Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի նկարին «լիրբ» ու «պոռնիկ» գրած Փաշինյանի աջակիցը դատարան չի եկել, բայց նիստի ձայնագրությունը տարել է ու «անզուսպ էմոցիա» գտել

Մարտ 21,2024 23:15

Այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Խաժակ Թանանյանի գործով նիստն էր: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի մամուլի  ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավ էր սկսվել լրագրողների, հատկապես՝ Հռիփսիմե Ջեբեջյանի եւ «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ: Ասուլիսից հետո նրանց հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներում տարածել էին սպառնալիքներ, ծանր վիրավորանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր:

Փաշինյանի աջակիցներից մեկը՝ «Խաժակ Թանանյան» անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր մի կոլաժ, որտեղ մի մեծահասակ կնոջ հետ լրագրողի լուսանկարն էր, վրան գրված՝ «Ես եմ էս լրբի մորքուրը, բայց ես նման բան չեմ ասել էս պոռնիկին»:
Լրագրողը հայց էր ներկայացրել դատարան՝ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու եւ պահանջել ներողություն եւ 400 հազար դրամի բռնագանձում՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Նախորդ նիստում Թանանյանը դատավորին ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ու ուշագրավ դիտարկումներ զետեղել: Դիմումում նա նշել էր, թե Հռիփսիմե Ջեբեջյանը հայցադիմումի գլխագրում նշելով իր՝ Թանանյանի հասցեն, չի հստակեցրել՝ դա նրա հաշվառմա՞ն հասցեն է, թե՞ բնակության վայրի ու քանի որ չի հստակեցրել դա, ապա խախտել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը, այսինքն, չի պահպանել հայցադիմումի ձեւն ու բովանդակությունը, իսկ դատավոր Սարգիս Արմենակյանը, վարույթ է ընդունել վերադարձման ենթակա հայցադիմումը: Բացի այդ, որպես դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք, նշել է, թե նա անզուսպ էմոցիա է հայտնել նիստի ժամանակ:

Բանն այն է, որ նախնական դատական նիստում ոչ Խաժակ Թանանյանը, ո՛չ նրա ներկայացուցիչը չէին եկել, տեւական ժամանակ դատարանի կողմից ուղարկված ծանուցումները չէին վերցրել, դատարանը մեծ ջանք էր գործադրել՝ համայնքապետարանի միջոցով փորձելով գտնել եւ ծանուցել Թանանյանին: Ավելի ուշ հայցադիմումի պատասխան էին ուղարկել՝ նշելով, թե նախորդ ծանուցումները չենք ստացել, որովհետեւ բնակության եւ հաշվառման հասցեները տարբեր են, բայց ուշագրավ է, որ դատարանին ուղարկված գրության, այդ պատասխանի մեջ որպես իրենց ծանուցման պատշաճ հասցե նշել էին նույն հասցեն, որի հետ թվացյալ կապ չունեին: Հենց դա էր արձանագրել դատարանը, որ հայցադիմումի պատասխանն ուղարկել են այն հասցեով, որն ի սկզբանե համարել էին խնդրահարույց, այսինքն, փոստատարը տարել է, միտումնավոր չեն ստացել: Թանանյանը դիմումում նշել է, թե «ձեր երեւակայության պրոդուկտը ներկայացրել եք ինչպես ճշմարտություն», հետեւաբար եզրակացրել է, որ կա կանխակալ վերաբերմունք:

Դատավորը այսօրվա նիստում մերժեց ինքնաբացարկի դիմումը:

Այնուհետեւ քննարկվեց հայցային վաղեմության հարցը:

Հայտի է, որ Փաշինյանի վերը նշված ասուլիսը տեղի է ունեցել 2023-ի հունիսի 25-ին, Խաժակ Թանանյանը վիճելի գրառումը կատարել էր հունիսի 26-ին, այսինքն՝ ասուլիսի հաջորդ օրը: Օգոստոսի 24-ին լրագրողը հայց է ներկայացրել դատարան՝ պահպանելով օրենքով նախատեսված 1 ամսվա ժամկետները, բայց Խաժակ Թանանյանը միջնորդություն է ներկայացրել, թե հայցադիմումի վաղեմության ժամկետն անցել է:

Այսօրվա նիստում ներկայացվեցին փաստական ապացույցներ: Մասնավորապես, դատարանին ներկայացվեց Խաժակ Թանանյանի ֆեյսբուքյան էջից արտատպած հրապարակումը, որտեղ հստակ երեւում է, որ վիրավորական գրառումը նա կատարել է 2023-ի հուլիսի 26-ին: Էլեկտրոնային կրիչով դատարանին էր ներկայացվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից տեսանյութ կառավարության կայքից, որտեղ ամրագրված էր ասուլիսի ամսաթիվը: Ինչպես նաեւ ներկայացվել է Հայփոստի անդորրագրի պատճեն, որով ապացուցվում է դատարանին հայցադիմումի մուտքագրման ժամկետը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 3-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031