Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սադրիչ բանսարկությո՞ւն, թե՞ քաղաքականություն

Մարտ 22,2024 12:00

Ինչ-որ բանով փոխվե՞ց ռուսական քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի հանդեպ, երբ Հայաստանում ու Արցախում երկու տասնամյակ «անձնուրաց» ռուսական գիծն էին պահում

Ձայների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կապերի մասին հատուկ բանաձեւը, որով Եվրամիության օրենսդիր մարմինը գործադիր իշխանությանն առաջարկում է դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար եւ շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար», նշվեց բանաձեւում։

Պաշտոնական Երեւանը ողջունեց բանաձեւը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Նա նաեւ մի առիթով նշել էր, թե Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի: Իսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրերս հայտնեց, որ Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցության հնարավորությունը։

Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ Հարցին, թե Եվրամիության դռները բա՞ց են Հայաստանի առջեւ, նա պատասխանել է. «Երկրներն իրավունք ունեն ձգտելու իրենց ժողովուրդների համար ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են նման ապագան ապահովելու որոշման համար։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, եվրոպական ցանկացած երկիր ինքը պետք է որոշի՝ արդյոք ցանկանո՞ւմ է դիմել ԵՄ-ին անդամակցության համար»։

Հայաստանին ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորության թեմայի արծարծումն, ինքնին, արդեն իսկ դրական է` Հայաստանի անվտանգային տեսանկյունից` զսպելու ընդդեմ Հայաստանի Բաքվից շարունակաբար հնչող պահանջների: Հայաստանի «ռազմավարական» դաշնակցի «չեզոքության» հարցը Անկարան ու Բաքուն վաղուց լուծված են համարում, եւ 2020թ. 44-օրյա պատերազմից սկսած բոլոր իրադարձությունները վերլուծելով` կարելի է միանշանակ ասել, որ Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ոչ միայն «չեզոք» միջնորդ չէ, այլեւ խիստ կողմնակալ է` Անկարայի ու Բաքվի նպատակներն ի կատար ածելու տեսանկյունից:

Ինչպես Արեւմուտքի հետ կապված ցանկացած թեմա, այնպես էլ Հայաստանին ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորության հարցը Ռուսաստանում ու Ադրբեջանում «սվիններով» են ընդունում:

Իրականում Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից հրապարակային քննադատության թիրախում վաղուց: Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները համառորեն չեն ցանկանում ընդունել, որ Հայաստանի հասարակության մեջ Ռուսաստանի հանդեպ անվստահությունը հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմից սկսած սերմանվել է պաշտոնական Մոսկվայի վարած քաղաքականության արդյունքում: Սա միակ ոլորտն է, որտեղ Հայաստանի ներկայիս իշխանության կարողություններն, իսկապես, չարժե գերագնահատել:

Այդ ամենով հանդերձ, ակնհայտ է, որ ռուսական իշխանություններն արդեն այնպիսի արտահայտություններ են գործածում, որոնք իսկապես վտանգավոր են, դրանք հստակ նախազգուշական տոնայնություն ունեն: ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արեւմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի առնչվում երկրի բուն ազգային շահերին, անցյալ շաբաթվա վերջին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա կարծիք է հայտնել, թե չգիտի՝ ինչու են Երեւանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում կարծիք ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին»։ «Ինձ թվում է, որ դա չի առնչվում Հայաստանի իսկական սկզբնական եւ ազգային շահերին», – ասել է նա՝ Բրյուսելին մեղադրելով Հայաստանի քաղաքացիներին ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու համար։ Զախարովան պնդել է՝ «ՀԱՊԿ-ից երբեք վատ բան չի եղել» ու հավելել է, որ Երեւանը, այնուամենայնիվ, ինքը պետք է որոշի, բայց դա չպետք է անել «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա։

ՀՀ քաղաքական գործիչները` ոչ իշխանական, ոչ հատկապես ընդդիմադիր, հասարակության կարծիքի ձեւավորման վրա առանձնապես ազդեցություն չեն ունենում: Իսկ Ալիեւի հետ ջերմ հարաբերություններ ունեցող ՀԱՊԿ-ական դաշինքը թե ընդհանուր, թե առանձին պետությունների առաջնորդների մակարդակով վաղուց է ապացուցել, որ գերադասում են Ադրբեջանի հետ փոխշահավետ հարաբերությունները:

Այլ հարց է, որ Հայաստանում ռուսական գծի պաշտպան գործիչները Հայաստանում վստահություն չունեն, նրանց աշխատանքն էլ, այսպես ասած` զուր է անցնում, նրանց գործունեությունն ապացուցում է մեկ բան, որ նրանք ստորադասում են Հայաստանի պետությունն ու հայկական շահը` ՌԴ-ի իշխանական գծին: IRI կազմակերպությունը վերջերս սոցիոլոգիական հարցման արդյունքներ էր հրապարակել, որոնք անց էին կացվել Հայաստանում 2023 թ. դեկտեմբերին։ Հայաստանում գտնվեցին համացանցային մտածողներ, որոնք Ռուսաստանի հանդեպ մեր հասարակության կողմից անվստահության մակարդակի մեծացման պատճառ մատնանշեցին ոչ թե ռուսական պետական քաղաքականությունը վերջին առնվազն 10 տարիների ընթացքում, այլ, պարզվում է, հայաստանյան «իշխանական կամ արեւմտամետ քարոզչություն իրականացնող մեդիաները»: Եթե ԶԼՄ-ների գործունեությամբ է առավելապես Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական կարծիք ձեւավորվել, քիչ չեն նաեւ հակադիր` ռուսական գիծը սպասարկողները, այդ դեպքում, ավելի ճիշտ չէր լինի՞ գնահատել ռուսական իշխանական թեզերի պաշտպանների խմբերի ու մեդիաների գործունեության զրոյական արդյունքը Հայաստանում: Իրականում սա միանգամայն բնական «արդյունք» է. ռուսական պետական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ «դրական» լույսի ներքո հնարավոր չէ ներկայացնել, քանի որ վերջին 10-12 տարվա ռուսական իշխանությունների գործնական քայլերն ակնհայտորեն խոսում են ճիշտ հակառակի մասին:

Ինչեւէ, հայաստանյան փորձագետները, համացանցային մտածողներն ու քաղաքական ուժերը, որոնք բացառապես զբաղված են ռուսական քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի նկատմամբ արդարացնելով, անտեսեցին Զախարովայի վերջին հարցազրույցից մեկ դրվագ, որը խիստ վտանգավոր գնահատական էր: Ահա, Զախարովան ՀԱՊԿ-ի նկատմամբ Երեւանի հավակնությունների համատեքստում նկատել է, թե այսօր Հայաստանի առջեւ ծառացած շատ ռիսկեր կմեղմվեին, եթե ՀՀ ղեկավարությունը համաձայներ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում։ «Կազմակերպության միջոցով աջակցության կոնկրետ միջոցառումներ իրականացնելու փոխարեն Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց այլ մեթոդներ: Հետո սկսեցին, հայ հասարակությանը ոչ բնորոշ կերպով, վիրավորել եւ նվաստացնել իրենց գործընկերներին: Հետո որոշեցին առաքելություն հրավիրել Եվրամիությունից, որը ոչ այնքան պաշտպանում է Հայաստանի սահմանները, այլ մոնիտորինգի քողի տակ հետախուզական տվյալներ է հավաքում ընդդեմ հարեւան երկրների: Եվ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ` Ադրբեջանի եւ Իրանի»,- ասել է Զախարովան:

Մի կողմ թողնենք փաստը, որ ՀԱՊԿ անդամ որեւէ երկիր, ՌԴ-ի գլխավորությամբ, ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ արդեն մի քանի տարի գոնե մեկ նախադասություն չի ասել, հետեւաբար` ՀՀ ինքնիշխան տարածքում նրանք ինչո՞վ են զբաղվելու, եթե չգիտեն, թե որոնք են ՀՀ սահմանները:

Հաջորդը, ի՞նչ է սա, եթե ոչ նենգ բանսարկություն ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով: Պաշտոնական Երեւանը պարտավոր է բացատրություն պահանջել ռուսական իշխանությունից: Նախ, ՀՀ ինքնիշխան տարածքում քաղաքացիական առաքելության գործունեությունն ինչո՞ւ է այդ աստիճան «ցավեցնում» Մոսկվային: Ռուսաստանը Հայաստանի տարածքում ունի ռազմաբազա, սահմանապահներ, նրանց ոչ ոք չի խոչընդոտում իրենց առաքելությունն իրականացնել, ինչպես ռուս խաղաղապահներին չէին խոչընդոտում Արցախում ըստ արժանվույն պաշտպանել արցախահայությանը: Բայց ինչով դա ավարտվեց` ողջ աշխարհի համար պարզ է: Այսօր ռուս խաղաղապահները Արցախում անգամ արձաններ, խաչքարեր, եկեղեցիներ, գերեզմաններ, շինություններ ի վիճակի չեն պաշտպանել: Հետաքրքիր է, թե ՀԱՊԿ-ականները Հայաստանում ի՞նչը եւ, հատկապես` ինչպե՞ս պետք է պաշտպանեն:

Եվ այդ ինչո՞վ է ԵՄ քաղաքացիական առաքելությունը վտանգավոր: Ի՞նչ «հետախուզական» գործունեության մասին է խոսքը, որոնք Մոսկվան ու Բաքուն չեն ցանկանում, որպեսզի եվրոպացի դիտորդներին տեսանելի լինի: ՀՀ ինքնիշխան տարածքում ռուս-ադրբեջանական հնարավոր սադրանքներն արձանագրելու հնարավորությո՞ւնն է այդչափ «վտանգավոր» Մոսկվայի ու Բաքվի համար, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է գալիս որպես ոչ միայն Ռուսաստանի, այլեւ, փաստացի` Ադրբեջանի հետ նույնական շահերի պաշտպանությամբ: Սա արդեն հետաքրքրական «նորություն» էր:

Ինչ վերաբերում է Զախարովայի վերոնշյալ սադրիչ գնահատականում նաեւ Իրանին մատնանշելը, ապա պաշտոնական Երեւանը պարտավոր է Թեհրանի հետ շփումներում ներկայացնել եւ բացատրել հայկական պետության շահը, թե ինքնիշխան տարածքում ԵՄ առաքելության գործունեությունն այս փուլում ինչ կենսական նշանակություն ունի Հայաստանի անվտանգության համար եւ մեկընդմիշտ փակել ՀՀ ինքնիշխան տարածքում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ անհարկի շահարկումները: Այն ակնհայտորեն զսպում է Ադրբեջանի կողմից սադրանքների, դիվերսիոն գործողությունների եւ ուղղակի ագրեսիայի հավանականությունը, եւ հենց սա է, որ փաստորեն, անհանգստացնում է Մոսկվային ու Բաքվին:

Իսկ Ռուսաստանից, նույն` Զախարովայի մակարդակով հավաստիացումները, թե Մոսկվան «անկեղծորեն ցանկանում է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը եւ կառուցի ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն», ընդամենը խոսքեր են: ԵՄ առաքելության դեմ Ռուսաստանից տեւական ժամանակ արշավը հենց դրա վառ ապացույցն է: Ռուսաստանին, ինչպես փաստորեն նաեւ Բաքվին ու Անկարային, այսօր անհրաժեշտ է թույլ, անպաշտպան Հայաստան, ու այս առնչությամբ Արեւմուտքի ակտիվությունը Հայաստանի հետ փոխհարաբերություններում խառնում են Մոսկվայի, Անկարայի եւ Բաքվի խաղաքարտերը:

Պատահական չէր, որ Բաքուն անմիջապես քննադատեց Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, այն որակելով որպես՝ «երկակի ստանդարտների վառ օրինակ», «անհիմն» ու «կողմնակալ»։ «Եվրախորհրդարանում, Հայաստանի եւ հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվող մի շարք շրջանակների կողմից առաջ քաշված այս բանաձեւը, չնայած ներկայացվել է որպես «խաղաղության խթանում» եւ, իբր նվիրված է Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններին, սակայն այն Ադրբեջանի դեմ արշավի անբաժանելի մասն է, որտեղ բոլոր փաստերը կեղծված են», -նշեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։ Դիմելով Եվրախորհրդարանին՝ ադրբեջանցի դիվանագետն ասել է, թե` «նշված արժեքների հետ որեւէ առնչություն չունեցող նման բանաձեւերը իսպառ զրոյացնում են Եվրախորհրդարանի դերը որպես առանձին կառույց»։

Մոսկվա-Բաքու շահերի համընկնումը երբեւէ այսքան նույնական չէր դրսեւորվել ու արտահայտվել, արդեն` հրապարակային ձեւով: Զախարովայի շարունակական դժգոհությունները, նախազգուշացումները, սպառնալիքները, այդ թվում, նշյալ հարցազրույցում ԵՄ առաքելության վերաբերյալ սադրիչ մեղադրանքներն ընդդեմ Մոսկվայի ու Բաքվի, արդեն պետք է լրջորեն խորհելու առիթ դառնան, դրանք լոկ հայտարարություննե՞ր են, թե՞ Կրեմլի կողմից իրականացվող հետեւողականորեն քաղաքականություն:

Իսկ ինչ վերաբերում է այս օրերին հայաստանյան քաղաքական ուժերի նախազգուշացումներին, թե ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմումը, որը տեղի է ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին` «կարող է խախտել Հայաստանի կողմից պատմականորեն վարվող բալանսի քաղաքականությունը», արժե հարց ուղղել. ինչո՞ւ է պարտավոր Հայաստանն այսքանից հետո վարել «բալանսավորված» քաղաքականություն, ի՞նչ կարող է լինել, որն արդեն չի պատահել Հայաստանի հետ, եթե չվարենք «բալանսավորված քաղաքականություն»: Այս հարցերի պատասխանը ոչ ոք չի տալիս:

Եվ ի վերջո, 1998-ից Հայաստանի կողմից վարվող «կոմպլեմենտար» քաղաքականության, Հայաստանի ռազմավարական օբյեկտները` «գույք պարտքի» դիմաց ՌԴ-ին վաճառելու խայտառակ գործարքների պայմաններում, Ռուսաստանը, միեւնույն է, նախընտրեց Ադրբեջանին` 2010-2011-ից որոշում կայացնելով Հայաստանի թշնամի պետությանը զինել: Ինչ-որ բանով փոխվե՞ց ռուսական քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի հանդեպ, երբ Հայաստանում ու Արցախում երկու տասնամյակ «անձնուրաց» ռուսական գիծն էին պահում:

Եվ ի վերջո` թշնամիների հետ ի՞նչ «բալանսավորված» քաղաքականություն…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031