Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, արդյունք կլինի». քաղաքական դաշտում կրկին կոնսուլտացիաներ են

Մարտ 23,2024 13:30

«Ես քաղաքական ուժերի մասին չխոսեմ: Դուք գիտեք, որ մենք Ոսկեպարում, Բաղանիսում էինք՝ նույնիսկ այս հողավաճառների՝ այնտեղ այցելելուց առաջ եւ կշարունակենք այնտեղ ներկայություն ապահովել, աջակցել այնտեղի մեր բնակչությանը: Չկասկածեք». «Առավոտի» զրուցակիցն է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը:

«Հետոն»-ն այդ միտքը գեներացնողներից ազատվելն է: Մենք մինչեւ հայրենիքը վաճառողներից չազատվենք, հայրենիքը նրանց կողմից մաս առ մաս վաճառվելու է: Հասկացեք, այդ մարդիկ վաճառելու վրա շահույթ են վաստակում. անկախ նրանից, թե իրենք ի՞նչ են ասում եւ ինչպե՞ս են հանրությանը խաբում, մանիպուլացնում, իրենք հայրենիքը վաճառելուց շահույթ են ստանում: Մինչեւ մենք հայրենավաճառներից չազատվենք, մեր հայրենիքն ամեն օր կրճատվելու է»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը՝ արձագանքելով դիտարկմանը՝ ի՞նչ է լինելու հետո, քանի  որ այս տարիների ընթացքում անընդհատ գեներացվում էր միտքը, թե՝ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք». Արցախը հանձնեցինք, «հանգիստ նստեցինք տեղներս», բայց հանգիստ չենք ապրում, հիմա էլ պարզվում է Տավուշի մարզից ինչ-որ բան պիտի տանք, որ հանգիստ ապրենք, թեեւ շատերի համար ի սկզբանե պարզ էր դա, հետո՝ մեկ այլ բան կպահանջվի եւ այսպես:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է Ավետիք Չալաբյանը պատրաստվում հայրենավաճառներից ազատվել, քանի որ այս ընթացքում, ընդդիմադիր ուժերի նախաձեռնած տարբեր շարժումների ընթացքում, դրանց՝ անհաջող ավարտից հետո, ժողովրդի, հասարակության հասցեին էին մեղադրանքներ հնչում: «Ես երբեւիցե ժողովրդին չեմ մեղադրում: Այս հայրենավաճառները ժողովրդին խաբել են՝ գռեհիկ, ցինիկ կերպով: Մենք, հակառակը, պետք է կարողանանք մեր ժողովրդին օգնել, որպեսզի նա առերեսվի իրականության հետ, տիրապետի իրականությանը եւ այս հայրենավաճառներից ազատվենք»,- ասաց նա:

«Ինչ էլ հարցրեցինք, պատասխանեց, որ պատերազմ կլինի, եթե այդ չորս գյուղերը չտանք, իսկ եթե փորձենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնել ու առաջ գնալ, Թուրքիան կհարձակվի մեզ վրա։ Այսինքն՝ գիտի, որ ժողովուրդն Ադրբեջանից չի վախենում, հիմա Թուրքիայով է վախեցնում ժողովրդին։ Մեր բոլոր փաստարկները, որ գյուղը կդատարկվի, հաշվի չառնվեց։ Մարդիկ ասացին, որ գյուղում մի թաղամաս կա, որ սահմանն այդ թաղամասի գլխին նստած է։ Եթե թուրքը գա, այդ թաղամասն ու ամբողջ գյուղը կդատարկվի։ Ասացինք, որ այդպիսով մինչեւ Վանաձոր ճանապարհը կբացվի թուրքերի առաջ, ասացինք, որ ոչ ոք իր երեխային չի թողնի գյուղում, գյուղն ամբողջությամբ կդատարկվի»,-Նիկոլ Փաշինյանի՝ ոսկեպարցիների եւ բաղանիսցիների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում պատմել էին տեղացիները: Այս օրերին, այդ բնակավայրերից նաեւ ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու հայտարարություններ են հնչում, մարդիկ պետությունից զենք են պահանջում, այլ հարց, որ նրանց ձայնը տեղ չի հասնում, բայց քաղաքական դաշտում ամեն ինչ շատ հանդարտ է. համենայնդեպս, առերեւույթ: Ինստիտուցիոնալ ընդդիմության՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները համարում են, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հրապարակային սուր հարցեր տան ու վիրավորվեն՝ ընդվզեն, երբ նրա ամբարտավանությունը, պարզվում է անսահման է եւ սկսում է իրենց հեգնել:

«Ես քաղաքական ուժերի մասին չխոսեմ: Դուք գիտեք, որ մենք Ոսկեպարում, Բաղանիսում էինք՝ նույնիսկ այս հողավաճառների՝ այնտեղ այցելելուց առաջ եւ կշարունակենք այնտեղ ներկայություն ապահովել, աջակցել այնտեղի մեր բնակչությանը: Չկասկածեք»,- եղավ Ավետիք Չալաբյանի արձագանքը: Հարցին՝ «ՀայաՔվե» նախաձեռնությունը կստանձնի՞ պատասխանատվությունը եւ հեգեմոնի դերը, հնչեց հետեւյալ պատասխանը. «Մենք կանենք այն, ինչը որ մեր ուժերի սահմաններում է, նույնիսկ մեր ուժերից վեր է, բայց ես չէի ցանկանա, որ այդ չափանիշով մտածենք. այստեղ հեգեմոնի դեր չկա: Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են հայրենիքը պաշտպանել, պետք է մի քիչ մոռանան՝ ո՞վ է առաջինը, ո՞վ է երկրորդը, ով՝ տասերորդը: Բոլորը պետք է իրենց ուժերը միավորեն, միայն այդ դեպքում կարող ենք հաջողության հասնել»: Հաջորդ դիտարկմանը՝ այդ մասին խոսվում է, շատ վաղուց, բայց արդյունք չկա, նա պատասխանեց. «Կարծում եմ, արդյունք կլինի»: Ուղիղ հարցին էլ՝ ե՞րբ արդյունք կլինի, մեր զրուցակիցը նորից կրկնեց, որ «ՀայաՔվեն» հնարավորը, հաճախ նույնիսկ անհնարինը կանի, կլինի տավուշեցիների կողքին եւ հուսով են, որ մնացյալ քաղաքական ուժերն էլ այս իրավիճակին կվերաբերվեն, իբրեւ գոյաբանական իրավիճակի, ոչ թե քաղաքականի ու իրենց ուժերն իմի կբերեն:

Ավետիք Չալաբյանը նաեւ տեղեկացրեց, որ քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում. «Մենք, բնականաբար, պատրաստ ենք մեր ուժերը համատեղել մյուս ուժերի հետ»: Քաղաքական կոնսուլտացիաների ձեւաչափերից, հանդիպումներից մանրամասներ նա չհրապարակեց: Դրանց արդյունքներից նույնպես չցանկացավ խոսել: Ասաց՝ «դեռեւս վաղ է, կտեսնեք արդյունքները»: ՔՊ-ական իշխանության հեռացման մոտավոր ժամկետներ եւս չկանխատեսեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031