Ֆիրդուսի 13 հասցեում ապրող Սարգսյաններին այսօր ի վերջո ստիպեցին ազատել իրենց տունը: Հիշեցնենք, որ այդ տարածքը պատկանում է «էլիտ գրուպին»: Այսօր նշված հասցե էին գնացել ընկերության ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ եւ Սարգսյաններից պահանջում դուրս գալ տնից, որ քանդեն:
«Հիմա դրսում ենք, ասացին՝ տարբերակ չկա, դուրս հանեցին մեզ, մենք էլ մեր դարպասների մոտ ենք կանգնել»,- Aravot.am-ին ասաց Մարիամ Սարգսյանը: Նա պատմեց, որ այդ տունն իրենց ձեռքերով են կառուցել ու արդեն 40 տարի է՝ այդտեղ են ապրում, այդտեղ են ծնվել իրենց երեխաները: Նրա պատմելով՝ այդ հասցեում իրենք հաշվառված են, բայց տան սեփականության վկայական չունեն: Տարիներ առաջ ամուսնու եղբայրն է իր վրա վերցրել տան սեփականաշնորհման գործընթացը ու իրենց մոլորեցնելով՝ դարձել տան սեփականատեր: Մեր զրուցակցի պատմելով, իրենց տունը դեռ տարիներ առաջ գնել էր «Գոլդեն Հիլզ» ընկերությունը, փոխհատուցում տվել ամուսնու եղբորը, որպես տան սեփականատեր, վերջինս էլ գումարն առել ու անհետացել է: Մարիամ Սարգսյանի խոսքով, «Գոլդեն Հիլզը» նշված տարածքը վաճառել է «Էլիտ գրուպին»:
Հիմա Սարգսյանները փոխհատուցում են պահանջում էլիտ «գրուպից». «41 տարի գրանցված ենք այս տան վրա, բնակվել ենք այստեղ, կոմունալներն էլ մեր անունով է, 41 տարի է՝ մենք ենք վճարում: 2018 թվականին այս տարածքը իրացրել են, փաստորեն այդ ժամանակից ձեն-ձուն չկա, մենք էլ գիտենք՝ փոխհատուցում են տալու, էն էլ եկել են՝ դուրս եկեք: Սկսել են քանդել, տան տանիքն են քանդել, վերջին սենյակի պատը: Մեզ առաջարկեցին օգնել տեղափոխել տան իրերը, բայց ուր տանենք: 40 տարվա տուն է, հո մի օրվա կամ երկու օրվա ծանուցելու բան չէ: Մեզ չեն էլ նախապես ծանուցել, որ ազատենք: Էլիտ գրուպի դեմ հայց ունենք դատարանում, դատաքննությունը չի ավարտվել բայց մեզ արդեն հանեցին մեր տնից: Առավոտյան մեր մահճակալները տանելու ենք կառավարության շենքի մոտ, որ մնանք էնտեղ: Տեղ չունենք գնալու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ