Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է նեղացածության ամենավատ տեսակը

Մարտ 22,2024 10:00

Մեր հասարակական-քաղաքական բառապաշարում կա բավականին տգեղ, բայց, իմ կարծիքով, շատ դիպուկ մի բառ՝ «աբիժնիկ»: Խոսքը ոչ թե սովորական նեղացած մարդու մասին է, այլ այնպիսի մի անձնավորության, որը նեղացածությունը դարձնում է կյանքի նշանաբան, դրոշ, հավատամք:

Բոլոր մարդկանց կյանքում լինում են տհաճ պահեր: Մեկին հանում են աշխատանքից, մյուսին զրկում են իշխանությունից, երրորդին ստորացնելով պաշտոնանկ են անում: Լինում է, որ մարդը մանկության տարիներին ծնողական ջերմության պակաս է զգացել: Կամ՝ դպրոցում նրան ծեծել են ավելի ուժեղ կամ ավելի «դուխով» տղաները: Կամ՝ չուզողները խոչընդոտել են կարիերային: Հազար ու մի բան է պատահում: Մարդկանց մի մասն այդ նեղվածությունը հաղթահարում է, մյուսն անընդհատ փորփրում է վերքը եւ վրեժխնդրությունը դարձնում է կյանքի իմաստ:

Հակված եմ մտածելու, որ քաղաքական գործիչների մեծ մասը «աբիժնիկներ» են: Նրանք ձգտում են իշխել հնարավորինս շատ մարդկանց վրա՝ անցյալում իրենց այս կամ այն նեղվածությունից «մուռ հանելու» համար: Լինում են, իհարկե, բացառություններ: Օրինակ, Նելսոն Մանդելայի սիրտը չկարծրացավ՝ 27 տարի բանտում անցկացնելուց եւ ստորացումներ կրելուց հետո: Նա ջերմ հարաբերություններ հաստատեց նաեւ իրեն խոշտանգողների հետ:

Բայց դա ստանդարտից դուրս է: Իսկ ստանդարտն այն է, ինչ մենք տեսնում ենք, մասնավորապես, հայաստանյան իշխանության եւ ընդդիմության տեսքով:

Սակայն «աբիժնիկության»’ ինձ համար ամենաանընդունելի ձեւն է, երբ մարդիկ, որոնք ասելիք ունեն, հիասթափվում են սեփական հասարակությունից, նեղվում են անհասկացողությունից, վիրավորանքներից, գուցե նաեւ՝ քարկոծումներից եւ մտնում են սեփական պատյանի մեջ: Հպարտորեն փակվում են իրենց «փղոսկրյա աշտարակում» եւ հրաժարվում են «խոզերի առաջ մարգարիտներ շաղ տալուց»՝ ասպարեզը թողնելով թերուսներին, տհասներին եւ տգետներին, որոնք իրենց այդ թերությունները փոխհատուցում են ագրեսիվությամբ:

Եթե կիրառելի է այսօր առավել հաճախ հնչող բառը, ապա հենց նման պահվածքն է, որ կարելի է դավաճանություն անվանել: Դավաճանություն’ սեփական կոչմանը:

…13-րդ դարի ֆրանցիսկյան վանական Անտոնիոսը Պադուայից մտնում է Ռիմինի քաղաք, որի իշխանությունները խստիվ հրահանգել էին բնակիչներին ոչ մի դեպքում չշփվել Անտոնիոսի հետ, չլսել նրա քարոզները, որպեսզի «ուղեղները չպղտորվեն»: Վանականը, ամեն տեղ մերժում ստանալով, դուրս է գալիս քաղաքի արվարձան եւ մոտենում է գետին: Նա որոշում է Աստծո խոսքը փոխանցել ձկներին:

Եվ տեղի է ունենում հրաշքը՝ հարյուրավոր ձկներ դուրս են գալիս ջրի մակերես ու լսում են քարոզը: Աստիճանաբար մարդիկ նույնպես հավաքվում են Անտոնիոսի շուրջը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Սկզբունքային հարց դնենք՝ ժողովուրդը համաձա՞յն է Սահմանադրության երկրորդ հոդվածի հետ, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եթե համաձայն է, էլ ի՞նչ ենք սրան նրան մեղադրում արած չարածների համար, իշխանությունը պատկանում է ժողովուրդին, ժողովուրդն էլ պատասխանատու է այդ արած չարածների համար: Երբ մեղադրում ենք բացի ժողովրդից էլի ինչ որ երեւույթների, դրանով մենք ժողովրդի պատասխանատվությունը դնում ենք այդ երեւույթների վրա, ստացվում է իրական իշխանությունը ժողովուրդինը չէ, այլ այդ ինչ որ երեւույթներինը: Կամ ժողովուրդը պատրաստ է կրթվել եւ դառնալ սուբյեկտ եւ քննությունը դրական հանձնելուց հետո պետություն կառավարելու ՝վարորդական՝ իրավունք ձեռք բերի կամ էլ Սահմանադրության այդ երկրորդ հոդվածը գրվելու է որպես Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը չի պատկանում ժողովրդին, այլ պատկանում է ազգային ժողովին կամ վարչապետին կամ էլի ինչ որ դրսի ուժերին: Ժողովուրդը դեռ չի պատկերացնում , թե ինչ հաճելի է սեփական պետություն ունենալը, լավ է դու քո սեփական ավտոմեքենայով երթեւեկես, քան սրա նրա ավտոբուսով: Այսպիսով, խնդիրը ժողովրդին դաստիարակել կրթելն է որպես սուբյեկտ, ինստրուկտորը քեզ պետք է միայն կրթվելու եւ քննություն հանձելու ժամանակ, մնացած ժամանակ դու վարում ես ինքնուրույն որպես սուբյեկտ եւ դու էլ պատասխանատու ես քո արած չարածների համար: Շենքը կառուցում են հզոր ֆունդամենտի վրա, մեր պետությունը պետք է կառուցվի ներքեւից՝ սուբյեկտ մարդ, սուբեկտ ընտանիք, սուբյեկտ համայնք, հետո նոր սուբյեկտ պետություն: Ճանապարհային երթեւեկության կանոնների նման ստեղծում ենք մարդ, ընտանիք, համայնք, պետություն կառավարալու կանոններ:

  2. Ruben says:

    Չուխուլների և ձկների տարածք:
    Կբ այգի առանց վանդակների։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031