Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգիտիմության «թեզն» ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում․ «ՉԻ»

Մարտ 23,2024 09:35

Երբևէ լսե՞լ եք, որ Ադրբեջանը հայտարարի, թե Տավուշի ուղղությամբ «4 գյուղերի անհապաղ վերադարձ» է պահանջում սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Չեք լսել, որովհետև իրենք դա համարում են ոչ թե սահմանազատման գործընթացի մեկնարկ, այլ «տարածքային ամբողջականության վերականգնում», իսկ սահմանազատման մասին լսել անգամ չեն ուզում։ Ավելին՝ այդ «4 գյուղերն» իրենց ընդհանրապես պետք չեն, իրենց պետք է, որ փակվի դեպի Վրաստան միջպետական մայրուղին, Տավուշի մարզի պաշտպանական համակարգն էլ փլուզվի։ Իսկ սա նշանակում է, որ իրականում Ադրբեջանը ոչ թե ասում է «տարածքները տվեք, թե չէ նոր պատերազմ կսկսեմ», այլ ասում է «տարածքները տվեք, որպեսզի նոր պատերազմ սկսեմ՝ ավելի նպաստավոր պայմաններով»։

Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնում է որպես սահմանազատման գործընթացի մեկնարկ։ Թե ինչու է այդպես անում՝ հասկանալի է․ որովհետև սահմանազատումն ընկալվում է որպես քայլ՝ դեպի խաղաղություն տանող ճանապարհին, մինչդեռ սեփական պաշտպանական համակարգի փլուզումը, հակառակը, ակնհայտորեն մոտեցնելու է ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմը։

Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, որը, իբր, մեր անվտանգության ռազմավարության կարևորագույն բաղադրիչն է, ապա այդ «թեզն» ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում։ Ադրբեջանը հո չի՞ հայտարարելու, թե հարձակվել է Հայաստանի վրա, դրա փոխարեն հայտարարելու է, թե «հակառակորդի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ ահաբեկչական ներխուժման փորձ է արվել, ադրբեջանական ուժերն էլ, կասեցնելով թշնամու առաջխաղացումը, անցել են հակահարձակման․․․» և այլն։ Ու ո՞րն է լինելու լեգիտիմության ջատագով միջազգային հանրության արձագանքը։ Ճիշտ է, «խորը մտահոգություն են արտահայտելու», «խստորեն դատապարտելու են լարվածության նոր բռնկումը» և «կողմերին կոչ են անելու անհապաղ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»։ Իսկ ո՞րն է լինելու Ռուսաստանի՛ արձագանքը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031