Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ նման երկիրը երեսպաշտորեն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին. հայտարարություն

Մարտ 22,2024 18:56

Ժնևում ընթացող Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրի, էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտի, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության խորացման կարևորության հարցը։ Նշվել է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների համատեղ զարգացման կարևորությունը։

Ադրբեջանի նման համագործակցության շրջանակներում պարբերաբար փորձ է արվում սեղմել Հայաստանի շուրջ զարգացման օղակը, որի համատեքստում պարզ դիտարկելի է Հայաստանի էներգետիկ պոտենցիալի զարգացման զսպման փորձը, ինչն ինքնին մեր պետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքակազմերից է։ Մինչդեռ նավթագազային պաշարների հանույթի հետևանքով էկոլոգիական լրջագույն խնդիրներ հարուցող այս համագործակցությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն էությունից և արհեստական «մտահոգությունների» հրահրմամբ ձևավորել իրենց համար առավել շահավետ աշխարհաքաղաքական միջավայր։

Զուգահեռաբար, Ադրբեջանի «քաղհասարակությունը» (սահմանումն ինքնին զավեշտալի է) բաց նամակներ է հղում Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի ղեկավարությանը՝ ուշադրություն հրավիրելով Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի վտանգների վրա և կոչ անելով միջազգային ջանքերով հասնել դրա փակմանը:

Ադրբեջանական իշխանությունները և իրենք իրենց քաղհասարակություն որակած անհատների համախումբը արդյո՞ք ծանոթ են Ադրբեջանի բնապահպանական միջավայրի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների վերջին տարիների հաշվետվություններին, տեղյա՞կ են արդյոք քանի տասնյակ հազար հեկտար է աղտոտված նավթային թափոններով, քանի քաղցկեղածին լիճ կա և ինչպիսինն է վիճակագրությունը բնապահպանորեն հարուցված հիվանդությունների առումով։ Միայն «Թունավոր վայրերի նույնականացման ծրագրի» (Toxic Site Identification Program) շրջանակներում արձանագրվել է Բաքվին հարակից շրջաններում բարձր մակարդակի աղտոտվածությունը նավթամթերքներով, ծանր մետաղներով և այլ վնասակար արտանետումներով, իսկ Սումգայիթի արդյունաբերական քիմիական թափոնների առաջացրած աղտոտվածության մակարդակը ԽՍՀՄ ժամանակաշրջանից մինչ օրս գնալով աճել է։ Եվ նման երկիրը երեսպաշտորեն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ցանկացած համագործակցություն, որը միտված է Հայաստանի զարգացման հնարավորությունների սահմանափակմանը կեղծ մտահոգությունների քողի տակ, քանզի միակ մտահոգությունը, որն Ադրբեջանն ունի դա Հայաստանի զարգացումն է: Հայ փախստականության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի անօտարելի իրավունքի իրացումը գործնական ուղու վրա դնելու փոխարեն Ադրբեջանը զբաղված է տարածաշրջանային կեղծ օրակարգերի ստեղծմամբ, որոնք իրենց ամբողջության մեջ տեղավորվում են հակահայկականության ադրբեջանական ընկալումների և դրանց կիրառականության շրջանակներում։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031