Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը:
ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը:
Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Ինձ համար մեծ երջանկություն և մեծ պատիվ է ողջունել ձեզ այսօր Ուրուգվայում՝ Մոնտեվիդեոյում՝ արդեն պաշտոնապես Հայաստանի Հանրապետության այս փոքրիկ տարածքում։ Ինձ համար կրկնակի և եռակի մեծ պատիվ և երջանկություն է բարձրացնել իմ երկրի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը և, ըստ էության, պաշտոնական մեկնարկ տալ Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացմանը։
Կարդացեք նաև
Գոհունակությամբ պետք է խոստովանել, որ 1992 թվականից ի վեր, երբ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, մեզ հաջողվել է ջերմ, բարեկամական, գործընկերային հարաբերություններ հաստատել և շատ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կառուցել։
Միևնույն ժամանակ, պետք է նկատել, որ երկու երկրների ղեկավարության շրջանակներում կա հստակ ըմբռնում, որ ժամանակն է այդ հարաբերությունները, այդ գործընկերությունն է՛լ ավելի խորացնել, դրանց հիման վրա կառուցել տնտեսական հարաբերություններ, մշակութային կապեր, խթանել մարդկանց միջև կապերը, և սրա համար էր, որ պակասում էր մի կարևորագույն օղակ` երկու մայրաքաղաքներում համապատասխանաբար երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունները։
Եվ այսօր արդեն հպարտությամբ կարող ենք նկատել, որ այդ բացը լրացված է։ Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Ուրուգվայի դրոշը, և Մոնտեվիդեոյում գործում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանությունը և ծածանվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը»:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն