Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանին հարց տվինք՝ բայց էդ Հայաստանի քարտեզը, որ ցույց ես տալիս, լրիվ մե՞րն ա, թե՞ հանձնած ունես ահագին, ծախած հողեր ունես, խնդում էր, ծիծաղում էր». Ոսկեպարցի

Մարտ 21,2024 23:50

«Վարչապետի հետ քննարկմանը չեմ մասնակցել, որովհետեւ ես իրան չեմ սիրում: Մենք համաձայն չենք ոչ մի նրա ասածին»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասացին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչները:

Ինչպես հայտնի է,  վարչապետն օրեր առաջ այցելել է Ոսկեպար, մշակույթի տանը հանդիպել բնակիչների հետ ու ասել, որ եթե Ադրբեջանի ուզած 4 գյուղերը չտանք, պատերազմ կլինի: Իսկ թե որ 4 գյուղերի մասին է խոսքը, վարչապետը երեկ ներկայացրել է նաեւ ԱԺ-ում: Բնակիչները վարչապետի հայտարարությունները լսել են ու շշմել: Փաշինյանն ասել էր, որ Ոսկեպարի դիմաց գտնվող Աշաղի Ասկիպարա գյուղը, Կիրանցի դիմաց գտնվող Խերեմլին, Բերքաբերի դիմաց գտնվող Կիզիլ Հաջիլին ու Բաղանիս Այրումը միշտ էլ ադրբեջանական են եղել՝ երեկ էլ, 20 տարի առաջ էլ:

Ոսկեպարցիներն արձագանքեցին. «Ի՛նքն է մենակ ադրբեջանական եղել, գյուղերը երբեք ադրբեջանական չեն եղել, անձամբ ինքը… Ինքը լրիվ սուտ է ասում»:

Ոսկեպարի բնակիչներից մեկն էլ, որը ներկայացավ Սպարտակ, ասաց. «Էդ մարդը եկել է՝ հանձնի: Հիմա եթե տալիս են ճանապարհը, գալիս են անմիջապես մեր գյուղի մեջը դնում են իրանց պոստը, կանգնում են: Դրան հաջորդելու է մարդագողությունը, մարդասպանությունը, անասնագողությունը, ամեն ինչ: Թուրքին մենք լավ ենք ճանաչում»:

Հարցին, թե ո՞նց եք պատկերացնում այդ հարցի լուծումը՝ նա պատասխանեց. «Մենք չենք պատկերացնում, որ թուրքը գա մեր գյուղի մեջ, համարյա մեջն է, տարբերություն չկա 10 մետր էն կողմ: Եթե թուրքն եկավ զինված կանգնեց, ո՞նց կապրվի էստեղ»:

Նա վստահեցրեց, որ վարչապետի հետ հանդիպմանն ինքն անձամբ մասնակցել է ու իր տեսակետները հայտնել է:

Հարցրեցինք՝ ի՞նչ պատասխանեց Փաշինյանը. «Խնդում է, ծիծաղում է: Մեր ռեակցիան էն էր, որ գնա մտածի ու մեզ պատասխանը կասես, որ գետից էս կողմ իրանք գործ չունեն,գետից էն կողմ իրանց գյուղն է, թուրքի գյուղ է: Թե երբ է տված՝ չեմ հիշում ես, բայց մեր վանքը, մեր եկեղեցին 7-րդ դարի մի հատ պուճուր հատվածն է, որն առանձնացնում է իրանց գյուղն ու մեր գյուղը: Վարչապետը եկել էր մեզ վախեցնելու, համոզելու: Մեզ վախեցնում էր՝ եթե հանկարծ ստեղ կռիվը սկսեց…Մենք պատրաստ ենք, մեր գյուղը պատրաստ է թուրքի դեմ կռվելու, մենք արել ենք էդ ժամանակին՝ 90-ականներին: Մեզ վախեցնում էր, ասում էր՝ Հոկտեմբերյանից կմտնի Թուրքիան, մեր աչքն էր վախեցնում, բայց մենք հասկանում ենք՝ ինչ է կատարվում, էդ ով էր էդ շ…կը, որ»:

Հարցին՝ ի՞նչ էր առաջարկում Փաշինյանը, եկել էր ձեզ ասում էր, որ տալի՞ս ենք այդ տարածքները՝ նա պատասխանեց. «Եկել էր տրաֆարետը մի հատ ձեռը բռնած՝ Հայաստանի քարտեզը: Ստեղ հարց տվինք՝ բայց էդ Հայաստանի քարտեզը, որ ցույց ես տալիս, լրիվ մե՞րն է, թե՞ հանձնած ունես ահագին, ծախած հողեր ունես, խնդում էր, ծիծաղում էր»:

Երբ բնակիչներն ասել են՝ գետի այն կողմը՝ Ադրբեջանին, բայց այս կողմից՝ ոչ մի կտոր հող, Փաշինյանը արձագանքել է մեկ բառով. «Կմտածենք»:

Ճշտեցինք՝ միայն դո՞ւք էիք այդպես դեմ խոսում, թե՞ էլի կային՝ նա պատասխանեց. «Ամբողջ գյուղը, ամբողջ ռայոնը, ամբողջ հայությունը մեր»:

Ոսկեպարցիները մարտական են տրամադրված, պատրաստ են ինքնապաշտպանության:

Փոխանցեցինք, որ Փաշինյանը ասել է, որ Տավուշի մարզից հող հանձնելու մասին խոսք չկա ու խոսքը միայն ադրբեջանական նշված գյուղերի մասին է, ոսկեպարցին պատասխանեց. «Խաբում է, էդ մարդու գործը խաբելու վրա է, չի հասկանում ինչ է խոսում, կարող է խմած է եղել»:

Հարցին՝ դուք ընտրե՞լ եք Փաշինյանին, ոսկեպարցին պատասխանեց, որ մի անգամ ընտրել է, 2021-ին՝ չէ, բայց ով ընտրել է, խաբվել է:

Թե ինչ են պատրաստվում անել ստեղծված իրավիճակում, նա պատասխանեց. «Մենք պատրաստ ենք, շատ մարդիկ կան մեզ օգնող: Զենքը չգիտեմ որտեղից կհայթայթենք, հավատացած ենք, որ ինքը զենք չի տալու, զորքն էլ կհանի էստեղից: Հենց Արցախը ուզում է ստեղ բերի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031