Մոսկվայում առաջին անգամ լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն ԴԻԱԼՈԳ մատենաշարի շրջանակներում։
2024 թ․ մարտի 20-ին ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի նախագահ Արա Բաբաջանյանը համագործակցության հուշագիր են ստորագրել հռչակավոր հայ կոմպոզիտարի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուի կազմման և հրատարակման նպատակով համատեղ աշխատանքների վերաբերյալ։
Համաձայն պայմանավորվածության, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմաժանր ժողովածուն կլինի գիտական հրատարակություն և կընդհանրացնի նրա գործիքային, նվագախմբային և վոկալ գործերը։
Տեքստերը պատրաստվելու են տարբեր աղբյուրների (ձեռագրեր, վաղ հրատարակություններ, ինչպես նաև հեղինակային ձայնագրություններ) քննական համադրության մեթոդով և ուղեկցվելու են գիտական ապարատով։
Կարդացեք նաև
Ստեղծագործությունների ժողովածուն կընդգրկի նաև նախկինում չհրատարակված գործեր, որոնք գտնվում են հեղինակի ձեռագիր հավաքածուում (վաղ դաշնամուրային ստեղծագործություններ, լարային քառյակներ, խոշոր նվագախմբային պարտիտուրաներ), ինչպես նաև գործեր վաղեմի պարբերականներից և նոտային հրատարակություններից, որոնք մինչև այժմ հեղինակային ժողովածուների մաս չեն կազմել։
ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը պայմանավորվել են, որ մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունների հավաքման, դրանց համակարգման և հրատարակության պատրաստման նպատակով կստեղծվի համատեղ խմբագրական խորհուրդ՝ հայ և ռուսաստանյան հետազոտողների և արվեստգետների ընդգրկմամաբ։
Իսկ հրատարակության պատրաստվող նյութերի հնարավոր ամբողջականությունը ապահովելու համար կկազմակերպվի հետազոտողների աշխատանքը Հայաստանի և Ռուսաստանի արխիվներում, գրադարաններում և համանման հաստատություններում։
ԴԻԱԼՈԳ կազմակերպության և Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի միջև ստորագրված հուշագրով սկիզբ առած և տարիների համագործակցություն պահանջող այս աշխատանքը առաջին անգամ կապահովի Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգության համակարգային և ամբողջական ներկայացումը։
Մամուլի հաղորդագրություն