News.am. Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատասխանատվություն են կրում ապահովելու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ի շահ բոլորի։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման մասին հաղորդագրություններին և աջակցում ենք դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների աշխատանքին դրանք գնահատելու համար։ Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Միջազգային աջակցություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին» թեմայով քննարկման ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Լեո Դոքերտին։
Դոքերտին նաև նշել է, որ Բրիտանիան շարունակում է կոչ անել վերադարձնել բոլոր ռազմագերիներին և հակամարտությունում զոհվածների աճյունները. «Մենք ուրախ էինք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին ազատ արձակել 34 բանտարկյալների»։
Լեռնային Ղարաբաղից փախստականների ծանր վիճակը ամենավերջին գլուխն է 35-ամյա հակամարտության մեջ, որի հետևանքով երկու կողմերի հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Անցած սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց և վերականգնեց իր ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Արդյունքում, գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը՝ մոտ 100,000 մարդ, փախավ Հայաստան, որտեղ բախվեց մարդասիրական ծանր խնդիրների, նշել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարարը։
«Թեև Մեծ Բրիտանիան լիովին ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն մեզ համար նաև պարզ է, որ ուժի կիրառումն ընդունելի միջոց չէ համայնքների միջև լարվածությունը կարգավորելու համար։ Ինչպես տեղեկացանք այսօր, այս ռազմական գործողությունը հետևել է Լաչինի միջանցքի իննամսյա սահմանափակմանը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է, որը հանգեցրել է մարդասիրական ծանր իրավիճակի՝ ներառյալ սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի: «Մեծ Բրիտանիան երկկողմանի, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում հստակ հայտարարել է, որ Լաչինի միջանցք և մատակարարման այլ ուղիների մուտքի սահմանափակումն անընդունելի է, և մենք հրապարակայնորեն կոչ ենք արել վերականգնել մուտքը», – ասել է նա:
Նա նաև ասել է, որ Բրիտանիան աջակցում է Ադրբեջանին սեփական տեղահանված բնակչության վերադարձի համար տարածքներ ապահովելու, ինչպես նաև վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրման ապահովման հարցում։