Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է գրում համակարգիչների պատվերը», «անձերի անուն չեմ կարող ասել». լարված զրույց ԿԳՄՍ նախարարի ու պատգամավորի միջեւ

Մարտ 22,2024 13:49

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնում է կառավարության ծրագրի 2023 թվականի իր ղեկավարած ոլորտի կատարման արդյունքը։

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարցրեց նախարարին. «ՏՀՏ համակարգիչները, որ գնում եք, ես ուզում եմ իմանալ՝ ո՞ր կառույցն է տալիս այդ պատվերը, ասում՝ այ հենց այս պարամետրերով համակարգիչներ են պետք։ Ես ուզում եմ հասկանալ՝ Արմավիրի մարզում այդ համակարգիչները, որ գնել եք, ձե՞ր կառույցն է տվել պատվերը, թե՞ դիմել եք մասնագիտական այլ կառույցների, թե՞ ժամանակակից աշխարհի համար ինչ համակարգիչներ են պետք, որը համապատասխանում է մեր կրթական ծրագրերին»։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ որեւէ մեկը չի նստում եւ ըստ իր քմահաճույքի չի կազմում այդ տեխնիկական բնութագրերը։ Կա առարկայական չափորոշիչ, որից պարզ է, թե կրթական գործընթացում որտեղ ու ինչպես պետք է օգտագործել համակարգչային սարքավորումները եւ ինչ սարքավորումների կարիք կա։ Եվ առաջին փաստաթուղթը, որն այդ պահանջարկի գնահատման համար հիմք է ծառայում, ըստ Անդրեասյանի, առարկայական չափորոշիչն ու ծրագրերն են։

«Քանի որ մենք ոլորտում ունենք մասնագիտացված կառույց, որը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն է, այդ տեխնիկական բնութագրերը նաև կարծիքի են ուղարկվում եւ քննարկվում են կառույցի հետ։ Ինչ վերաբերում է ծրագիրն իրականացնող կառույցին, ապա գնման գործընթացն իրականացվում է Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից, որն այդ համակարգիչների գնումն անում է բաց մրցակցային գնման միջոցով, որը, պետք է հատուկ նշեմ, միջազգային բնույթ ունի, այսինքն՝ դրան կարող են մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպությունները։ Ընդ որում, պիտի նշեմ, որ այս գնումը, որի մասին դուք խոսում եք, իրականացվել է Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգերով։ Եվ գնումների ընթացակարգի կարեւորագույն պայման է, որպեսզի տեխնիկական բնութագրերը գրված լինեն այնպես, որպեսզի դրանք ուղղորդեն կոնկրետ սարքավորման գնումը։ Այսինքն՝ չստացվի, որ փաստացի այդ պարամետրերին բավարարում է միայն մեկ մակնիշ, ինչը նշանակում է, որ արհեստական մրցույթ է իրականացվում։ Եթե ինչ-որ մտահոգություններ ունեք կոնկրետ, ապա պիտի խնդրեմ դրանք առարկայական ներկայացրեք, եւ կարծում եմ՝ մեր գործընկերները կտրամադրեն գնման պրոցեսի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը»,- ասաց նախարարը։

Սիսակ Գաբրիելյանը արձագանքեց. «Վերջում ո՞վ է այդ պատվերը գրում»։

Ժաննա Անդրեասյանն ասաց, որ ծրագիրն իրականացնող մարմինը ԾԻԳ-ն է, պետք է իրենց ուղղել հարցերը։ «Ո՞վ է որոշել, որ այս պարամետրերով պետք է լինի»,- հարցրեց Սիսակ Գաբրիելյանը։

«Եթե ձեզ անձեր են հետաքրքիր, անգիր չեմ կարող ասել։ Ես ձեզ բոլոր կառույցները թվարկեցի, ԾԻԳ-ին պետք է հարցում ուղարկել եւ ստանալ ձեր հարցերի պատասխանները»,- արձագանքեց Անդրեասյանը։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031