Մարտի 23-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան հայտնի դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն եւ Լուի Լորթին։ Մեծ համբավ վայելող դաշնակահարները տասնյակ տարիներ միասին հանդես են գալիս որպես մեծ պահանջարկ վայելող դուետ։ «Chandos Records» ընկերության հետ նրանք ձայնագրել են դուետային կատարումների 8 ալբոմ:
Էլեն Մեղսիե-Առնոն երաժշտությամբ զբաղվում է 6 տարեկանից։ Ավարտել է Վիեննայի երաժշտական ակադեմիան‚ Ջուլիարդի դպրոցն ԱՄՆ-ում‚ Փարիզի ազգային կոնսերվատորիան։ Դաշնակահարուհին հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ ու ամենահեղինակավոր բեմերում՝ իր գեղեցիկ կատարումներով հուզելով բազմահազար ունկնդիրների։ Տաղանդաշատ դաշնակահարուհին Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Louis Vuitton Moet Hennessy-ի նախագահ‚ միլիարդատեր Բեռնար Առնոյի կինն է։ Նրանց երեք որդիները նույնպես զբաղվում են երաժշտությամբ։
Լուի Լորթին միջազգային ճանաչում վայելող դաշնակահար է։ Ստեղծագործությունների խոր մեկնաբանությունները‚ կատարողական վարպետությունը Լորթիին դարձրել են ամենապահանջված դաշնակահարներից մեկը: Ավելի քան երեսուն տարի նա համերգներ է տալիս ամբողջ աշխարհում՝ Շանհայից մինչև Բեռլին։ Նրա երկացանկը մեծ ընդգրկում ունի՝ Մոցարտից մինչև Ստրավինսկի:
Հայաստանյան համերգի ընթացքում Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին կներկայացնեն ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի Կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար։
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ