Այս օրերին Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր համայնքներում բնակիչները փակ ժողովներ են անում՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար: Ոսկեպարի գյուղապետարանում մեր ներկայության ժամանակ փակ հանդիպում էր, վարչական ղեկավարի աշխատասենյակից դուրս լսվում էին բնակիչների ձայները: Հավաքվում են, քննարկում, ջղայնանում:
Կիրանց գյուղում բնակիչները պատմում էին, որ ինչ լսել են Փաշինյանի հայտարարությունները, քունը կորցրել են. «Վարչապետն ասում է Խերեմլի, բայց մեր հողերը լրիվ էնտեղ է, մենք արտ ենք ցանել՝ էնտեղ է, ինչ ունենք՝ էնտեղ է, արոտավայրեր, խոտ ենք հնձում՝ էնտեղ է: Բա մենք ի՞նչ ենք անելու: Էդ ի՞նչ ղեկավար ես, որ դու Ադրբեջանի խոսքը լսում ես, իսկ մեր հայերին անընդհատ տրորում ես: Թող մեր տարածքները մեզ տա, իրենցն էլ՝ իրենց: Լճից էս կողմ մերն է: Բերքաբերից հետո մինչեւ 100 հա հող կա մինչեւ Մազամ, էդ մերն է, դե փոխանակի: Բայց որ ճամփեքը փակում է Վրաստանի ու Հայաստանի միջեւ, էդ ճանապարհին գազը անցնում է՝ Ադրբեջանինն է, ճանապարհը Ադրբեջանինն է, բա էս փոքրիկ գյուղը, Հայաստանը ի՞նչ անի: Բա եթե 4 գյուղը ինքը տալիս է, մարդկանց թույլ կողմին կպնում է, որ պատերազմ չլինի, բա մեր 31 գյուղը, մեր Արծվաշենը ինչի՞ չի պահանջում: Արծվաշեն գյուղը մեր Իջեւանից շատ մեծ է, Ադրբեջանի տարածքում է, թող էն տա, բայց ինչի՞ է էս գյուղերը տալում: Տղաս ոչ գիշերն է քնում, ոչ ցերեկը: Մտածում ենք: Արոտավայր չունենք: Ջահելներից ով խոսում է, ասում է՝ չէ, պիտի անպայման տանք, մենք բանակ չունենք, զենք չունենք, որ Ադրբեջանի դեմ կռվենք: Բա տալիս ես հողերն իրենց, էս երեխեքը միջին կոտորվե՞ն: Դպրոց ես բերել ճանապարհի եզրին սարքել՝ թշնամու քթի տակ»:
Կարդացեք նաև
Այն, որ ժամանակին Բաղանիս Այրումը, Կիզիլ Հաջիլին եւ մյուս երկու գյուղերը ադրբեջանական են եղել, բնակիչներն արձագանքում են. «Եղել են, ժամանակին համերաշխ ապրել ենք, բայց հիմա կարա՞ս դու գնաս նրանց մոտով անցնես: Թե բա՝ մեր կողմն էլ սահման կլինի, փշալար ենք պատելու, պարիսպ ենք պատելու, ա հլը քո ընտանիքը վեկալ արի ստեղ ապրի, տենամ կապրե՞ս»:
Կիրանցի բնակիչներին բարկացրել է, որ Փաշինյանն ուր գնում է, Հայաստանի ուրվագծային քարտեզը թղթապանակից հանում է ու թափահարում. «Հենա մի քարտեզ ունի էսքան, հանում է, ցույց տալիս, որ էս Հայաստանի տարածքն է: Մենք էլ ենք գիդում Հայաստանի տարածքը, դու չես էստեղ ապրել, կյանքդ անցկացրել: Ենոքավանի քարերի գլխին ապրել ես, ի՞նչ ես գիդում սահմանումը ժողովուրդը ո՞նց են ապրել: Չի պատկերացնում Փաշինյանը: Քաղաքում նստող ոչ մինը չի պատկերացնում: Մի հատ կրակոց եղավ, փախնում են: Բա մեր ջանը քարի՞ց է: Էն կռիվների վախտը մենք դաժե տանից դուրս էլ չենք եկել, մենք մնացել ենք մեր անասունին, մեր տունը, մեր սահմանը պահելու համար: Երկու տղա եմ ունեցել, Երկրապահում աշխատել է, 90-ականի պատերազմում վիրավորվել է: Մեր սխալն էն էր, որ էդ գյուղերի գլխին չենք տարել դրոշ դրել, ոնց որ ինքն է բերել Սյունիքի գլխին կանգնեցրել: Էնքան ասում եք հետ նահանջի, չե՞ք տեսնում, որ չի նահանջում»:
Մեկ այլ բնակիչ ասաց. «Ամբողջ էս վերեւի տարածքները սաղ իրանցն է, մեր գյուղը 70-80%-ով շրջապատված ենք լինում, Ոսկեպարը լրիվ շրջապատված է լինելու, մենք գոնե մի քիչ դուրս գալու, մտնելու տեղ ենք ունենալու, նրանք ոչ կարան Նոյեմբերյանի վրա ճանապարհ կունենան, ոչ էլ Իջեւանի վրա: Մեր քունն արդեն իսկ խանգարված է, ինչ լսել ենք, մեկը ես շատ վատ վիճակում եմ, փոքր երեխեք ունենք, հեսա երրորդն էլ ծնվելու է, ո՞ւր ենք գնալու, ո՞ւր ենք տանելու մեր երեխեքին: 6 մլն դրամ վարկ եմ վեկալել, «կռիշս» փոխել, տունը սարքել, որ նորմալ ապրեմ էստեղ, ո՞ւր գնամ»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ ասուլիսում հայտնած լուծումներին, որ Ոսկեպարի ճանապարհի մի հատվածը, որը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ, կվերակառուցենք, որ մեր սահմանում լինի, կիրանցիները արձագանքեցին. «Յա՜, էդ մի մետրի վրա թուրքը էնտեղ կանգնի, ես էլ գամ կողքով անց կենամ, քինա՞մ: Շատ լավ կլինի, շա՜տ: Թող շատ չէ, էդ ձեւի հողերը տա ու մի ամիս իրա կնոջ ու երեխեքի հետ էն տանը ապրի, որտեղ մոտիկ է սահմանին, թող սահմանն ինքը պահի, մենք էլ կապրենք ստեղ»:
Բնակիչները հեգնում էին Փաշինյանի միակողմանի զիջման քաղաքականությունը. «Ինքն ասում է՝ մենք 31 գյուղ ունենք, չի տալիս, մենք տանք, ինքը կտա: Վա՜յ, տվի՜ր: Հեսա կստանաս: Գիտես կտա՞»:
Հարցրեցինք՝ վարչապետը միամի՞տ է, հավատո՞ւմ է Ալիեւի խոստումներին, նա պատասխանեց. «Չգիտեմ, ընտրվեց, պտտվեց Տավուշի մարզում, թե էս ենք անելու, էն ենք անելու սահմանամերձ գյուղերին ու բերի թուրքին նորից կոխի քթի տա՞կը»:
Հարցին՝ դուք չե՞ք ընտրել Փաշինյանին՝ Կիրանցի բնակիչները խոստովանեցին. «Ընտրել ենք, բայց սխալվել ենք: Ապագա կա՝ կա ապագա, է՞ս ա իրա ապագան…Դպրոցը սարքեցին, ուրախանում էինք, վթարային դպրոց ունեինք, բայց հիմա ո՞վ է գնալու էդ դպրոցը: Ոչ մեկը: Հեսա սաղ թողելու են, դուրս գան: Մեկը ես իմ երեխուն ստեղ չեմ թողելու»:
Բնակիչներն ասում էին, որ սա իրենց անձնական հարցը չի, իրենք կարող են ունեցած-չունեցածը հավաքել, գնալ վարձով ապրել, բայց «Ալիեւը ստեղ վերունի, քինալու է հասնի Երեւան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ