Մարտի 21-ից մեծ էկրանին է հայկական՝ «Կատարյալ ապուշը» գեղարվեստական կինոնկարը, որի ռեժիսորը Տիգրան Նալչաջյանն է: Նա նաեւ ֆիլմի գլխավոր դերակատարն է: «Ֆիլմը կատակերգություն է, որը նախատեսված է հանդիսատեսի լայն լսարանի համար, այն որպես այդպիսին կարելի է անվանել ընտանեկան ֆիլմ, որը կարող են դիտել բոլորը: Հանդիսատեսի համար հաճելի ժամանց ապահովելուց բացի՝ այս ֆիլմը նպատակ ունի նաեւ բարություն և արժեքներ հաղորդել հասարակությանը։ Կարծում եմ, որ դահլիճից դուրս եկող հանդիսատեսը կունենա ցանկություն բարի գործ անելու։ Եվ եթե յուրաքանչյուրը կատարի թեկուզ մեկ, թեկուզ չնչին մի բարի գործ՝ աշխարհը կդառնա ավելի լավը»,- նշեց Տիգրան Նալչաջյանը:
Նրա մարմնավորած հերոսը Տիգրիսն է, որը խենթ կերպար է,մարդ է, որը որոշել է փոխել աշխարհը ու մարդկանց միջից հանել չարությունը։ Հերոսն անընդհատ հայտնվում է տարատեսակ զվարճալի արկածների մեջ:
Ֆիլմի մյուս առանցքային կերպարներին մարմնավորում են Արման Ղազարյանը, Մելսիդա Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Քրիստինա Հովակիմյանը, Սերգեյ Սարգսյանը, Վահագն Գալստյանը, Օֆելյա Հարությունյանը, Արթուր Հակոբյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Հայկ Հովհաննիսյանը, Սեպուհ Ապիկյանը և այլք:
«Մեծ քասթինգ չեմ հայտարարել։ Առանձին քասթինգներ եղել են որոշ կերպարների համար, որոնց հարցում տատանվել եմ։ Արդյունքում՝ կայացրել եմ արդյունավետ որոշում, որովհետեւ այս ֆիլմը առանձնանում է նաեւ պրոֆեսիոնալ ու ուժեղ դերասանական խաղով։ Անգամ էպիզոդներում պրոֆեսիոնալ դերասանների ենք նկարահանել»,-ասաց Տիգրանը:
Ռեժիսորը լիահույս է, որ ֆիլմը կսիրվի. «Ակնկալում եմ, որ կլինեն լեփ-լեցուն դահլիճներ, որոնք ինձ կտան հնարավորություն վերադառնալու նկարահանման հրապարակ, հավաքելու շատ լավ թիմ եւ նկարելու իմ նոր կինոն, գուցե հենց «Կատարյալ ապուշը-2»-ը։ Մի խոսքով, ամեն ինչ ժամանակը ցույց կտա»:
Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ