Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական ենթամշակույթ կրող հայտնի անձի միջոցով փորձել են լուծել հողատարածքը շորթելու հարցը

Մարտ 23,2024 13:42

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևան քաղաքի 43-ամյա բնակչին պատկանող հողատարածքը անվանափոխելու հարցի հետ կապված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու, շորթման դեպքերի մի շարք հանգամանքներ։

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում, մասնավորապես փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 47–ամյա բնակիչը անօրինական կերպով շինություն է կառուցել Երևանի 43-ամյա բնակչին պատկանող հողատարածքում և պնդել, որ հիշյալ հողատարածքը գրանցվի իր անվամբ, ինչին վերջինս չի համաձայնել։

Նշված հարցի հետ կապված 47-ամյա տղամարդը օժանդակության խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող հայտնի անձի։ Վերջինիս, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նա  գնացել է վերոնշյալ հողատարածք և կրկին պահանջել անվանափոխել հիշյալ տարածքը։ Այնուհետև 47-ամյա տղամարդը կնոջ եղբոր՝ 50-ամյա տղամարդու հետ, հիշյալ հողատարածքում հանդիպել է 43-ամյա քաղաքացու եղբորը, սպառնալիքներ հնչեցրել նրանց հասցեին, որից հետո զանգահարել են քրեական ենթամշակույթ կրող հայտնի նույն անձին, ով ևս սպառնացել է եղբայրներին։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ քրեական ենթամշակույթ կրող անձը հանդիսանում է քրեական հեղինակություն և օգտագործելով իր քրեական հեղինակությունը՝ գործում և կայացնում է որոշումներ՝ պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրականացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող, իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոններով։

Քրեական վարույթի շրջանակներում 43-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, զննության են ենթարկվել վերջինիս կողմից ներկայացված տեսագրությունները։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական ենթամշակույթի կրող հայտնի անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 47-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ վերջինիս կնոջ եղբոր նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարել է։

Հիշյալ անձինք ձերբակալվել են։

Դատարանի որոշմամբ քրեական ենթամշակույթ կրող հայտնի անձի և 47-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ վերջինիս կնոջ եղբոր նկատմամբ՝ տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031