Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում Արցախը չհանձնողների (11 երիտասարդների) դատական նիստի ընթացքում կալանքից ազատ արձակվեց ամբաստանյալներից Մխիթար Օհանջանյանը։ 11 երիտասարդները սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մասնակցում էին հանրահավաքին:
Երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Կառավարական տուն 1 հասցեի դիմաց հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգությունների են մասնակցել, հրապարակային կոչեր հնչեցրել, փորձել ճեղքել ոստիկանական շղթան ու մտնել շենք:
Մխիթար Օհանջանյանին նույնպես նույն նկարագրությամբ մեղադրանք է առաջադրվել, որ նույն օրը մասնակցել է զանգվածային անկարգություններին, բռնություն գործադրել ոստիկանության աշխատողների նկատմամբ: Նա էլ 4 անգամ աջ ձեռքի բռունցքով հարվածել է ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատողներին:
Մխիթար Օհանջանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա դատական նիստի ընթացքում հետազոտվել են ապացույցներ։ Նա ասաց՝ դատախազությունը պնդում է, որ տեսանյութերում երևում են պատկերներ, որ իրենց վստահորդները կատարում են ապօրինի գործողություններ, իսկ իրենք շատ հաճախ այդպիսի պատկերներ չեն տեսնում։ Հովհաննես Խուդոյանը նաև հայտնեց, որ այս պահին գրեթե բոլոր երիտասարդներն ազատության մեջ են, միայն մեկն է տնային կալանքում։ Վերջին կալանավորը, որը գտնվում էր կալանքի տակ, Մխիթար Օհանջանյանն էր։
Կարդացեք նաև
Հիշեցրինք՝ փաստաբանը մի առիթով նշել էր, որ «Վարույթն իրականացնող մարմինն առանձնացրել է միայն մեղադրյալների վերաբերյալ գործողությունները, մինչդեռ ենթադրվում է, որ տեսանյութում երևացող ամեն ինչը պետք է արձանագրվի: Իսկ տեսանյութում հստակ երևում է՝ ինչպես են ոստիկանները կատարում տարբեր տեսակի հանցագործություններ» և հարցրինք՝ ի՞նչ հանցագործություններ են դրանք և այսօր հետազոտված տեսանյութերով դրա վերաբերյալ ի՞նչ բացահայտեցիք, նա պատասխանեց․ «Դատախազությունը պնդում է, որ պլաստիկ շշով հարված հասցնելը կամ մեկի ուղղությամբ նետելը խուլիգանություն է։ Կարող ենք դրա հետ համաձայնել, կարող ենք՝ ոչ։ Բայց եթե իրենք պնդում են, որ դա խուլիգանություն է, մենք տեսանյութերով իրենց շատ ավելի հստակ՝ առաջին պլանում, ոչ թե իրենց անորոշ տեսանյութերով, ցույց ենք տալիս, որ ոստիկանները շիշ են նետում ցուցարարների վրա։
Ընդ որում՝ ինչպես իրենց ուղղությամբ եկած շիշը վերցնում, հետ են շպրտում, այնպես էլ ոչ մի վնասվածք չստացած, հանգիստ կանգնած ոստիկանն առանց ինչ-որ անհրաժեշտության և տրամաբանության վերցնում է շիշ և հարվածում ցուցարարներին։ Դեպք կա, որ հենց ոստիկանը թիրախային հարվածում է ցուցարարներից մեկի դեմքին, այդ ցուցարարը ոչ մի ագրեսիվ գործողություն չէր կատարում։ Դրանից բացի հստակ առաջին պլանով երևում է՝ ոնց են ոստիկանները ցուցարարներից մեկին ցուցարարների միջից փախցնում, քաշում իրենց պատի հետևում և վեց-յոթ հոգով ծեծում։ Ու միայն ոստիկանապետի խառնվելուց հետո է, որ դադարեցնում են դա։ Այդտեղ ակնհայտ հանցագործության հատկանիշ կա։ Եթե կարող ենք վիճել՝ սովորական շիշ նետելը ընդհանրապես հանցագործություն է, թե՝ ոչ, այդ մասն ակնհայտ է եղել, բայց առ այսօր ոչ մի ոստիկանի նկատմամբ մեղադրանք առաջադրված չէ»։
Հովհաննես Խուդոյանը պնդեց՝ տեսանյութերում երևում է, որ ոստիկանների կողմից նույնպես կան նույնանման գործողություններ ու ասաց․ «Եթե ուզում են ճիշտ արդարադատություն իրականացնել, պետք է համապատասխան մոտեցում լինի բոլորի նկատմամբ։ Եթե հավասարապես բոլորի նկատմամբ այդ մոտեցումը չկա, ուրեմն այդ անձինք հատկապես թիրախավորվելու կարիք ունեն»։
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 26-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ