Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է` Ջերմուկի հողերն է՞լ են իրենցը, որ հիմա վերահսկում են. Գագիկ Ղազինյան. «Հրապարակ»

Մարտ 22,2024 11:25

Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ

– Ի՞նչ կարծիքի եք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որ պետք է Ադրբեջանին տալ Տավուշի մարզից 4 գյուղի տարածք, հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Փաշինյանն ասում է` այդ տարածքները ՀՀ սուվերեն տարածքում չեն, հայկական վերահսկողության տակ են անցել 1992-ի պատերազմից հետո:

– Ես կզարմանայի, որ որեւէ խելամիտ հայ մարդ այլ կարծիք հայտներ դրա վերաբերյալ, այնքան աբսուրդի ժանրից է, ի վերջո, այդ ո՞վ որոշեց ՝ որ թվականին ում կազմում է եղել, ինչ է եղել, ուրիշներն իրենց ակնհայտ չպատկանող ամեն սանտիմետրի համար արյուն են թափում, պետություններն իրենց ազգային շահերն են հետապնդում, մենք չգիտեմ ինչ հիմքեր ենք փնտրում, որ ասենք՝ սրանք մերը չեն։ Սա աբսուրդ է։ Բաներ կան, որոնց անդրադառնալը մարդու պատվից ցածր է։ Ինչ է` Ջերմուկի հողերն է՞լ են իրենցը, որ հիմա վերահսկում են։

– Իսկ պատերազմի սպառնալիքը ռեալ չե՞ք համարում, գուցե Փաշինյանն էլ է վախենում, որ Ադրբեջանը ՀՀ-ի վրա կհարձակվի։

– Իյա՜, իրո՞ք, ինչպես կասեր դասականը, ինքն է՞լ է վախենում։ Մարդը մի առիթով ասաց, չէ՞, որ կարող էր հողերը տալ, ու այսքան զոհեր չէին լինի, հիմա էլ եկել է ասի, որ եկեք տանք, որ զոհեր չլինեն, բայց այդ սկզբունքով մի օր էլ կասի՝ Երեւանը տանք, որ պատերազմ չլինի։ Իր փաստարկներն աբսուրդի ժանրից են, հնացած, չգիտեմ՝ ում համար նախատեսված, քիչ թե շատ խելացի մարդը կծիծաղի իր փաստարկների վրա, իսկ իրականում բոլորն էլ հասկանում են, որ սա ծրագիր է, որն իրականացվում է 2018-ից սկսած։ Խնդիրն այն չէ, որ անփորձ են, չեն հասկանում, այլ այս մարդկանց իշխանության են բերել հատուկ ծրագրով, իսկ իրենք հետեւողականորեն իրականացնում են այդ ծրագիրը։ 2018-ի իրադարձություններից հետո ինձ մոտ մի հարց էր առաջացել՝ ի՞նչ նպատակով արվեց այդ ամենը, գիտեի, որ երկու նպատակով է. Արցախի հանձնում, ռուսների՝ տարածաշրջանից հանում: Միշտ մտածում էի՝ ո՞րն է առաջնայինը, բայց հետագայում, ավելի կոնկրետ՝ մի քանի ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ Արցախն ընդամենը միջոց էր, որպեսզի հիմնական խնդիրը, այն է՝ ռուսներին տարածաշրջանից հեռացնելը, իրագործեն։ Գլոբալ խնդիրը դա էր, այդ նպատակով էին այս մարդկանց բերել իշխանության, իսկ իրենք հերթականությամբ կյանքի են կոչում այդ ծրագիրը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031