Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ շենքի վրա մատը դնի, այն կդառնա իր թանգարանը»

Մարտ 23,2024 12:00

Չտեսնված ու չլսված հնարավորություն՝ Սերգեյ Փարաջանովին

«Ազնիվ բարեկամս, սիրելի Սերգեյ, ուրախ եմ եւ հպարտ, որ քեզ լավ եմ ճանաչել։ Վերջերս գեղեցկուհի մեր Անահիտ Թոփչյանն ինձ ասաց, որ չես գայթակղվել քեզ առաջարկվող մեծ գումարի դիմաց հազարավոր միավորների հասնող սայաթնովյան քո անձնական հավաքածոն Վրաստանին վաճառելու առաջարկից եւ սառը լիմոն քամելով նրանց ախորժակին, պատվիրակներին ուղարկել ես… Այո, այո, ճիշտ հասկացար՝ հենց իրենց տեղը։ Ճիշտ ես վարվել եւ ապացույցը Մոսկվայի կենտրոնում այս շքեղ ցուցահանդեսի բացումն է, որի համար ես քեզ շնորհավորում եմ։ Մենակ չեմ եկել, ինձ միացել են քո բարեկամները՝ Ինոկենտի Սմոկտունովսկին, Սուրեն Քոչարյանը, Զարուհի Դոլուխանյանը, Պավել Լիսիցյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ներսես Հովհաննիսյանը, Լեւ Կուլիջանովը եւ համերգային շրջագայություններով Մոսկվայում գտնվող քո կուռքը՝ մեր անզուգական Գոհար Գասպարյանը»։

Սերգեյ Փարաջանով,

3 հոկտեմբերի, 1988թ.։

Այս գրությունը, որն ուղղված է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին՝ Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակի առիթով բացառապես իր ունեցած հավաքածուով Մոսկվայում կազմակերպած ցուցահանդեսի առիթով, մենք գտանք խորհրդային տարիներին Մոսկվայում լույս տեսնող «Книжная панорама» պարբերականի համարներից մեկում։


Անկեղծ ասած՝ մինչ այս «գտածոն» հայտնաբերելը, Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առիթով պատրաստվում էինք զրուցել ճանաչված արվեստաբանի հետ, տեղեկացված լինելով, որ պարոն Առաքելյանը մտերիմ է եղել Փարաջանովի հետ։ Մյուս կողմից էլ՝ մեզ մոտ կարծես ավանդույթ է դարձել մեր մեծանուն արվեստագետների մասին անտիպ տեղեկություններ, պատմություններ լսելու համար դիմել հենց նրան, ով ժամանակին շփվել, ընկերացել ու բարեկամացել է շատերի հետ, դառնալով ոմանց կենսագիրը։

Մոսկվա, 1988թ.

Սերգեյ Առաքելյանի հետ «փարաջանովյան» հանդիպումը սկսեցինք հետեւյալ դիտարկմամբ՝ Փարաջանովը համաշխարհային կինոյում մեծ ժառանգություն է թողել. «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Հակոբ Հովնաթյան», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին», «Աշուղ ղարիբ»… Թվարկած ֆիլմերից հայերիս առավել ծանոթ է «Նռան գույնը»։ Տխուր է, որ համաշխարհային կինոյում նման հետք թողած ֆիլմերը ուշադրության չեն արժանացել կինոռեժիսորի հայրենիքում։ Պարոն Առաքելյանը համակարծիք լինելով մեզ հետ, միայն նշեց, որ դա ծավալուն թեմա է, ապա ասաց. «Դարից դուրս երեւույթ է Սերգեյ Փարաջանովը եւ ավելի մեծ, քան իր ժամանակը։ Այս պահին մտաբերեցի, երբ Երեւանում նրա թանգարանը ստեղծելու համար շենք հատկացնելու խնդրանքով մի խումբ մտավորականներ դիմեցինք ՀՀ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, այդ իմաստուն եւ հայրենասեր մարդը հրճվալից ժպտաց ու ասաց. շենք հատկացնելու հարցում խորհուրդ տալ չեմ կարող, Փարաջանովը թող անշտապ եւ ուշադիր մի քանի անգամ շրջի Երեւանի կենտրոնում եւ որ շենքի վրա մատը դնի, այն կդառնա իր թանգարանը։ Այդպես է ստեղծվել տիեզերահռչակ մեծ հայի թանգարանը, որն այսօր դարձել է մշակութային կենտրոն, Երեւանի պետական պատկերասրահին համարժեք մի կառույց՝ մի տարբերությամբ միայն. եթե պատկերասրահում բույլն է հանճարաց՝ իրենց շեդեւրներով, ապա այստեղ հանճարներից միայն մեկի՝ Փարաջանովի ձեռքերով կերտած, մեկը մյուսից շլացնող ստեղծագործություններ են՝ իրենց եզակիությամբ»։

Դիտարկմանը՝ կարելի է պատկերացնել, թե ինչ բարդ է եղել մտերմանալ նման մեծության հետ, էլ չասենք՝ ունենալ առանձնազրույցներ, հենց թեկուզ այն պատճառով, որ դժվար էր Փարաջանովին միայնակ տեսնել, պարոն Առաքելյանը պատասխանեց. «Իրավացի եք, որտեղ երեւում էր Փարաջանովը, վայրկյաններ անց այդ վայրը դառնում էր մարդաշատ, դառնում էր իմաստնության կենտրոն, նրան շրջապատում էին մտավորականներ, ուսանողներ… Գիտե՞ք, Երեւանում այն օրերին, երբ թեւանցուկ ճեմում էին Փարաջանովն ու Երվանդ Քոչարը, Աբովյան փողոցը բառի իսկական իմաստով դառնում էր անանցանելի։ Իհարկե, նրա հետ հանդիպումները կյանքիս միրաժային պահերն էին, հավերժ անմոռաց… Դուք խնդրում եք անտիպ պատմություններ այդ երեւելիի հետ կապված, դա շատ բարդ է մեկ պատճառով. նրա ցանկացած խոսք, միտք թանկարժեք էր, այո, թանկ արժեր, կարծես եկող ժամանակի մասին էր։ Կարելի է հիշել, ներկայացնել, բայց դրա համար շատ ժամանակ է պետք։ Մտավախություն ունեմ, որ կարճ պատմությունները չեն ներկայացնի Փարաջանովին՝ բոլոր գույներով, երանգներով, միջավայրով, որ նա ստեղծում էր իր շուրջ»։

Անդրադառնալով Փարաջանովի թանգարանին, հիշեցնենք, որ այն հիմնվել է «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում,  1988թ., բայց Սպիտակի երկրաշարժի, սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրների պատճառով այն բացվեց միայն 1991թ. հունիսին, կինոռեժիսորի մահից մեկ տարի անց։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031