Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը մարտի 20-ին հանդիպել է Վայոց Ձորի Գնդեվազ եւ Կեչուտ գյուղերում շրջող ԵՄ դիտորդական առաքելության անդամներին:
«Մարզի մյուս գյուղեր են հիմնականում գնում, ոնց որ այստեղ չէին եղել, ես էլ ասացի, բնականաբար, այստեղ պետք է գայիք. 2022 թվականին Ադրբեջանի ագրեսիայից ամենաշատը ազդեցություն կրած գյուղերն են»,-Aravot.am-ին պատմեց ավագանու անդամը:
Մեր զրուցակիցը դիտորդներին պատմել է նաեւ բնակիչների վրա թշնամու կիրառած հոգեբանական ճնշումների մասին, մասնավորապես. «Ադրբեջանցիների կողմից հայ օգտատերերի օգտահաշիվներով կամ հենց իրենց օգտահաշիվներով վիդեոներ են տարածվում, որտեղ երեւում է ամբողջ մեր տարածքը, Կեչուտի ջրամբարը ու հայտարարում են՝ հեսա գալիս ենք, վերեւից հսկում ենք ձեզ եւ այլն ու այսպես հոգեբանական տեռորի են ենթարկում բնակիչներին: Դիտորդների հիմնական աշխատանքն այստեղ պարեկություն անելն է, ընդամենը կարող են այդ ամեն ինչը իրենց զեկույցներում գրել, իրենք ուղղակի լսեցին: Ես էլ շեշտեցի, որ հարցերն ու խնդիրները պետք է բաղդատել, որովհետեւ այն ազդեցությունը, որ կրել է համայնքը, ոչ միայն տնտեսական է, սոցիալական, նաեւ հոգեբանական, ռեսուրսների հետ կապված խնդիրներ են: 2022 թվականի սեպտեմբերից հետո Ջերմուկ համայնքի ոռոգման ցանցի խողովակաշարը վնասվել է, չենք կարողանում նորոգել, որովհետեւ օկուպացված տարածքից է գալիս, մարդիկ զրկվել են գյուղատնտեսություն իրականացնելու հնարավորությունից: Գնդեվազի խմելու ջրի խողովակաշարն էլ էր վնասվել, բայց մի կերպ սարքվեց, մի քիչ հեռու էր գոնե, բայց ամեն դեպքում նրանց կողմից դիտարկվող տարածքի մեջ է, մի շարք ենթակառուցվածքներ ոչ միայն ադրբեջանցիների դիտարկման, այլեւ իրենց ազդեցության տակ են հայտնվել»:
Ավագանու անդամը դիտորդներին հայտնել է նաեւ 2022 թվականի թշնամու սանձազերծած ագրեսիայից հետո համայնքից բնակիչների արտագաղթի մասին. «Մարդիկ վախեցած են, էլ հետ չեն գալիս: 2022 թվականից հետո բավականին դուրս են եկել, կոնկրետ թվեր չեմ կարող հայտնել, բայց այդ խնդիրը բազմիցս բարձրաձայնել եմ ավագանու նիստին՝ արդյոք կարիքների գնահատում արե՞լ են, ունե՞նք ցուցիչներ, բազա, որի հիման վրա ծրագրեր կարող ենք ներկայացնել, ոչ մի բան չկա, նույնիսկ միջազգային կառույցները չեն արել: Մենք չգիտենք՝ համայնքն ինչքանով է տուժել, բայց քանի որ փոքր է համայնքը, բոլորս իրար ճանաչում ենք, որոշ չափով կարող ենք վերլուծել պատկերը, բայց կոնկրետ թվեր չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Սյուզաննա Ավետիսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից