Ֆիրդուս 13 հասցեում լարված մթնոլորտ է: Ոստիկանության աշխատակիցները նշված վայր են եկել սեփականաշնորհման վկայական չունեցող Սարգսյանների ընտանիքին տնից հանելու որոշմամբ: Նշված հատվածը գնել է «Էլիտ գրուպ» ընկերությունը: Ընտանիքին փոխհատուցում չի տրվել, տարածքի սեփականատեր չլինելու հանգամանքով պայմանավորված:
Դեպքի վայր են գնացել նաեւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ, այս պահին բանակցում են ոստիկանների հետ՝ առաջարկելով մեկ կամ երկու օր ժամանակ ընտանիքի կարգավիճակը ավագանու նիստում բարձրաձայնելու եւ խնդրին լուծում տալու համար:
Ավագանու անդամ Արշակ Սարգսյանը Aravot.am-ին ասաց, որ բազմանդամ ընտանիքի են հանում, որտեղ կա նաեւ անչափահաս երեխա. «Փաստաթղթերով եկել են, որոշումը ոստիկանների ձեռքին է: «Էլիտ գրուպը» գնել է տարածքը, բայց իրենց ասելով, դատական գործընթաց կա, որը դեռ չի վերջացել: Մեր առաջարկն է՝ ժամանակ տվեք, որ մենք, որպես ավագանի, դիմենք, մարդիկ անօթեւան չմնան, 9 հոգանոց ընտանիք է, փոքր երեխա կա:
Կարդացեք նաև
Լվովյան հասցեում տուն քանդեցին, բայց այդ ընտանիքին ավագանու որոշմամբ, Լենինգրադյանում բնակարան հատկացրին: Այդ նույն առաջարկը փորձենք անենք, այս մարդիկ դրսում չմնան: Ասում են՝ հիմա պետք է դուրս գաք, այլ տարբերակ՝ չկա: Դեռ համաձայնության չենք եկել մի քանի օր սպասելու ժամկետի հարցով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ