«Ազատություն» ռ/կ. ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը առաջին տվյալները հրապարակեց Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցածի արդյունքում զոհերի վերաբերյալ․ այս պահին առկա տեղեկություններով, սպանվել է 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։
Համերգասրահում բռնկված հրդեհը տարածվել է շենքի ճակատային հատվածով մեկ, տանիքը փլուզվում է, տեղից հաղորդում է պետական ՏԱՍՍ գործակալության թղթակիցը։
Ըստ ականատեսների, երկհարկանի շենքում լսվում են պայթյուններ, ներսում, ըստ նախնական տվյալների, դեռ մարդիկ կան։
«Ըստ այս փուլում առկա տեղեկատվության՝ Ուկրաինան ներգրավված չէ»,- հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ «Այս պահին ոչ մի նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները կապ ունեն կրակոցների հետ: Բայց, կրկին նշեմ՝դա հենց նոր է տեղի ունեցել, և մենք դեռ ուսումնասիրում ենք»,-ասել է Սպիտակ տան պաշտոնյան։