Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Պետք է ամեն ինչ անել, որ բալանսի խախտում չլինի․ «Հրապարակ»

Մարտ 23,2024 11:35

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

– Երեկ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ սպասվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպում, որտեղ քննարկելու են Հայաստանի զարգացմանն ուղղված եռակողմ համագործակցության ուղիները։ Դրանից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երեւանում սկանդալային հայտարարություն արեց, ավելի վաղ ԵԽ-ն բանաձեւ ընդունեց, որով առաջարկվում էր դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: Արդյո՞ք Հայաստանի աշխարհաքաղաքական բեւեռի փոփոխության գործընթաց է ընթանում։  

– Արմեն Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեմ ցանկանում անել, քանի որ լուրջ եզրակացություն անելու համար անհրաժեշտ տեղեկությունը բացակայում է։ Կարծում եմ, որ իշխանություններն իրենք պետք է բացատրեն, թե ինչ պրոցես է ընթանում։ Հանրությանն այս ամբողջ գործընթացի վերաբերյալ հաշվետվություն տալու պարտավորության մասին, ի դեպ, գրել ենք մեր հայտարարության մեջ։ Եթե նկատի ունեք Ստոլտենբերգի խոսքերը, որ Ուկրաինային համերաշխության համար շնորհակալություն է հայտնում Հայաստանին, ապա նույն այդ հայտարարության մեջ դրա պատասխանը կա։ Մեր ասածը հետեւյալն է՝  ե՛ւ անվտանգության, ե՛ւ տնտեսական ապահովության հարցերում պետք է նուրբ, ոչ կոնֆրոնտացիոն դիվանագիտություն վարել եւ խորացնել համագործակցությունը ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ Արեւմուտքի հետ, պահել անհրաժեշտ բալանսը, որպեսզի երկիրը չվերածվի 2 գերտերությունների միջեւ հակամարտության կռվադաշտի։ Իր քայլերով Փաշինյանը խախտում է այդ բալանսը։

– Մենք նախադեպ ունեցել ենք, երբ Հայաստանի իշխանությունները եվրաասոցացման գործընթաց են սկսել, ապա անդամակցել Մաքսային միությանը, բայց այդ շրջանում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններն այս վիճակում չէին, իսկ Հայաստանն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու ռեսուրս ուներ։ Այսօր ինչի՞ կարող են հանգեցնել Փաշինյանի կտրուկ շարժումները։ 

– Մենք հենց դրա մասին էլ խոսում ենք, քայլեր կան, որոնք կարող են շատ աղետալի հետեւանքներ ունենալ, եւ պետք է ամեն ինչ անել, որ բալանսի խախտում չլինի, Հայաստանը պահպանի իր կարգավիճակը՝ որպես երկրի, որը կարող է բոլոր ուղղություններով զարգացնել համագործակցությունը եւ դառնալ մրցակցության հարթակ` ներդրումների եւ առեւտրատնտեսական ակտիվության համար, ինչու չէ` ունենա բազմակողմանի համագործակցություն նաեւ անվտանգության բնագավառում։

– Չե՞ք կարծում, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հնարավոր առաջարկներն ընդամենը մեզ սիրաշահելու քաղաքականություն են՝ հաշվի առնելով, որ նրանք հստակ հայտարարում են՝ տարածաշրջանում իրենց առանցքային գործընկերը Թուրքիան է։ Նրանք ի՞նչ կարող են առաջարկել մի երկրի, որի անվտանգային սպառնալիքները նույն Թուրքիայից ու նրա կրտսեր եղբայր Ադրբեջանից են գալիս։

– Խնդիրն այն չէ, թե նրանք ինչ են առաջարկում, խնդիրն այն է, որ եթե մենք միակողմանիորեն կողմնորոշվում ենք, ասենք, Արեւմուտքի ուղղությամբ՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա մեր երկիրը դարձնում է խոցելի եւ վերածում կռվադաշտի: Նույնը կլիներ, եթե մենք հակառակն անեինք՝ որոշեինք մերժել Արեւմուտքի օգնությունը, եւ մեր ամբողջ հույսը դնեինք միայն ռուսական անվտանգային երաշխիքների վրա։ Օրինակ, ինչպե՞ս է Վրաստանը կարողանում հասնել նրան, որ նրան փորձում են սիրաշահել ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Ռուսաստանը։ Դրանից Վրաստանը ստանում է միայն օգուտներ, ստանում է ներդրումներ Ռուսաստանից, արտահանման ծավալների մեծացում դեպի Ռուսաստան, առեւտրի խորացում Ռուսաստանի հետ, բայց նաեւ ստանում է ԵՄ թեկնածուի կարգավիճակ եւ շարունակում է համագործակցությունն արեւմտյան ուղղությամբ։ Սա ցույց է տալիս, որ ճիշտ վարվող դիվանագիտության դեպքում մենք կարող ենք մեզ սիրաշահող առաջարկներ ստանալ ե՛ւ այս կողմից, ե՛ւ այն կողմից, ե՛ւ երրորդ կողմից, մինչդեռ քաղաքականությունը, որ տանում է այս իշխանությունը, հանգեցնում է նրան, որ գնալու է ոչ թե Հայաստանին սիրաշահելու, այլ պատժելու գործընթաց։ Սա է խնդիրը, երբ գերտերությունները սխալ վարվող քաղաքականության արդյունքում պատժելու մրցակցություն են սկսում` հակառակորդին հարելու համար։ Դա ոչ մի լավ բանով չի ավարտվում նման քաղաքականություն տանող երկրի համար։

 Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031