Լրահոս
Օրվա լրահոսը

Սև կոմեդիա՝ սպիտակ բեմում․ չճարվող տոմսեր, լեփ-լեցուն դահլիճ՝ «Art փսիխոզի» ֆենոմենը

Մարտ 22,2024 22:40

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում արդեն 7-րդ անգամ ներկայացվում է ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Արտ» պիեսի հիման վրա բեմադրված «Արտ Փսիխոզ» սև կոմեդիան, որի տոմսերը, որպես կանոն, դեռ կես ամիս առաջ սպառվում են, չեն ճարվում։ Ներկայացումներն ամեն անգամ անցնում են լեփ-լեցուն դահլիճում, հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունում։

Ներկայացման ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է, պրոդյուսերը Տիգրան Վիրաբյանը, դերերում Բաբկեն Չոբանյանը, Արամ Կարախանյանն ու Միկա Վաթինյանն են, որոնք հստակ ուղերձ ունեն հղելու հանդիսատեսին․ որքան էլ ընկերների միջև տարաձայնություններ, վեճեր լինեն, ի վերջո հնարավոր է լեզու գտնել, երկխոսել, հաշտվել։

Սև կոմեդիան ծավալվում է 50 հազար եվրոյով ձեռք բերված Անտրիոսի սպիտակ կտավի շուրջ, այն դառնում է միջոց երեք ընկերների՝ Սերժի (դերակատար Բաբկեն Չոբանյան), Մարկի (Միկա Վաթինյանի) ու Իվանի (Արամ Կարախանյան) համար՝ մեղադրելու, վիրավորելու, հեգնելու միմյանց, բայց և վերջում հաշտվելու, ընդունելու սեփական  սխալները ու դողալու  աշխարհում ամենաթանկ հարաբերության՝ ընկերության վրա։

Կտավը ձեռք  էր բերել Սերժը, ով այդպես էլ չէր հասկանում, թե ինչու Մարկը իր պես չի հիանում, չի ոգևորվում, չէ՞ որ մեծ գումար է վճարել դրա դիմաց։  Հաշտեցնողի դերում հանդես է գալիս Իվանը, որը թաղված էր խնդիրների մեջ, զբաղվում է գրենական պիտույքների վաճառքով։

Պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել նման բարձր որակի ստեղծագործական խմբի հետ։ Նրա բնութագրմամբ՝ և՛ դերասանական անձնակազմը և՛ բեմադրիչը և՛ կոմպոզիտորը Հայաստանի լավագույնների շարքից են։

«Խոսելով երեք դերասանների մասին՝ ես գրեթե միշտ առիթ եմ ունենում ասելու, որ սա ներկայացում չէ․ երեք դերասանները՝ Բաբկեն Չոբանյանը, Արամ Կարախանյանն ու Միկա Վաթինյանը 1,5 ժամանոց վարպետության դաս են անցկացնում Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում՝ ինչպես է պետք խաղալ ներկայացում։
Վաղուց կար նպատակ այս եռյակի հետ որևէ նախաձեռնություն իրականացնել և ի երջանկություն ինձ՝ նրանք վստահեցին ինձ ու հավատացին նախագծին․ և՛ բեմադրիչի հետ՝ Արշո Հարությունյանի և՛ կոմպոզիտորի՝ Վահագ Հայրապետյանի հետ մենք կարողացանք ստանալ այս ներկայացումը»։

Ըստ մեր զրուցակցի, իրեն մեծ հրճվանք է պատճառում այն, որ հանդիսատեսը թեթև կատակերգությունների կողքին կարողանում է նման որակի ներկայացում սիրել, հավանել և խորհուրդ տալ շրջապատին պարտադիր  դիտելու։

Ներկայացումը շուտով՝ մայիս ամսին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմ կբարձրանա՝ միջազգային փառատոնի շրջանակում, իսկ սեպտեմբերի 14-ին և 21-ին այն կխաղան ԱՄՆ-ում։

Տիգրան Վիրաբյանի տեղեկացմամբ, արդեն իսկ պայմանավորվածություն կա․ «Առանտո փրոդաքշընը» իրականացնում է հյուրախաղերը, կան արդեն հայտարարությունները, փոստերները։ Այն սկզբում կբեմադրվի Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի «HGBU մանուկյան արվեստի կենտրոնում», բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի այլ քաղաքներում ևս ներկայացնելու։

«Որպես պրոդյուսեր՝ եթե թվարկեմ իմ արած հինգ աշխատանքները, սա լավագույն հնգյակում կլինի։ Վստահ եմ, որ այս ներկայացման արձագանքները հնարավորություն կտան ինձ համոզվելու, որ պետք է թատերական ոլորտում անել այս որակի ներկայացումներ և չվախենալ, թե ինչքան ներկայացումը բարձրաճաշակ, այնքան հանդիսատեսի պակաս կլինի։ Այս ներկայացումն ապացուցում է, որ դրա խնդիրը չկա»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։

Կոմեդիայի հերոսներից Սերժին մարմնավորող Բաբկեն Չոբանյանը, որը գրեթե 5 տարի բեմ չէր բարձրացել, ևս մեզ հետ զրույցում կիսվեց իր հոգեապրումներով, տպավորություններով։

Նա նշեց, որ իրեն նախևառաջ հետաքրքրեց պիեսը, նաև մի տեսակ հանգիստ էր զգում, քանի որ պրոդյուսերը Տիգրան Վիրաբյանն է, ռեժիսորը Արշո Հարությունյանը, ընդգրկված են նաև իր սիրելի գործընկերները, որոնք ճանաչված դերասաններ են։

«Մի քանի երնեկ մի տեղ էր և ոչ մի պատճառ չունեի հրաժարվելու, որոշեցինք անել այն, ինչ բոլորս ուզում էինք։

Պիեսը ընկերության մասին է, երեք ընկերոջ մասին է, ընկերներից մեկը բժիշկ է, մյուսը՝ ինժեներ, երրորդը մասնագիտություն չունի, դժվար կյանքով է  ապրում։ Հարուստ ընկերը կտավ է ձեռք բերում պատկառելի գումարով, կտավն էլ ամբողջովին սպիտակ է, չերևացող, աննշան, բայց նա ահագին մեծ գումար է տվել, ձեռք բերել։ Կտավի պատճառով բացվում են նրանց հարաբերությունների թնջուկները, կռվում են, նոր բաներ են ի հայտ գալիս, բայց վերջում, իհարկե, հաղթում է ընկերությունը։

Ուղերձը հետևյալն է՝ ինչ էլ պատահի, մարդուն վիրավորել, նեղացնել չի կարելի, կտրուկ լինել չի կարելի, ճաշակները կարող են տարբեր լինել, մարդիկ կարող են ուրիշ կերպ մտածել, բայց ընկերությունը միշտ պիտի փայփայել»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ իրենց ուղերձը տեղ է հասել հանդիսատեսին։

«Դատելով հանդիսատեսի արձագանքից՝ պիտի ասենք ուղերձը տեղ է հասել, քանի որ բոլորը ասում, խոսում են  այդ մասին։ Ներկայացումն այնպես է կառուցված, որ ինտելեկտուալ փիառ չէ, բարոյախրատական դաս չէ , այդ ամենը համեմված է հումորով և թեթև է անցնում, ուրիշ կերպ է սկսվում ներկայացումը՝ ուրիշ տպավորությամբ, բայց ավարտվում է  լրիվ ուրիշ տպավորությամբ։ Կարևոր բաների մասին թեթևությամբ ենք խոսում։

8-9 ներկայացում խաղացել ենք, տպավորություն կա, որ հանդիսատեսը միշտ մեր կողմից է։ Դահլիճում այդ զգացողությունը կա, որ իրենք ապրում են հերոսների կյանքով, հերոսների հույզերով, շատ տաք, ջերմ մթնոլորտում է անցնում, վերջում չեն թողնում գնանք»։

Բաբկեն Չոբանյանն ասում է՝ պատրաստվում են երկար խաղալ այս ներկայացումը՝ և՛ իրենց է հետաքրքիր, և՛ ինչքան զգում են՝ նաև հանդիսատեսին։

Նա նշում է՝ պիեսը բեմադրելով՝ ստեղծագործական թիմը ֆինանսական ակնկալիք չի ունեցել, չի մտածել փող աշխատելու մասին, այլ իրենց համար կարևոր է եղել խոսել իրենց հետաքրքրող թեմաների շուրջ։

Նա այն բնութագրում է որպես «տաք ներկայացում, որը երկար կյանք կունենա»։

«Խոսել է պետք, զգույշ լինել իրար նկատմամբ, փայփայել  հարաբերությունները»,-ասում է Բաբկեն Չոբանյանը։

Ներկայացումը հանդիսատեսին մտածելու առիթ է տալիս հենց այս ուղղությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031