Հատված՝ արվեստագետ Սերիկ Դավթյանի աքսորյան հուշերից
Ծանր մաքառումներով լի էր արվեստագետ, ազգագրագետ, պետական-հասարակական եւ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանի կյանքը (1893-1978թթ.): Նրա կենսագրության աքսորյան ու բռնադատվածության 15 տարիներից 10-ն անցել են տարբեր բանտերում ու հեռավոր Մագադանում, վայր՝ որտեղից քչերն էին վերադառնում կամ վերադառնում էին խեղված ճակատագրով, խաթարված առողջությամբ ու հոգով: Սերիկը տոկուն եւ կամային ուժեղ հատկանիշներով գտնվեց: Անշուշտ, լինելով հոգով զգայուն ու խորը ներաշխարհով՝ նա ունեցել է անկումային պահեր, գիտակցելով, որ իր կյանքի մեկ տասնամյակը սերտորեն ձուլվել է բանտային պատերին, քարերին ու ճամբարային փշալարերին, որոնց պատմությունը նույնքան դրամատիկ էր ու հարուստ, երբեմն նույնիսկ անհավանական: Հաճախ, մի ակնթարթ ինքն իրեն հարց է ուղղել. «Ինչո՞ւ է ապրում, տառապելո՞ւ համար, արդյոք…», բայց ապրե՜լ է իրեն հատուկ խոհականությամբ, ներքին ուժի մղումով հասկանալով, որ կյանքն այնուամենայնիվ գեղեցիկ է, եւ դժվար կյանքն անգամ, կարող ես ապրել հավատով ու պատվախնդրորեն, ապավինելով ուժերիդ, հոգու լույսին ու ներաշխարհին: Նա ուներ հոգեկան հզոր կորով, այդ իսկ պատճառով հոգեբանորեն հետագայում հաղթահարեց անցյալը…
«Առավոտի» էջերում բազմիցս անդրադարձել եմ ինձ հարազատ այս կնոջ հարուստ կենսագրությանը եւ հիշողություններին, որն սկսեց գրել 1972-74թթ. ընթացքում: Անկասկած, դժվար է եղել անցյալի դուռը բանալ, բայց Սերիկն ունեցել է այդ համարձակությունը:
Ծանր է գործարանի լարված աշխատանքը, բայց ավելի լավ է, քան շինարարությունում, քան ծառեր հատելը, քան բանջարանոցի տեղ պատրաստելը, քան ձյուն մաքրելը: Ձմեռ է, ցուրտ ձմեռ ու մութ, միշտ խավար գիշեր… Հետո կգա ցերեկամառը: Մթով վեր ենք կենում, գալիս 5 կիլոմետր, 12-14 ժամ աշխատում, դարձյալ խավարի մեջ վերադառնում լագեր: Մութ, խավար, սառը խավար, շուրջդ խավար, հոգուդ մեջ խավար, միայն հույսի մի փոքրիկ, լուսավոր շող… Երբ երկնակամարի եզրին կարմիր լույս ես տեսնում, գեղեցիկ, կարճատեւ շողշողացող բոսորային շերտ, չգիտես՝ արշալո՞ւյս է, թե՞ վերջալույս: Երբեմն լուսնյակ ենք տեսնում, աստղեր, դրանք շատ խոշոր են, շատ մոտ մեզնից: Լուսին, արդյո՞ք մեր հարազատները նայում են այս լուսնին… Լուսնի կաթնագույն լույսի տակ՝ սպիտակին է տալիս ձյունը, ձյան պատնեշները, որոնց մեջ խրված են սեւ փշալարերը… Սեւ, սեւ փշալարեր… Շան հետ քայլող պահակները սեւ ստվերներ են, քայլող, միշտ արթուն ուրվականներ: Փշալարեր, շներ, պահակներ, արգելքներ, կոպտություն, անեծք… Ո՞ւր գնալ, ինչպե՞ս գնալ, ա՛խ, ինչպես կուզեի փախչել…
Կարդացեք նաև
Պուրգա, հյուսիսի կատաղած քամի: Գործարանից դուրս ենք գալիս: Դարպասի մոտ մեզ ստուգում են, հաշվում: Կանգնած ենք շարքերով, հինգ-հինգ: Կանգնում ենք, բայց անզուսպ, ուժեղ քամին մեզ պոկում է միմյանցից: Ձնե սառած կոշտերով խփում է մեզ, դեմքին, հագուստի միջով անցնելով՝ սառեցնում: Երերալով քայլում ենք դեպի մեր լագեր: Հրացանը ձեռքին մեր պահակը դիմադրում է պուրգային, մեջքը դեմ անում: Լավ է հագնված, նոր, տաք մուշտակ, մորթե գլխարկ, վալենկաներ, թաթմաններ: Մենք ամուր բռնել ենք միմյանց, որ չգլորվենք, միմյանց չկորցնենք: Պուրգան գազանի նման բռնել է մեզ, գետնին է գլորում ու վրադ նստած հարվածում, հարվածո՛ւմ, ծակում, ջարդում… Գլորվում ենք, ընկնում, միմյանց օգնելով վեր կենում, ու թուլացած ոտքերով էլի քայլում խավարի մեջ: Պուրգան մեզ բաց չի թողնում, կատաղած մեզ պոկում է միմյանցից ու շարքերը խառնելով նետում հեռու: Ընկնում եմ սառած կույտի վրա: Լավ է՝ մենակ չեմ: Կողքիս ընկած է ընկերուհիս, ինչպես քայլելիս կպած ենք եղել, այդպես էլ ընկել ենք: Երկուսս էլ շատ նիհար ենք եւ պուրգան բարակ տաշեղների պես մեզ դես ու դեն է նետում: Մենք ամուր բռնել ենք իրար, խոսել չենք կարող, պուրգան խեղդում է: Քաոս է, սառը, խավար պտտող քաոս: Սառցե շիթերը այրում են կրակի պես, ծակծկված ենք: Ամուր բռնել ենք միմյանց, ձեռք ձեռքի ու առաջ ենք գնում, դեմ պուրգայի: Մեր կամքը միացել է, ու մենք միասին ենք պայքարում քայլել, լագեր հասնել, չսառչել, չմեռնել անհայտ սառույցների մեջ: Եթե ընկնես՝ քեզ չեն էլ գտնի մինչեւ ամառ… Պուրգան վրադ սառցե բուրգեր կդնի: Ընկնում ենք, վեր կենում, գերմարդկային ճիգերով սողում, սողո՛ւմ, շունչ քաշում ու էլի սողում: Պուրգան, հյուսիսի բազմագլուխ, բազմաճիրան հրեշը, նոր ուժ առած հարձակվում է մեզ վրա, խփում, կպցնում սառած կոշտերին: Պառկում ենք, նորից սողում՝ բռնած սառույցե կոշտերից, ուզում ենք այդ սառը պատնեշը անցնել: Երբ հասնում ենք բլրի գագաթին, ինձ են կպչում երկու ձեռքեր… Սառած մարդու փայտացած ձեռքեր… Սարսափած հետ եմ սողում եւ ընկերուհուս ասում, որ այնտեղ մարդ կա…
– Ոչի՜նչ,- ասում է նա,- մի՜ վախենա, նա էլ մեզ պես դժբախտ բանտարկյալ է…
Մարդը չի շարժվում, երեւի սառել է: Մենք սողում ենք բուրգի կողքով: Կորցրել ենք ճանապարհը, կորցրել ենք ընկերներին: Առաջ ենք սողում: Քամին մեր առաջ փոսեր է փորում, բլուրներ բարձրացնում, հյուսիսի բռնակալը ուզում է մեզ ոչնչացնել: Թույլ ենք, ուժասպառ, բայց ուժեղ կամքով՝ ապրել, անպայման ապրե՛լ… Տներ են երեւում, ուրեմն դեռ քաղաքից դուրս չենք եկել: Տներն էլ վերջացան – ամայի տարածություն է, ուրեմն այդտեղ է լագերի ճանապարհը: Հեռվում փոքր լույս է երեւում եւ մեզ հույս ներշնչում, որ այնտեղ լագերն է: Սողում ենք, կանգնում, ընկնում, նորից բարձրանում ու քայլում դեպի լույսը:
Հասնում ենք լագերի դարպասին: Սեւ ստվերների նման բանտարկյալ կանայք ամեն կողմից դեպի դարպասն են գալիս: Սառած են, շնչակտուր: Դարպասը բաց են անում, հաշվում մեզ, ներս ընդունում: Պուրգայի հարվածների տակ հազիվ հասնում ենք մեր բարաքը: Հազիվհազ հասնում եմ իմ տեղը, բայց նստել չեմ կարող, հագուստս ծածկված է սառցե շերտով, նման եմ քարացած արձանի: Վեր է կենում Անուշը եւ ինձ օգնության հասնում, հանում է բուշլատս, շորերս, վրաս ինչ-որ բան է գցում, շորերս փռում վառարանի մոտ: Վառարանը դա նավթի մի մեծ տակառ է, կլոր կողերով: Անուշը մի բաժակ ջուր է դնում վառարանի վրա, ինձ նստեցնում է նառերի վրա, ոտքերս հանում: Գուլպաներս թաց են: Նա մերսում է ոտքերս, ես ոչինչ չեմ զգում: Պառկեցնում է ինձ իմ տեղում ու իր անկողնուց հանելով «հայկական գրելկան»՝ տաքացրած աղյուսը, դնում է ոտքերիս մոտ, ինձ ծածկում է, հետո բերում եռացրած ջուրը, մի կոնֆետ տալիս ու ստիպում խմել ջուրը: Ինձ ծածկում է:
– Էդ ինչպե՞ս եկաք: Էս ինչ փորձանք բերին մեր գլխին… Մարդկանց ողջ-ողջ մեռցնում են:
Նա երկար խոսում է, բայց ես պատասխանել չեմ կարող: Կամաց-կամաց տաքանում եմ, այնպես հաճելի է աղյուսի ջերմությունը: Անուշը մի նոր տաք աղյուս է դնում անկողնուս մեջ, հինը հանում՝ նորից տաքացնելու: Շորերս է չորացնում: Վառարանի մոտ աղմուկ է, ես քնած չեմ, ամեն ինչ լսում եմ, բայց ոչինչ չեմ տեսնում, սեւ շղարշ է իջել աչքերիս վրա: Ես թույլ եմ, դուրեկան թմրության մեջ: Դրսում մռնչում է պուրգան: Մեր բարաքի ճեղքերով ներս է սողում ցուրտը: Ես ծածկի տակ եմ, անկողինս տաքացել է, վառարանը վառվում է:
***
Տաքացրած աղյուսն էլ իր պատմությունն ունեցավ լագերում եւ քիչ մնաց մեր գլխին փորձանք բերի: Երբ հասանք ճամբար, մեզ տեղավորեցին այնպիսի բարաքում, որը ակտավորված էր, պետք է վառեին: Բայց «հայրենիքի թշնամիներին» այդ էլ լավ էր: Տախտակե պատերը լայն ճեղքեր ունեին, որոնց արանքով ցուրտը ազատ սառեցնում էր մեզ: Հաճախ, մեր հյուսերը սառցով պատած կպչում էին այդ ճեղքերին: Առավոտյան վեր կենալիս իրար օգնում էինք մազերը, հյուսերը պոկել պատերից: Մեր խոնավ հագուստը մինչեւ լույս չէր չորանում եւ մենք ապրում էինք միշտ այդ անդուր, սպանող խոնավության մեջ: Մեր բարաքի մոտ թափված էին աղյուսներ: Ես եւ Անուշը դժվարությամբ պոկեցինք երկու սառած աղյուս, բերեցինք, վառարանում տաքացրեցինք, մեշոկների մեջ փաթաթեցինք ու դրինք մեր անկողնում: Աղքատի վառարանը՝ տաքացրած աղյուսը, ջերմացնում էր մեր տանջված մարմինները ու մենք քնում էինք, երազ տեսնում:
Ժամը 5-ին մեզ արթնացնում է մի անբարոյական քրեական կին: Նա տղամարդու շորերով է, «կին է պահում»: Մտրակը ձեռքին նա մտնում է մեր բարաքը եւ կուշտ կերած-խմած ձայնով գոռում. «Կոնտրիկնե՛ր, վեր կացեք…»:
Վեր ենք թռչում, վազում դեպի լվացարանը, ուր հերթ է: Լվացարանի առաջ մենք արագ-արագ մինչեւ գոտին շփվում ենք սառը ջրով, հետ վազում հագնվում: Անուշի հետ մենք այդ օրերին պառկած էինք նառերի առաջին հարկում: Տախտակների արանքին ճեղք կար: Ցերեկը աղյուսներն այդ ճեղքով ներս էինք գցում, իսկ երեկոները՝ հանում, տաքացնում, դնում անկողնու մեջ: Մեր հայկական ջերմություն հավաքող գործունեությունը բարաքում գաղտնի չմնաց: Անուշի ակտիվ գործունեությունն աչքի ընկավ:
– Ինչո՞ւ եք աղյուս տաքացնում,- հարցրին:
– Սա հայկական գրելկա է, տաքանում ենք,- ասաց Անուշը:
– Իսկ ինչպե՞ս եք օգտագործում:
– Ինչպե՞ս…,- բարկացած պատասխանեց Անուշը,- մեշոկի մեջ եմ փաթաթում ու դնում ոտքերիս տակ, որ գոնե ոտքերս տաքանան:
Կանանց մի մասը անմիջապես, հետո բոլորը տաքացնում էին աղյուսը, դնում անկողին ու գովում մեր հայկական հնարամտությունը: Անցավ որոշ ժամանակ: Գիշերվա ժամը 12-ին, 1-ին, 3-ին գալիս էին խուզարկելու մեր բարաքը, մենք պետք է դուրս գայինք անկողիններից, կանգնեինք 50 սմ լայնության մեր տեղի առաջ: Խուզարկում էին: Վայ նրան, ում մոտ կոճի թել, բանկա կամ որեւէ ավելորդ իր գտնվի՝ այդ համարվում էր ռեժիմի խախտում եւ պատժվում էր, ուղարկում էին կարցեր կամ դուրսը փայտ սղոցել տալիս: Իսկ դրսում 40-45 աստիճանից մինչեւ 50 աստիճան ցուրտ էր:
(Շարունակելի)
ՄԵՐԻ ՔԵՇԻՇՅԱՆ
Սերիկ Դավթյանի կենսագիր
«Առավոտ» օրաթերթ
21.03.2024