Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ուտել քիչ, բայց ստանալ շատ․ չիայի փոքրիկ սերմերը՝ սննդանյութային «հսկաներ»

Մարտ 22,2024 09:30

Առողջ ապրելակերպ վարող մարդկանց, բուսակերների սննդակարգում չիայի սերմերը կարևոր տեղ են զբաղեցնում, էլ չասենք, որ այդ սերմերով պատրաստված ու հատապտուղներով զարդարված գրավիչ տարաներն ինստագրամյան գեղեցկուհիների նախաճաշը զարդարող ամենօրյա բաղադրիչ են համարվում, համենայնդեպս այդ մասին են վկայում համացանցը ողողող բազմաթիվ լուսանկարները։

Չիայի սերմերը ստանում են Salvia hispanica (եղեսպակ) բույսից։ Այս սև կամ սպիտակ փոքրիկ սերմերը մարդիկ օգտագործում են ավելի քան 5000 տարի։ Դրանք կարևոր տեղ են զբաղեցրել ացտեկների ու մայաների  սննդակարգում, և մեր օրերում կրկին սկսում են պատշաճ ուշադրության արժանանալ, քանի որ իրավամբ համարվում են սննդանյութային «հսկաներ»։

Չիայի սերմերը հարուստ են բջջանյութով, սպիտակուցներով, օմեգա-3 ճարպաթթուներով, հակաօքսիդանտներով, այլ վիտամիններով ու հանքանյութերով, ինչպիսիք են կալցիումը, ֆոսֆորը, մագնեզիումը, երկաթը, ցինկը։  

Չիայի սերմերի կազմում առկա հակաօքսիդանտներից են քլորոգենաթթուն, կոֆեինաթթուն, միրիցետինը, կվերցետինն ու կեմպֆերոլը․ այս բոլորը պաշտպանիչ ազդեցություն են գործում սրտի ու լյարդի վրա, ունեն հակաքաղցկեղային ակտիվություն։ Օրինակ՝ քլորոգենաթթուն նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը, իսկ կոֆեինաթթուն հակաբորբոքային ազդեցություն է գործում։

Ինչպե՞ս են չիայի սերմերն ազդում առողջության վրա

Նպաստում են քաշի նվազեցմանը

28 գ․ չիայի սերմերը մոտ 10 գ․ բջջանյութ են պարունակում, իսկ դա մարդուն անհրաժեշտ օրական նորմայի մոտ 35 %-ն է։ Բջջանյութը կարևոր դեր է խաղում մարսողության կարգավորման գործընթացում, իսկ չիայի սերմերում պարունակվող սպիտակուցները հագեցնում են քաղցը՝ նվազեցնելով ախորժակն ու օգտագործվող սննդի քանակը։ 

Նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը

Չիայի սերմերում առկա բջջանյութն ու օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելմանը։ Չիայի սերմերում հիմնականում լուծվող բջջանյութ է պարունակվում, որը նպաստում է արյան մեջ խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը։ Իսկ օմեգա-3 ճարպաթթուների դրական ազդեցությունը սրտի առողջության վրա հաստատում են նաև սրտաբանները։ 

Օգտակար են ոսկրերի համար

Չիայի սերմերը հարուստ են այնպիսի հանքանյութերով, որոնք կարևոր են ոսկրերի ամրության համար։ Այդ հանքանյութերն են կալցիումը, ֆոսֆորը, մագնեզիումը։ 

Կարող են նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը

Չիայի սերմերի օգտագործումը կարող է նպաստել արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը սերմերում առկա բջջանյութի և այլ սննդանյութերի շնորհիվ։ 

Ինչպես պատրաստել չիայի սերմերը

Չիայի սերմերը պատրաստման առանձնակի հմտություններ չեն պահանջում․ դրանք կարելի է օգտագործել՝ նախապես ջրի, կաթի, մածունի կամ յոգուրտի մեջ թրջելով․ ներծծելով հեղուկը՝ չիայի սերմերն ուռչում են՝ նպաստելով առողջ մարսողությանն ու հագեցածության զգացողություն առաջացնելով։ 

Ուշադրություն․ խորհուրդ չի տրվում չիայի սերմերն օգտագործել չոր վիճակում և վրան անմիջապես ջուր խմել, քանի որ այդպիսով չիայի սերմերը կարող են միանգամից դոնդողանման զանգված դառնալ ու փակել  կերակրափողը, ինչը շատ վտանգավոր է առողջության համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031