Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ կայացավ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ մյուսների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հերթական դատական նիստը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Անդրանիկ Մանուկյանը նիստի ավարտին Aravot.am-ին ասաց. «Դատական այս գործընթացը դեռեւս գտնվում է նախնական փուլում եւ դատաքննության փուլ դեռեւս չենք տեղափոխվել: Նախորդ դատական նիստում հայցվորը ներկայացրեց հայցի առարկան փոփոխելու մասին միջնորդություն, որի բերումով սահմանված կարգով դատարանը հետաձգեց դատական նիստը՝ դրանով իսկ ժամանակ տալով պատասխանող կողմին, որպեսզի համապատասխան դատավարական դիրքորոշում հայտնի այդ փոփոխության կապակցությամբ:
Պատասխանող կողմն այսօր հանդես եկավ հանդիպակաց դիրքորոշումներով: Հայցվորի հարգելի ներկայացուցիչը ներկայացրեց դրանց հետ կապված իր պարզաբանումները եւ այդքանով այսօրվա դատական նիստն ավարտվեց»:
Կարդացեք նաև
Դատարանը պետք է կայացնի համապատասխան որոշում հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին: Դրանից հետո նորից նախնական դատական նիստը կշարունակվի, որպեսզի քննարկվեն քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հերթական հարցերը»:
Հաջորդ դատական նիստի օրն ու ժամը կհայտնվի լրացուցիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ