Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Քննչական մարմինը պրակտիկայում վերականգնում է ապաքրեականացված «ծանր վիրավորանք» հոդվածը». Արսեն Բաբայանը՝ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին մեղսագրվող հոդվածի մասին

Մարտ 22,2024 21:12

«Մենք գտնում ենք, որ Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին մեղսագրվող արարքը՝ տվյալ դեպքում խմբակային խուլիգանությունը, իրենց արարքին վերաբերելի չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սաղաթելյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Բաբայանը՝ հավելելով, որ տղաների արարքը վիրավորանք կարող է դիտարկվել, իսկ «ծանր վիրավորանք» հոդվածը, որը գոյություն ուներ հին ՔՕ-ում, ապաքրեականացված է:

«Ես գտնում եմ, որ քննչական մարմինն, ըստ էության, պրակտիկայում վերականգնում է ապաքրեականացված «ծանր վիրավորանք» հոդվածը: Անունը դրել են խուլիգանություն, բայց արարքը, որը կատարվել է, նույնն է, ինչ ծանր վիրավորանքն էր, որը ապաքրեականացվեց»,-ասաց Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը  եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա՝ խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են:

Արսեն Բաբայանը նաեւ տեղեկացրել էր, որ քննիչը չի թույլատրել ԱԺ պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Էլինար Վարդանյանը եւ Լեւոն Քոչարյանը տեսակցեն Վազգեն Սաղաթելյանին:

«Պատգամավորների մուտքը ազատ է բոլոր պետական հիմնարկներ, նրանք կարող են տեսակցել ձերբակալված եւ կալանավորված անձանց հետ ու դրա փորձը նախկինում եղել է: Քննիչը պատճառաբանեց, թե քննչական գործողություն են անում: Ես ասացի, որ ոչինչ էլ չենք անում, քանի որ քննչական գործողությունը դեռ չէր սկսվել : Ասաց՝ ոչ, չեմ թողնում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ձերբակալությունից հետո, 24 ժամվա ընթացքում, դատարանը տղաներին կալանավորվելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի: Արսեն Բաբայանն ասաց, որ Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին, եւ դատական նիստը նշանակվել է այսօր, ժամը 23:00-ին:

Նարեկ Սամսոնյանի կալանավորման հարցը այժմ դատարանը քննում է:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031