ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Նախարարը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված աշխատանքները, պատասխանել պատգամավորների բազմաբնույթ հարցերին, տվել պարզաբանումներ: Նախարարն իր զեկույցում, ի թիվս մյուս ոլորտների, անդրադարձել է նաև սպորտին և երիտասարդությանը:
Երիտասարդական կենտրոնների ստեղծում մարզերում
Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ երիտասարդության ուղղությամբ ԿԳՄՍՆ կարևորագույն աշխատանքը երիտասարդական կենտրոնների ստեղծումն է մարզերում: 2023 թվականին այդպիսի կենտրոններ են բացվել Իջևանում և Մեղրիում: Ընդհանուր առմամբ, Իջևանի, Մեղրիի և Վանաձորի կենտրոնները նախորդ տարի ունեցել են ավելի քան 16 000 այցելու։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ տարեվերջին ստեղծվել են ևս երկու երիտասարդական կենտրոններ՝ Դիլիջան և Ապարան համայնքներում, որոնց պաշտոնական բացումը նախատեսվում է հաջորդ շաբաթ:
Կարդացեք նաև
«Մշակել ենք նաև 10 մարզերի թվով 10 բնակավայրերում մասնավորի հետ համագործակցությամբ ժամանակակից մշակութային և երիտասարդական կենտրոնների ձևավորման նախագիծը: Կենտրոնները կներառեն նաև համայնքային գրադարանների գործառույթը, ինչը շատ կարևոր է: Նախագիծը կմեկնարկի 2024 թվականից»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարը։
Աճել է երիտասարդների մասնակցության ցուցանիշը կարողությունների զարգացման ծրագրերում
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին մասնակցության ցուցանիշը 23 %-ով գերազանցել է 2022 թվականի նույն ցուցանիշը: Շարունակվել է նաև «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացումը, որի շրջանակում տարեվերջի դրությամբ սուբսիդավորվել է ավելի քան 9 հազար վարկ:
Հայաստանի մարզիկները նվաճել են 445 մեդալ. մոտ 45 տոկոս աճ՝ նախորդ տարվա համեմատ
Անդրադառնալով սպորտի ոլորտում գրանցված արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2023 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 445 մեդալ, որը 2022 թվականի ցուցանիշից ավելի էր 44,9 %-ով: Այդուհանդերձ, աշխատանքներ կան իրականացնելու կանանց ներգրավվածությունը մեծացնելու և արդյունքային ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ մեդալներից ընդամենը 25-ն են, որ նվաճել են կանայք: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ աշխատանքներ են տարվում սպորտում կանանց հավելյալ խրախուսման մեխանիզմների մշակման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների գրանցած արդյունքները, որոնք միջազգային մրցաշարերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում նախորդ տարվա ընթացքում նվաճել են 38 մեդալ, այդ թվում՝ 15 ոսկե, 8 արծաթե և 15 բրոնզե:
Ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարությունը
Նախորդ տարվա իրադարձություններից ԿԳՄՍ նախարարը կարևորել է հատկապես «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» որոշման ընդունումը, որով առաջին անգամ և երկարաժամկետ կտրվածքով նախանշվել են ոլորտի ֆիզիկական ենթակառուցվածքների քարտեզը, կառավարման մոդելները, հաշվետվողականության կանոնները, բովանդակային չափորոշիչները և հսկողական մեխանիզմները:
Սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2023 թ. 5 անգամ ավելացել է 2018 թ. համեմատ
Անդրադառնալով սպորտի ոլորտի ֆինանսավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2023 թվականին այն 5 անգամ ավելի է եղել 2018 թվականի համեմատ. սպորտի ոլորտում նախորդ տարի շուրջ 10,3 մլրդ ՀՀ դրամի պետական ներդրումներ են կատարվել: Նախորդ տարի մշակվել է նաև ֆեդերացիաների ֆինանսավորման նոր կարգ՝ ֆինանսավորումը փոխկապակցելով մարզաձևերում զարգացման հեռանկարների և գրանցած արդյունքների հետ: Այս տարվանից այդ կարգը կիրառվում է:
Երևանում նախորդ տարի անցկացվել է միջազգային 5 խոշոր առաջնություն
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ Երևանում նախորդ տարի անցկացվել են 5 խոշոր միջազգային առաջնություններ՝ նախորդ 30 տարիների հանրագումարի չափ: Մասնավորապես՝ Երևանում անցկացվել են ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը՝ 40 երկրի 600 մասնակցով, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը՝ 39 երկրի 350 մասնակցով, սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ 71 երկրի 700 մասնակցով, լատինաամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը՝ 33 երկրի 120 մասնակցով, ինչպես նաև բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է 52 երկրի 450 ներկայացուցիչ:
Նախարարի խոսքով՝ շարունակվել են նաև բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման ծրագրերը. տարվա ընթացքում 64 մարզիկ և մարզիչ ստացել է ամսական 100-ից 500 հազար ՀՀ դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ ամսական 500 հազարից 1 մլն ՀՀ դրամ, 2 մարզիկ՝ ամսական 1 մլն ՀՀ դրամից ավելի՝ որպես գրանցած արդյունքների խրախուսում: Միանվագ տարեվերջյան պարգևատրում է ստացել 206 մարզիկ, մասնավորապես՝ 70 մարզիկ ստացել է մինչև 500 հազար ՀՀ դրամ, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն ՀՀ դրամ և 91 մարզիկ՝ 1 մլն ՀՀ դրամից ավելի գումար՝ տարվա ընթացքում իրենց գրանցած հաղթանակների համար: Մարզական լրագրողների և մարզիչների քվեարկության արդյունքում տարվա լավագույնը ճանաչված 10 մարզիկները պարգևատրվել են 5 մլն ՀՀ դրամով:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս տարի ամբողջությամբ փոխվելու է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգն ու ձևաչափը, սահմանվելու են անվանակարգեր, որոնք թույլ են տալու սպորտում խրախուսելու կոնկրետ ուղղություններ և հատկանիշներ:
Նախապատրաստական աշխատանք Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ
2023 թվականի ընթացքում շարունակվել է նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մերսողներին սպորտային նպաստի հատկացման գործընթացը, մասնավորապես՝ նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող:
«ՀՀ վարչապետի գավաթ». 5 խոշոր մրցաշար
Անդրադառնալով մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2023 թ. իրականացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 խոշոր մրցաշարեր, որոնց մասնակցել է շուրջ 6500 մարդ. սա 24 %-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ վարչապետի հովանու ներքո առաջին անգամ անցկացվել են նաև ուժային կառույցների միջև բանակային խաղեր, որին թիմերով մասնակցել են 184 աշխատակիցներ:
Նախարարի տեղեկացմամբ՝ այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարի սեղանի թենիսի և խճուղային հեծանվավազքի մրցումները կանցկացվեն միայն դպրոցականների շրջանում: Անցկացվել են մարզական մասսայական 3 միջոցառումներ, որոնց մասնակցել է 40 228 մարդ: 4 փուլով իրականացվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 12 000 աշակերտ: Անցկացվել են նաև ուսանողական խաղեր, որոնց մասնակցել է 25 բուհերի 1 520 ուսանող:
Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ սպորտի ոլորտում ընթանում են նաև խոշոր կապիտալ ծրագրեր. մի շարք մարզադպրոցներում ավարտվել են շինարարական, կառուցման և կահավորման աշխատանքները, որոշներում էլ դրանք շարունակվում են:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ