Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ խաղաղության նախապատրաստություն Հայաստանի և Ադրբեջանի միջև

Մարտ 23,2024 12:30

Տարօրինակ խաղաղության նախապատրաստություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

Արդեն 4 տարուց ավելի է, ինչ Հայաստանի եւ Ադրբեջանի ամենատարբեր պաշտոնյաների բառապաշարից մշտապես չի իջնում «խաղաղություն», «խաղաղության պայմանագիր», «խաղաղության դարաշրջան» հասկացությունները, երկու կողմից հաստատելով, որ պատրաստ են օր առաջ կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի իրենց հետագա քայլերով հավաստեն իրենց նվիրումն այդ խաղաղությանը, սակայն ամեն հաջորդ օրը հատկապես Ադրբեջանն ավելի է շատացնում իր հարձակումների եւ հայերի սպանությունների քանակը, որից ավելի զարմանալի բան դժվար է գրանցել, քանզի խաղաղությունը խաթարող ավելի ռեալ քայլեր չի լինում: Կարծում եմ, որ խաղաղության նմանատիպ անհեթեթություն երբեւէ չի գրանցվել, քանզի պատերազմող կողմերը կամ շարունակում են պատերազմել, կամ որոշակի պայմաններով պայմանավորվում են դադարեցնել ընթացող պատերազմը եւ կնքել խաղաղության փաստաթուղթ: Այն, ինչ տեղի էր ունենում այս օրերին եւ դրանից առաջ էլ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ցնցող եւ աննախադեպ երեւույթ է, աբսուրդի ժանրից է, որովհետեւ նման բան երեւակայելն ընդհանրապես անհնարին է:

Կարծում եմ՝ բոլորն են այն կարծիքին, որ այս տարօրինակ պատերազմական հարաբերությունները մեր 44-օրյա պատերազմի խայտառակ եւ նվաստացուցիչ պարտության հետեւանքով Հայաստանի հավերժական վախի արգասիքն է, որը Հայաստանին դարձրել է Ադրբեջանի ոտքի գնդակը, որի հետ ինչպես ոզում, այնպես էլ վարվում է: Ադրբեջանը հարձակվում եւ կոտորում է մեզ, ժողովուրդը բացարձակ լուռ է, իսկ մեր սիրելի իշխանությունը հրաման է արձակում, որ ոչ մի պարգայում հանկարծ չպատասխանել Ադրբեջանի կրակոցներին, եթե անգամ բազում զոհեր ունենանք, քանզի դա կարող է խաթարել խաղաղության պայմանագրի կնքումը ու այդ միակողմանի պատերազմը կշարունակվի: Այլ խոսքով, կարեւոր չէ, թե մենք որքան զոհեր կունենանք, կարեւոր է, որ անպայման կնքվի խաղաղության պայմանագիրը, թեկուզ դրանից հետո ողջ հայությանը կոտորեն եւ որպես այդպիսին՝ Հայաստան պետություն այլեւս գոյություն չունենա …

Ամեն դեպքում, ինձ համար լրիվ անհասկանալի է, եթե դարեր շարունակ եւ այսօր էլ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակասություններ եւ չլուծված խնդիրներ կան ու դա բերել է նրանց միջեւ շարունակական պատերազմի, ապա ինչպես հասկանալ, որ ինչ-որ պահից սկսած Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է Հայաստանի տարածքների վրա ու կոտորում հայերին, իսկ Հայաստանի իշխանությունը դրանց ի պատասխան՝ հորդորում եւ պահանջում է, որ որեւէ հայկական ուժ՝ ներառյալ ՊՆ-ն, հանկարծ մեկ կրակոցով անգամ չփորձեն պատասխանել, որպեսզի հանկարծ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չսկսի Հայաստանի դեմ ու շանս տա կնքելու չեղած՝ երբեւէ չլինելիք խաղաղության պայմանագիրը, որով հայերը խաղաղ կապրեն ամեն վայրկյան մեզ վրա հարձակվող Ադրբեջանի հետ: Չլսված բան է, որ եթե հակամարտող երկու կողմերից մեկը բնավ համաձայն չէ այն դադարեցնելու եւ խաղաղություն կնքելու, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ նրանց միջեւ խաղաղության պայմանագիր կնքվի: Բնական է, որ նման բան հնարավոր չէ եւ դա հնարավոր է միմիայն ֆոկուս անելու պարագայում, իսկ Ադրբեջանին ձեռնտու չէ նման ֆոկուս անելը, իսկ Հայաստանը ունակ չէ դրան: Սա ընդամենը աբսուրդի ժանրից է, որին իբր հավատում է Հայաստանը: Կամ Հայաստանի կողմից նախապատրաստվող այս խաղն ընդամենը ժամանակ ձգելու համար է, հույս պահելով, որ մի հրաշք կլինի, քանզի այս իրավիճակում Հայաստանը ոչ մի նորմալ քայլ չունի անելու՝ պատասխանելու: Դպրոցականին անգամ հասկանալի է, որ ժամանակ ձգելու այս ճանապարհը լրիվ ծիծաղելի է: Սա ծիծաղելի չէ միայն մի դեպքում, եթե Հայաստանն ուզում է այդ ժամանակահատվածում թաքուն պայմանավորվածությամբ որքան հնարավոր է շատ բան զիջել թշնամուն, ժողովրդին արտաքուստ ցուցադրելով՝ սարքելով, որ այլ ճանապարհ չկար, ինքը պետք է զիջեր՝ ավելի մեծ կորուստներից խուսափելու համար …

Ահա սա է այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունը, որը նաեւ շատ տարօրինակ նախապատրաստություն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ իբր «խաղաղության պայմանագիր» կնքելու համար:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031