրամ, որ օդերևութաբանական կայանների դիտարկումներն ավտոմատացվեն։ Կայանները թարմացվում են։ 2024 թվականի համար հաստատվել է 300 մլն դրամի չափով կապիտալ ներդրումների ծրագիրը, որի շրջանակում օդի որակի մոնիթորինգի սարքավորումներ ձեռք կբերվեն։ Այդ ուղղությամբ ասեմ, որ հայտարարված է մրցույթ»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում են նաև մասնագետների վերապատրաստման գործընթացները։ Այդ ուղղությամբ ևս աշխատանքներ կատարվում են։
Անդրադառնալով կլիմայի փոփոխությանն ու դրա հետևանքներին՝ Լևոն Ազիզյանը նշեց, որ կլիմայի փոփոխությունը իրական և անհերքելի սպառնալիք է մարդկության համար։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալների 174 տարվա վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին 9 տարիները՝ 2015-2023 թթ, եղել են Երկիր մոլորակի ամենատաք տարիները։ ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների վարչության կանխատեսումների 45 տոկոս հավանականությամբ 2024 թվականը լինելու է ամենատաք տարին, իսկ 99 տոկոս հավանականությամբ լինելու է ամենատաք տարիների հնգյակում։

«Ինչ վերաբերում է կլիմայական փոփոխություններին Հայաստանում, ապա նշեմ, որ օդի ջերմաստիճանի աճի տեմպերը մեր երկրում գերազանցում են գլոբալ տաքացման միջին տեմպերը։ Եթե 1935-2023 թվականների ընթացքում Հայաստանում օդի ջերմաստիճանը բարձրացել է 1,6-ով, ապա աշխարհում բարձրացել է 1 աստիճանով։ Հայաստանում օդի ջերմաստիճանի աճի միտումներն ինտենսիվացել են ՝ սկսած 2000-ական թվականներից։ Յուրաքանչյուր 10 տարում օդի միջին ջերմաստիճանը բարձրանում է 0,6 աստիճանով»,-ասաց Լևոն Ազիզյանը։

Պատահական չէ, որ 2023-2024թթ․ ձմեռը ՀՀ-ում եղել է երկրորդ ամենատաք ձմեռը։ Ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է ջերմային ալիքների, ջրհեղեղների, երաշտների և անտառային հրդեհների թվի աճով։
Եղանակին, կլիմային և ջրին վերաբերող տեղեկատվության տրամադրումը անհրաժեշտ է սոցիալ–տնտեսական գործունեության բոլոր ոլորտների համար` գյուղատնտեսություն, առողջապահություն, տրանսպորտ, էներգետիկա, շինարարություն:

Եղանակակլիմայական երևույթների ճշգրիտ կանխատեսումները և վտանգավոր երևույթների վերաբերյալ վաղ ազդարարումը նվազեցնում է կլիմայի փոփոխության բացասական հետևանքները։

ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031