Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի գինը թա՞փ է հավաքում. Աղասի Թավադյան

Մարտ 22,2024 19:59

Ինչպե՞ս է ձևավորվում բենզինի գինը շուկայում

Նախ ուսումնասիրենք բենզինի գինը տարածաշրջանի այն երկրներում, որոնք հիմնականում համարվում են նավթամթերք ներմուծող պետություն։ Նշեմ, որ Հայաստանում համեմատած մեր հարևանների և ԵԱՏՄ երկրների բենզինի գինը ամենաբարձրն է։ Սակայն սրա պատճառները հիմնականում տրանսպորտային ծախսերն են և այն հանգամանքը, որ Հայաստանը նավթամթերք արտադրող պետություն չէ։ Այս պահին, ՀՀ դրամով հաշվարկված, Վրաստանում ԱԻ95, պրեմիում դասի բենզինի գինը կազմում է մոտ 465 դրամ, իսկ Հայաստանում՝ 530 դրամ։ Այս նյութում կուսումնասիրենք, թե իրականում ինչ ազդեցություն ունեն բենզին ներկրողները բենզինի գնագոյացման վրա։

Գծապատկեր 1.

Գծապատկեր 2-ում ներկայացված է բենզինի ընդհանուր քանակության ներմուծումը միլիոն կիլոգրամով: Ինչպես երևում է գծապատկերից նավթամթերքի ներմուծման ծավալները 2010-ից 2019թ. սկիզբը եղել են գրեթե անփոփոխ: 2019 թվականից սկսած գրանցվել է նավթամթերքի ներմուծման շարունակական և կայուն աճ: 2017թ. ներմուծվել է համապատասխանաբար 200 և 140 մլն կիլոգրամ դիզվառելիք և բենզին, իսկ 2023թ արդեն 300 և 225 հազար կիլոգրամ: Ընդհանուր նավթամթերի ներկրումը վերջին 5 տարիների ընթացքում աճել է 1.5 անգամ։ Ուշագրավ է նաև, որ 2023 թվականի ընթացքում նավթամթերքի ներմուծման քանակական աճ գրեթե չի գրանցվել և այդ տարվա կեսերից աճը բացասական միտում ունի։ Նավթամթերքը էներգիայի կարևոր աղբյուր է, որն ապահովում է տրանսպորտային և արդյունաբերական գործունեությունը: Երբ երկիրն ավելի շատ նավթամթերք է ներկրում, դա ընդհանուր առմամբ նշանակում է, որ էներգիայի ներքին պահանջարկը մեծանում է։ Սա կարող է լինել աճող տնտեսության ցուցանիշ, որը վկայում է սպառողական ծախսերի, ձեռնարկատիրական գործունեության և արդյունաբերական արտադրության աճի մասին:

Գծապատկեր 2.

Գծապատկեր 3-ում ներկայացված է բենզինի գնի փոփոխությունը: Բենզինի գինը մինչև 2023 թվականին գրանցված աճը, ամենաբարձրն է եղել 2022 թվականի ապրիլին, երբ 1 լիտր պրեմիում դասի բենզինը արժեր 540 դրամ: 2022թ. վերջին պրեմիում դասի բենզինի գինը նվազեց մինչև 350 դրամ 1 լիտրի համար, որը գրանցվել էր 2023 թվականի փետրվարին: 2023 թվականին շարունակաբար գրանցվեց վառելիքի գնի բարձրացում: Թե ինչո՞վ էր պայմանավորված այդ բարձրացումը կքննարկենք հաջորդիվ: 2024 թվականից բենզինի գինը սկսեց նվազել, ինչպես կանխատեսել էինք 2023 թվականի նոյեմբերին, երբ գրանցվել էր այդ տարվա ամենաբարձր բենզինի գինը։ Սակայն նավթամթերքի համաշխարհային շուկայում փոփոխությունները թույլ չտվեցին, որ բենզինի գինը ներքին շուկայում նվազի մինչև կանխատեսված մակարդակը և այս պահին մենք գտնվում ենք պլատոյի վրա։ Սակայն նավթամթերքի գնի համաշխարհային փոփոխությունը թույլ չտվեց, որ ներքին շուկայում բենզինը նվազի կանխատեսված մակարդակին և ներկայումս գտնվում է հարթության վրա։

Գծապատկեր 3.

Ստորև ներկայացված է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման գինը: Այն հաշվարկվել է բաժանելով տվյալ ամսվա ներմուծման արժեքային և բնեղեն տվյալները, որից ստացվել է բենզինի գնի կիլոգրամի ներմուծման արժեքը ԱՄՆ դոլարով: Ստացված ցուցանիշը բաժանվել է բենզինի և դիզելի խտության վրա և բազմապատկվել տվյալ ամսվա միջին ԱՄՆ դոլար դրամ փոխարժեքով: Իհարկե ստացված ցուցանիշը ունի որոշակի ճշգրտության խնդիր, քանի որ նավթամթերքի խտությունը ըստ ջերմաստիճանի կարող է փոխվել ինչպես նաև պետք է հաշվի առնել դոլարի վաճառքի գինը ներքին շուկայում, այլ ոչ թե միջին փոխարժեքը։ Սակայն այս ցուցանիշի դինամիկան հստակ պատկերացում կարող է տալ, թե ինչքանով է տարբերվում նավթամթերքի գինը սահմանին, որը ձեռք են բերում մեր տնտեսվարողները։ Բենզինի և դիզվառելիքի սահմանին գնված գինն է, որ ձևավորում է բենզինի գինը ներքին շուկայում։

Գծապատկեր 4.

Դիտարկենք նաև նավթամթերքի ներմուծումը ըստ պետությունների։ Դիզելային վառելիքի 76.6 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից, 11.9 տոկոսը Իրանից: Հետաքրքիրն այն է, որ ճիշտ է Իրանի ներքին շուկայում բենզինի լիտրը շատ ցածր գին ունի, այն Հայաստան ներմուծվում է գրեթե նույն գնով, ինչ Ռուսաստանից: Սա կարող է քաղաքական պատճառներ ունենալ։ Ռուսաստանից եկող նավթամթերքի գինը թանկ է, քանի որ բարձր են տրանսպորտային ծախսերը, իսկ Իրանի հետ մենք ունենք ուղիղ սահման: Նշենք նաև, որ Վրաստանը նույնպես իր բենզինի ներմուծման զգալի մասը իրականացնում է Ռուսաստանից։

Գծապատկեր 5.

Վերջին գծապատկերում ներկայացված է բենզինի ներմուծման գնի և շուկայական գնի դինամիկան դիզելային վառելիքի և բենզինի համար: Ինչպես երևում է ներմուծման գինը և շուկայական գինը ունեն կախվածության մեծ աստիճան: Այսինքն Հայաստանի ներքին շուկան բավականին մրցունակ է և չի կարող թելադրել ներքին գինը։ Այն գինը, որով սահմանին տնտեսվարողը գնում է նավթամթերքը համեմատելի է այն գնին, ինչ վճարում է սովորական քաղաքացուն:

Այստեղ ներքին շուկայի գինը հաշվարկվել է ըստ սպառողական գների ինդեքսի տվյալների բազայի, որը բազմապատկվել է 2023թ․ հոկտեմբերի վերջին գրանցված ներքին շուկայի նավթամթերքի գներով։ Գծապատկերում ներկայացված երկու ցուցանիշն էլ՝ գինը սահմանին և ներքին շուկայում, ունեն սխալի աստիճան։ Սա է պատճառը, որ որոշ դեպքերում բենզինի գինը ներքին շուկայում ավելի ցածր է, քան սահմանին։ Անկախ դրանից գծապատկերը հստակ ցույց է տալիս, որ նավթամթերքի գինը սահմանին ձևավորում է գինը ներքին շուկայում։ Սակայն չի բացառվում, որ բենզին ներկրողը նվազեցնում է բենզինի խտությունը, ինչից էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ որոշ ամիսների ընթացքում բենզինի գինը սահմանին ավելի բարձր է, քան ներքին շուկայում։ Նորից նշենք, որ տվյալների մեջ հնարավոր է որոշակի սխալ, և վերջին պնդումը կարող է չհամապատասխանել իրականությանը և պահանջում է լաբորատոր հետազոտություն։

Շուկան մրցունակ է և արագ արձագանքում է սահմանին բենզինի գների փոփոխությանը: Բենզինի գինը կարգավորելու և այն իջեցնելու համար առաջին հերթին այն պիտի կարգավորվի սահմանին: Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայում և ըստ ԵԱՏՄ համաձայնագրի պետք է գործի ընդհանուր էներգառեսուրսների շուկա: Բենզինի գնի համեմատաբար բարձր լինելը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային ծախսերով: Հնարավոր է բենզինի ներմուծումը դիվերսիֆիկացնել և այն ներմուծել Իրանից, որտեղից տրանսպորտային ծախսերը ավելի քիչ կլինեն, սակայն սա արդեն քաղաքատնտեսական և նոր ենթակառուցվածքների ձևավովորման հարց է։

Գծապատկեր 6.

* Այս վերլուծության բոլոր տվյալները վերցված են պաշտոնական նաև աղբյուրներից, մասնավորապես՝ աշխատավարձի, աշխատողների թվաքանակի և կազմակերպությունների վառելիքի թանկացման ամսական տվյալների բազան ըստ ՍԳԻ սկսած 2017թ․, վառելիքի ներմուծման ամսական տվյալների բազան ըստ 6-նիշ արտաքին տնտեսական գործունեության ծածկագրերի և պետությունների։ Ինչպես նաև բենզինի և դիզելային վառելիքի գնի օրական տվյալների ներքին աղբյուր։ Հաշվարկները ամբողջությամբ հասանելի են github-ում, դրանք կարելի է ստուգել այցելելով github-ի մեր էջը, որտեղ տրված են տվյալները, հաշվարկների և գծապատկերների կոդը։

Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ

Տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031