Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր արդեն ապօրինի թմրաշրջանառության գրեթե ողջ շղթան իրականացվում է համացանցի միջոցով․ անդրադարձ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին

Մարտ 23,2024 14:29

Փետրվարի 12-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովում ընդգրկված են Առողջապահության, Արդարադատության, Պաշտպանության նախարարությունների, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Քննչական և Պետական եկամուտների կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Սա առաջին նիստն էր, որի վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հանձնաժողովի նիստեր հրավիրել ամեն ամիս: Սա առնվազն նշանակում է, որ խնդիրը կարևոր է, և այս ուղղությամբ շատ անելիք կա: Իսկ խնդիրը ոչ թե կարևոր է, այլ՝ կենսական:
Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները ներառված են քրեական օրենսգրքի 13-րդ բաժնում, որ վերնագրված է` Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները:

Թմրամոլությունը հիվանդություն է, հատկապես այն առումով, որ առաջացնում է կախվածության համախտանիշ: Մասնագետները, իհարկե` փոխաբերական իմաստով, թմրամոլությունը համարում են նաև վարակիչ հիվանդություն, որը սպառնում է պատանիներին ու երիտասարդներին: Որոշ շրջանակներում այն դիտվում է որպես ինքնահաստատման միջոց: Եվ եթե այդպես է, ուրեմն թմրամոլության դեմ պայքարը պետք է ուղղված լինի նախևառաջ նրանց` պատանիներին ու երիտասարդներին: Նրանց պետք է բացատրել, ցույց տալ, համոզել, որ հեռու մնան կործանում տանող այդ ճանապարհից, չկատարեն անգամ առաջին քայլը: Նախ պետք է բացատրել, որ չկան ծանր ու թեթև թմրանյութեր: Գաղտնիք չէ, որ շատերի համար, օրինակ, մարիխուանան, առանձնապես թմրանյութ էլ չէ:
Միջպետական հանձնաժողովի նիստին Առողջապահության նախարարությունից մասնակցում էր թմրաբանության գծով խորհրդատու, կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: «Թեթև և ծանր թմրամիջոց ասվածը պայմանական բաժանում է: Միջազգային այդպիսի դասակարգում չկա, բոլոր թմրամիջոցներն էլ թմրամիջոց են: Մեկը կախվածության համախտանիշ առաջացնում է ավելի ուշ, մյուսը` ավելի շուտ, բայց դրանից վնասները չեն փոխվում: Իզուր չէ, որ բոլորն էլ կոչվում են թմրամիջոց և բոլորն էլ արգելված են մինչև անգամ ՄԱԿ-ի կողմից»:
Թմրամոլությունը հիվանդություն է, և առողջապահական խնդիրներից դեռ կխոսենք: Իսկ թմրամիջոցների անօրինական շրջանառությունը հանցագործություն է, հատկապես բարոյականության տեսանկյունից` ծանր հանցագործություն ու մեղք, քանի որ խոսքը բնակչության առողջության մասին է, պատանիների ու երիտասարդների, այսինքն` վաղվա սերնդի առողջության:

Այժմ անդրադառնանք իրավապահների աշխատանքին:

Թմրամիջոցների անօրինական շրջանառությունն ամենաշահավետ բիզնեսներից է, իհարկե` հանցավոր տարրերի համար: Առանց մտածելու, որ կործանում են մարդու կյանքը, նրանք փնտրում, անգամ պրոպագանդում և իրենց ցանցն են գցում պոտենցիալ թմրամոլների և նրանց հաշվին կուտակում միլիոններ: Խոսքն, իսկապես, միլիոնների մասին է, ու՝ ոչ դրամային արժեքով: Նախօրոք ծրագրվող հանցագործությունների պես` այս դեպքում էլ պատժի չափն ու ձևը կարևոր չէ. թմրավաճառներն անում են ամեն ինչ, որ ընդհանրապես չբռնվեն: Եվ այդ հարցում նրանց օգնության է եկել համացանցը:

Այսօր արդեն ապօրինի թմրաշրջանառության գրեթե ողջ շղթան իրականացվում է համացանցի միջոցով: Ամբողջովին ի չարս է օգտագործվում ամենաբարի նպատակներով ստեղծված «Տելեգրամ» հավելվածը: Եվ վերջին տարիներին որոշակի բարդություններ առաջացան անօրինական թմրաշրջանառությունը բացահայտելու հարցում: Սակայն այսօր իրավիճակն էականորեն փոխվել է, և նման հանցագործություններ բացահայտվում են ամեն օր: Ի դեպ, ապօրինի թմրաշրջանառության վերջին շղթային առավել հաճախ ներգրավվում են երիտասարդները, նույնիսկ պատանիները: Շատերը չեն էլ գիտակցում, որ թմրանյութով փաթեթը թաքստոցում տեղադրելը նույնպես ապօրինի թմրաշրջանառություն է, ինչի համար նախատեսված է երկարատև պատիժ: Նրանք այդպես էլ չեն իմանում, թե ով է կանգնած գործի գլխին: Իսկ գլխավոր խաղացողները, կազմակերպիչներն ու հանցախմբի պարագլուխները կիրառում են պաշտպանական ավելի կատարյալ միջոցներ:

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց՝ նորագույն տեխնոլոգիաներն արագորեն ներթափանցում են մարդկանց կենցաղ և դառնում թիրախ ու գործիք` հանցավորների մտադրություններն իրագործելու համար։ Առավել ուշադրության են արժանի ֆինանսական միջոցների անանուն փոխանցման համակարգերը՝ կրիպտոարժույթները, որոնք գործում են ապակենտրոնացված Բլոկչեյն տեխնոլոգիայով։ Այս տեխնոլոգիայով են կատարվում շատ ապօրինություններ` շորթում, ապրանքների ու ծառայությունների ապօրինի շրջանառություն: Բանն այն է, որ Բլոկչեյն տեխնոլոգիաները չեն ղեկավարվում որևէ անհատի կամ կազմակերպության կողմից, ինչն էլ թույլ է տալիս օգտատերերին` մնալ անանուն:

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, հանցագործությունների վիճակագրությունը փաստում է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունն էլ այսօր առավելապես կազմակերպվում է հենց համացանցի միջոցով՝ օգտագործելով կրիպտոարժույթների հնարավորությունները։

Ֆինանսական փոխանցումներից զատ, հանցագործները իրենց հանցավոր մտադրությունն իրացնելու նպատակով օգտագործում են հեռահաղորդակցության, նաև ինքնությունը քողարկող լրացուցիչ համակարգեր՝ այդ կերպ նվազեցնելով իրենց գործունեության բացահայտման հավանականությունը։
Իրավապահ մարմինները, այդ թվում` ոստիկանությունը նունյպես այս ընթացքում զարգացրել է իր կարողությունները` նման հանցագործությունների բացահայտման հարցում: Օրինակ, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում գործում և արդեն լուրջ արդյունքներ է գրանցում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը, որի ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ անցած տարիներին բացահայտվել են մի շարք, այդ թվում` հանրային մեծ հնչողություն ստացած հանցագործություններ:

Անցած տարի բացահայտված գործերից հիշենք հասարակական մեծ հնչողություն ստացած դեպքը, որի ընթացքում իրականացված միաժամանակյա 94 խուզարկության արդյունքում հայտնաբերվեցին ընդհատակյա լաբորատորիաներ: Այս գործով քննությունը դեռ շարունակվում է, և նախաքննական որոշ արդյունքներ էլ դեռ կներկայացնի Քննչական կոմիտեի ներկայացուցիչը. «94 միաժամանակյա խուզարկություններից հետո 24 անձ ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում կատարելու կասկածանքով, որոնց մեծամասնությունը հետագայում կալանավորվել է: Բացի այդ, դարձյալ կատարվել են խուզարկություններ, ներգրավվել են նոր մեղադրյալներ, որոնք ևս կալանավորվել են: Հատկանշական է, որ բացահայտված տելեգրամյան ալիքներից մի քանիսը իրենց գործունեությունը ծավալել են նաև «Կանաչու շուկա» կոչվող հարթակում, որն իրենից ներկայացնում է մոտ 50 ալիքներից կազմված հարթակ` թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով: Այս գործով էլ ներկայումս քննություն է կատարվում: Վարույթի շրջանակներում 2023 թ. նոյեմբերին խմբի 10 անդամի վերաբերյալ վարույթն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, իսկ հանցավոր կազմակերպություն ստեղծած անձի նկատմամբ, որը 2013 թվականից գտնվում էր Բելգիայի թագավորությունում, հայտարարվել է հետախուզում: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի թմրաշրջանառություն և մոտ 1,5 միլիարդ դրամի փողերի լվացում կատարելու համար»:
Այս դեպքին դեռ կանդրադառնանք, միայն հավելենք, որ Բելգիայի իրավապահներից կողմից հիշյալ քաղաքացին 2023 թվականի դեկտեմբերի 31-ին վերցվել է նախնական կալանքի, և այժմ ձեռնարկվում են միջոցներ նրա էքստրադիցիայի հարցը լուծելու համար:

***

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության թեման մշտապես գտնվում է իրավապահների, այդ թվում` ոստիկանության ուշադրության կենտրոնում: Այս ուղղությամբ բացահայտումներ գրանցվում են ամեն օր, այն էլ` ոչ մեկը: Դիմենք վիճակագրությանը: 2023 թվականին հանրապետության իրավապահները բացահայտել են թմրամիջոցների, հոգեմետ-հոգեներգործուն նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված 5070 հանցագործություն` նախորդ տարվա 2266-ի դիմաց: Աճը կազմել է 2804 կամ 123,7 տոկոս:

«Հանցագործության դեպքերի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Մասնավորապես, թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունները ամենաբարձր լատենտայնությամբ օժտված հանցատեսակներից են, ուստի աճը պայմանավորված է իրավապահների արդյունավետ աշխատանքով: Միաժամանակ, պայմանավորված քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ, մանր չափերով, անգամ բնական ծագման թմրամիջոցների հայտնաբերման դեպքում դրանց իրացման փաստով նախաձեռնվում են քրեական վարույթներ: Սա էլ ազդում է վիճակագրության վրա»,-նշել է ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ թմրաբիզնեսի դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր Դավիթ Պետրոսյանը:

Արդյունքը տպավորիչ է, բայց ոչ բավարար: Ավելի բարձր արդյունքի հասնելու համար իրավապահ տարբեր կառույցներ ակտիվ համագործակցում են: Մասնավորապես, տարբեր խնդիրներ լուծելու նպատակով ոստիկանությունը սերտ համագործակցում է Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ:

«Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակման և համատեղ միջոցառումների իրականացման միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր բացահայտելու ուղղությամբ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության հետ համագործակցում ենք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում. արդյունքները շոշափելի են: Հատկապես ուշադրության կենտրոնում են սահմանային անցակետերը և դրանց հարակից տարածքները, որոնք օգտագործվում են հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներկրելու նպատակով: Սերտ է համագործակցությունը նաև Քննչական կոմիտեի հետ՝ հատկապես համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում: Այս համագործակցության արդյունքում 2023 թ. արգելափակվել է Տելեգրամ հավելվածում գործող 150-ից ավելի անհատական էջերի գործունեություն»,-ներկայացրել է ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ թմրաբիզնեսի դեմ պայքարի բաժնի ավագ օպերլիազոր Դավիթ Պետրոսյանը:

Համագործակցությունն առավել ամրապնդելու, նաև երևույթի դեմ հանրային դիմակայության ավելի մեծ ճակատ ապահովելու համար էլ ստեղծվել է Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը: Այս քայլերն ինքանպատակ չեն: Թմրամոլությունն անձի և հասարակության համար կարող է ունենալ կործանարար հետևանքներ:

Անդրադառնանք կախվածության համախտանիշով հիվանդ թմրամոլների հոգեվիճակին: Իզուր չէ, որ թմրամոլությունն իրավապահները համարում են հանցագործություններ ծնող չարիք: Նախ` անկանխատեսելի է թմրամիջոց օգտագործած մարդու հոգեվիճակը: Որոշակի իրավիճակներում նա կարող է դրսևորել անհամարժեք վարք` ինչը հաճախ հանգեցնում է կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության: Երկրորդ` օրինապահ մարդուն որոշակի պաշտպանվածություն է ապահովում օրենքը: Այնինչ թմրամոլը, մշտապես գտնվելով անօրինական դաշտում, զուրկ է նման հնարավորությունից, ու փնտրում և գտնում է պաշտպանվածության անօրինական միջոցներ, նաև դիմում է ինքնապաշտպանական անօրինական միջոցների, մասնավորապես` ձեռք է բերում սառը զենք ու հրազեն: Պատահական չէ, որ իրավապահներն ապօրինի թմրամիջոց փնտրելիս հաճախ հայտնաբերում են նաև ապօրինի պահվող զենք-զինամթերք և հակառակը` զենք փնտրելիս խուզարկությամբ հայտնաբերվում է թմրանյութ: Եվ, վերջապես, երրորդ` թմրանյութն էժան հաճույք չէ, և կախվածության մեջ հայտնված թմրամոլը պատրաստ է ամեն մի անօրինության, ամեն մի հանցանքի` թմրամիջոցի գումար ձեռք բերելու համար:

Այսքանը` հանրային վտանգի մասին:

Կրկին անդրադառնանք հենց թմրամոլներին սպառնացող վտանգներին: Արդեն նշել ենք, որ չկան ծանր ու թեթև թմրամիջոցներ, որ բոլորն էլ, նույնիսկ կանեփից պատրաստվածները, առաջացնում են կախվածություն` սրանից բխող հետևանքներով:
Կախվածությունների բուժման կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը խոսել է, այսպես կոչված, թեթև թմրամիջոցների ծանր հետևանքներից: «Ի տարբերություն մյուս թմրամիջոցների` մարիխուանայից կախվածություն առաջանալու գործընթացը գուցե մի քիչ երկար է տևում, բայց սրա մեկանգամյա գործածումն էլ կարող է հանգեցնել հոգեկան խանգարման, այսպես ասած` անդառնալի հետևանքով: Հնուց կա այդպիսի ախտորոշում, կոչվում է «հաշիշային փսիխոզ». այն առաջանում է մարիխուանա օգտագործելու հետևանքով: Մարիխուանան ունի մեկ այլ հատկություն. շատ արագ մարդու մեջ պրովակացնում է հոգեկան խանգարում, եթե մարդն ունի որոշակի նախատրամադրվածություն հոգեկան խանգարումների նկատմամբ: Օրինակ, պրովակացնում է շիզոֆրենիայի կամ այլ փսիխոզների առաջացում»:

Եվ հենց նման հոգեկան շեղումների ու խանգարումերի հետևանք կարող են լինել մարդու անհամարժեք վարքը, իրավիճակը գնահատելու անկարողությունը, իրատեսության կորուստը… Այդ փսիխոզները կարող են հանգեցնել ինքնապաշտպանական բնազդի թուլացման, անձին դրդել ինքնավնասման, անգամ ինքնասպանության:

Այս իմաստով բավական վտանգավոր է իրականությունից կտրված նման մարդկանց վստահել անգամ մեքենա վարելու պատասխանատու գործը: Ի դեպ, այս տրամաբանությամբ մի գիտափորձ է անցկացվել Կանադայում, ըստ որի՝ մահով վթարների պատճառների մեջ առաջին տեղում ալկոհոլն է, երկրորդը` մարիխուանան:

Շատերին թվում է, թե ինչ-ինչ տեսակի թմրանյութեր առիթից առիթ օգտագործելը, ասենք` մի օր երեկոյան ակումբում զվարճանքի մասնակցելիս, լիովին անվտանգ, անմեղ հաճույք է: Մասնագետների համոզմամբ սա պարզ անտեղյակություն է: Ոստիկանությունը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև նման զվարճանքի վայրերում, սակայն սա այն դեպքերից է, երբ մարդկանց գիտակցության բարձրացումից ավելի լավ կանխարգելում չկա:
Կախվածությունների գծով մեր թիվ մեկ մասնագետի խորհուրդն ուղղված է հատկապես երիտասարդներին: «Կոչս է երիտասարդներին, որ ընդհանրապես զերծ մնան կախվածություն առաջացնող ցանկացած նյութից, ու հատկապես` թմրամիջոցներից: Խոսքը Հայաստանում տարածվածների մասին է` հերոին, կոկաին, շատ վտանգավոր են սինթետիկ հոգեխթանիչները, որոնցից հայտնի են մեթամֆետամինը, ամֆետամինը: Սրանց մեկանգամյա գործածումն էլ կարող է առաջացնել գերդոզավորում` մահվան ելքով, եթե սա էլ չէ` շատ արագ առաջանում է կախվածություն, և նույն արագությամբ անձն ուղղակի կործանվում է` նախ հոգեպես, հետո` ֆիզիկապես»,-նշել է Կախվածությունների բուժման կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը:

Այս խոսքերում չափազանցություն չկա: Հենց այսպես է անձի կյանքը դառնում աննպատակ գոյություն, իսկ դարերով ու հազարամյակներով ազգի ստեղծած մշակույթն իր տեղը կամաց-կամաց զիջում է… ենթամշակույթներին:
Ենթամշակույթներից և ժողովրդագրական այլ շեղում-խեղումներից ազատվելու համար է, որ հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվ համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:
Քննչական կոմիտեի հետևողական աշխատանքի և ոստիկանության հետ ակտիվ համագործակցության արդյունք էր նաև «Տելեգրամի» հավելվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ողջ ցիկլն ապահովող «Կանաչու շուկա» կոչվող հարթակի և նրա ղեկավարի գործունեության բացահայտումը:

Ունենալով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակ` «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում նա հանդես էր գալիս «Դավիթ Վան Հոկտեմբերյան» անվամբ: 2019 թվականին նա ստեղծել ու մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ղեկավարում էր «Կանաչու շուկա» և նույնաբովանդակ այլ հարթակներ, որոնցում ներգրավել էր տարբեր անուններով գրանցված և թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող տասնյակ խանութ-հարթակներ: Ավելին, նա սահմանել էր գործունեության հստակ կանոններ, վերահսկում էր թմրամիջոցների վաճառքի կարգը, և կարգազանց հարթակի կառավարչի նկատմամբ կիրառում պատիժ…

Սա մի հատված է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումից, որտեղ մեկ առ մեկ ներկայացված են «Դավիթ Վան Հոկտեմբերյան» անվամբ հանդես եկած անձի հանցավոր արարքները: Քննությանը հայտնի է մի դրվագ. հանցավոր կազմակերպության անդամներից մեկը, ղեկավարի համաձայնությամբ, զբաղվել էր «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի աճեցմամբ, որի համար անհրաժեշտ պարագաները ստացել էր հանցավոր կազմակերպության մեկ այլ մասնակցից, իսկ թմրամիջոցների իրացման արդյունքում ստացած գումարները կազմակերպության ղեկավարի կողմից իրեն փոխանցվել են նույն կազմակերպության մեկ այլ մասնակցի կրիպտոարժույթի փոխանակման կետի միջոցով: Հանցավոր կազմակերպության ղեկավարը սահմանված գործունեության կանոնները խախտելու և թմրամիջոցների իրացման արդյունքում ստացած գումարները ժամանակին չվճարելու պատճառով նրան հեռացրել է «Կանաչու շուկա» հարթակից:

Ահա, այսպիսի խիստ օրենքներ ու պատժամիջոցներ էր կիրառում «Դավիթ Վան Հոկտեմբերյան» անվամբ հանդես եկած անձը: Այսօր նրան մեղադրանք է առաջադրված ոչ միայն ապօրինի թմրաշրջանառության, այլև մեկուկես միլիարդ դրամի փողերի լվացման համար: Մեկուկես միլիարդ` միայն մեկ դեպքով, և սա միայն այսբերգի երևացող մասն է. նրա և նրա նմանների ապօրինի գործունեությամբ վաստակած փողերի չափը պատկերացնելու համար այդ թիվը պետք է բազամապատկել երկնիշ ու եռանիշ թվերով: Եվ սա այն փողերն են, որ թմրամոլները, առանց գիտակցելու կործանարար հետևանքները, վճարել են ինքնաթունավորման համար:

«Վարույթի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերին խմբի 10 անդամի վերաբերյալ վարույթն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, իսկ հանցավոր կազմակերպություն ստեղծած անձի նկատմամբ, որը 2013 թվականից գտնվում էր Բելգիայի Թագավորությունում, հայտարարվել է հետախուզում: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի թմրաշրջանառություն և մոտ 1,5 միլիարդ դրամի փողերի լվացում կատարելու համար: 2023 թվականի դեկտեմբերի 31-ին Բելգիայի Թագավորության իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունքում Ինտերպոլի կողմից նա հայտնաբերվել և վերցվել է նախնական կալանքի` նրա արտահանձնումը Հայաստանի Հանրապետություն կատարելու նպատակով»,-ներկայացրել է ՔԿ Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների անօրինական շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը:

Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված են ութ գերատեսչության ներկայացուցիչներ: Հանձնաժողովի աշխատանքը շարունակվում է, իսկ նպատակը ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումն է, թիրախային տեղեկատվական աշխատանքը և գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը: Հանձնաժողովի աշխատանքի արդյունքը պետք է լինի հանրության մեջ ստեղծել թմրամոլության հանդեպ անհանդուրժողության մթնոլորտ, պատանիներն ու երիտասարդները լինեն տեղեկացված և հրաժարվեն ինքնաթունավորումից, իսկ հանցավոր տարրերն էլ հասկանան, որ հարստություն դիզելու ճանապարհին միջոցները կարևոր են:

ՀՀ ՆԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031