«Սա դասական քաղաքական հետապնդում է: Նիկոլ Փաշինյանի կողմից ուզուրպացված դատաիրավական համակարգի կողմից շինծու քրեական գործի շրջանակներում տեսնում ենք, թե ինչպես են լռեցնում ազգային գործիչներին, ինչպիսին են Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը»,- այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթեւի պատասխանատու Հենրիխ Դանիելյանը։
Հիշեցնենք, այսօր դատարանը հրապարակեց Վազգեն Սաղաթելյանի գործով որոշումը:
Ըստ Հենրիխ Դանիելյանի, իշխանության հռչակած՝ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում չկա խոսքի ազատություն. «Նարեկն ու Վազգենը դասական օրինակներն են քաղաքական բռնաճնշումների, քաղաքական ռեպրեսիաների, որոնց արդյունքում Փաշինյանը փորձում է լռեցնել ազգային գործիչներին, փորձել փակել նրանց հաղորդումը, որն ունի միլիոնավոր դիտումներ։ Բայց մեզ հնարավոր չէ լռեցնել։ Մենք հիմա այստեղ ենք ի աջակցություն Վազգեն Սաղաթելյանի, այստեղ ենք ասելու, որ մենք չենք լռելու, Հայաստանում դավաճանները պետք է պատասխան տան իրական օրենքի ողջ խստությամբ»:
ՀՀԿ-ական այլ երիտասարդների տեսակետերը՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տղաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա՝ խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են:
Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով: Երեկ երկու ամսով կալանավորվեց նաեւ Նարեկ Սամսոնյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ