Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի որակապես նոր իշխանությունների, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն․ հայտարարություն

Մարտ 23,2024 12:24

Հայաստանի համար ստեղծված անվտանգային և գոյութենական աննախադեպ վտանգներն ու աշխարհաքաղաքական աճող լարվածության ֆոնին օրվա իշխանությունների վարած հակապետական և հակազգային արտաքին քաղաքականությունը մեզ պարտադրում են հանդես գալ հետևյալ հայտարարությամբ։

Այսօր հայ ժողովուրդը հայտնվել է ճակատագրական ծանրագույն հանգրվանում։ Մեզ հասցրել են մի վիճակի, երբ մենք կարող ենք կորցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնությունն ու արժանապատվությունը։

Ակնհայտ է, որ գործող իշխանության որդեգրած պարտվողական և միակողմանի զիջումներով լի այսպես կոչված խաղաղության օրակարգը տապալվել է՝ տուրք տալով ադրբեջանա-թուրքական տանդեմի սպառնալիքներին ու ճնշումներին։

Արցախի հանձնումից հետո, սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու գերնպատակով, ներկայիս վարչախումբը գնում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական տարածքները միակողմանի զիջելու ճանապարհով։

Հենց այս իշխանությունների արկածախնդիր ու մանիպուլյատիվ քաղաքականության հետևանքով է Հայաստանը հայտնվել վտանգավոր, ծանրագույն նոր կորուստներով հղի իրավիճակում։ Այս գահավիժող ընթացքը պետք է օր առաջ ամեն գնով կանգնեցնել, այլապես երկիրը կվերածվի ռազմական մի նոր թատերաբեմի, աշխարհաքաղաքական տարբեր բևեռների բախման մի նոր կիզակետի, որտեղ պարտվելու են Հայաստանը և հայ ժողովուրդը։

Սա չար գուշակություն չէ, այլ՝ սթափ, առանց ավելորդ հուզականության, իրատեսական և մասնագիտական վերլուծություն։ Այսօր հայ ժողովրդի հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում։ Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը լոկ բնակավայրեր չեն։ Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը նույն Երևանն են, Գյումրին ու Վանաձորը, Սիսիանը, Կապանն ու Աշտարակը։ Տավուշը Հայաստանի անվտանգության ամենաամուր դարպասն է, մեր արժանապատվության խարիսխը և համբերության սահմանը։ Ներկայիս իշխանությունները, հանդիսանալով ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի հիմնական պատասխանատուն, ունակ չեն փոխել առանց այն էլ ֆիկտիվ բնույթ կրող բանակցային գործընթացի տրամաբանությունը կամ առաջարկել իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել զիջումների անվերջ շղթան։ Ավելին, իշխանությունն ինքը սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով՝ փորձելով հասարակության լայն շրջանակներին համոզել այլընտրանքի բացակայության մեջ՝ այսպիսով ուղղակիորեն սպասարկելով ադրբեջանա-թուրքական տանդեմի օրակարգը։

Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու և հետագա անդառնալի կորուստներից զերծ պահելու համար՝ անհրաժեշտ են հետևյալ անհետաձգելի քայլերը.

  1. Արտաքին քաղաքական ընթացիկ օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը կամ որևէ այլ հակա-ներով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն՝ չեզոքացնելու համար ադրբեջանա-թուրքական անհագ նկրտումները։
  2. Աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը և դիրքավորումները։
  3. Իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու և իրական խաղաղության հաստատման, ինչպես նաև սահմանազատման և սահմանագծման համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով, առկա և իրավիճակային դաշնակիցներին, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցներին փոխադարձ շահագրգռվածության հենքի վրա դրդել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից շանտաժի և սպառնալիքի քաղաքականությունը կասեցնելու և նոր տրամաբանությամբ բանակցային համապատասխան միջավայր ձևավորելու համար՝ այդ ուղղությամբ կիրառելով դիվանագիտական ողջ գործիքակազմը։
  4. Հաշվի առնելով ներկայիս համազգային ճգնաժամն, անհրաժեշտ է համայն հայության ներուժի համախմբումը և ներհանրային հաշտեցումը՝ Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման առաջնային օրակարգի շուրջ։

Վերոնշյալ մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումները կյանքի կոչելու նպատակով, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի որակապես նոր իշխանությունների, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն տարածաշրջանում տևական կայունության և արժանապատիվ խաղաղության համար։

ԱՐԱ ԱՅՎԱԶՅԱՆ                            ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԱՇՈՏ ՂՈւԼՅԱՆ                               Արցախի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

ԱՎԵՏ ԱԴՈՆՑ                                  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉՅԱՆ                       ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ                     ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՌՈւԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ                ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՖԱԴԵՅ ՉԱՐՉՕՂԼՅԱՆ                  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԱՐՄԵՆ ԳԻՉՅԱՆ                             ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ                ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ

ԱՐՏԱԿ ԲՇՏԻԿՅԱՆ                        ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031