ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Արդյոք մենք ի՞նչ հաջողություններ ունենք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ից պահանջելու մի աշխատանքային խմբի այցելություն՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հսկողություն, վերահսկողություն կամ դիտարկում իրականացնելու համար»։
Ժաննա Անդրեասյանն ասաց․ «ՅՈւՆԵՍԿՕ-ին երեւի այնքան նյութ եւ գրություններ ենք ուղարկել, որ մի քանի հատոր կկազմեն։ Սա անընդհատ աշխատանք է, որն անում ենք։ Եվ ոչ միայն ՅՈւՆԵՍԿՕ-ին, այլեւ մշակութային ժառանգության պահպանման հարցում որեւէ մանդատ ունեցող կազմակերպության հետ այս թեման շարունակաբար քննարկում ենք եւ օրակարգային ենք դարձնում։ Նաեւ մեր երկրում գործող դեսպանությունների եւ միջազգային կազմակերպություններին անընդհատ փոխանցում ենք տեղեկատվությունը, իհարկե, այդ ամենը գույքագրում ենք, վանդալիզմի դեպքերը։ Ամբողջությամբ գույքագրված եւ ուղարկված է մշակութային ժառանգության պատկերը։ Այսինքն՝ պատկերն առանձին, վանդալիզմի դեպքերն առանձին, եւ մենք անընդհատ այս տեղեկատվությունը թարմացված ուղարկում ենք»։
Անդրեասյանը հիշեցրեց, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցն Արցախ չի կայանում դեռեւս 2020 թվականի պատերազմից հետո, երբ հայկական կողմն այդ հարցը բարձրաձայնել էր։ «Մշակութային ժառանգության հարցը առաջիկայում մենք նաեւ կբարձրաձայնենք Հաագայի «Ռազմական ընդհարումների ժամանակ մշակութային ժառանգության պահպանման» կոնվենցիայի շրջանակներում։ ԱԳՆ-ի հետ ենք աշխատում, մի շարք նախագծեր կան՝ նաեւ ավելի տեսանելի դարձնելու հարցը։ Շարունակական աշխատանք է, չեմ կարող ասել, որ արդյունքները մեզ բավարարում են»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ