ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության աշխատակիցների սերտ համագործակցությամբ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տեղափոխելու և իրացնելու դեպքեր:
2024 թ. փետրվարի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել՝ ՀՀ քաղաքացու կողմից, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով, Իրանից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ՀՀ ապօրինի ներկրելու վերաբերյալ, որը տեղափոխել և տեղադրել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող այգում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 փաթեթ՝ 98.8 և 86.7 գրամ կշռով սպիտակ բյուրեղանման զանգվածներով: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված զանգվածները հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
ՀՀ ԱԱԾ Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարտի 18-ին` ժամը 21:10-ին, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Երևան քաղաքի 28-ամյա բնակիչ։
Կարդացեք նաև
Ձերբակալման ընթացքում վերջինս գցել է իր մոտ եղած բյուրեղանման զանգվածը, սակայն այն հայտնաբերվել և վերցվել է: Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածն իր հերթին տնայնագործական եղանակով պատրաստված, 71.35 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց է:
Իրականացված ապացուցողական, վարութային և գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ թմրամիջոցը Երևան քաղաքի բնակչին իրացրած անձի ինքնությունը, ով Կապան քաղաքի 46-ամյա բնակչուհի է:
2024 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից վերջինս Երևան քաղաքում ևս ձերբակալվել է և ներկայացվել քննչական բաժին:
Քննությամբ պարզվել է, որ վերջինս սույն թվականի փետրվար ամսին առևտրի նպատակով մեկնել է Իրան, որտեղ ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու հետ։ Վերջինս նրան փոխանցել է կպչուն ժապավենով փաթաթված, սպիտակ գույնի զանգվածի պարունակությամբ փաթեթ՝ Երևան տեղափոխելու և ԻԻՀ քաղաքացու կողմից մատնանշված անձին փոխանցելու նպատակով: Կինը, տեղյակ լինելով, որ փաթեթում առկա է թմրամիջոց, գումար վաստակելու նպատակով, համաձայնել է առաջարկին և իրականացրել այն:
Դրանից հետո ևս մեկ անգամ՝ մարտ ամսին, կինը մեկնել է Իրան, կրկին նույն անձից ստացել թմրամիջոցի նոր խմբաքանակ, որը մաքսային կետով գաղտնի անցկացնելուց հետո՝ 2024թ. մարտի 17-ին, թմրամիջոցով փաթեթն այլ անձի փոխանցելու նպատակով, Կապան քաղաքից ժամանել է Երևան, որտեղ էլ մարտի 19-ին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից և ներկայացվել նախաքննական մարմնին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կապանի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ Երևան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ