Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիներին որպես պատանդ է Ադրբեջանն օգտագործում ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու համար. Հիլդա Չոբոյան

Մարտ 21,2024 17:41

«Ո′չ այս իշխանությունը, ո′չ որևէ այլ իշխանություն այս մակարդակի զիջումներ անելու իրավունք չունի առանց ժողովրդի կարծիքի և համաձայնության։ Հողեր տալու գաղափարը ըստ իս՝ մեզ դեպի վերջնական անկում է տանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ահազանգեց ֆրանսաբնակ հասարակական, քաղաքական գործիչ, «Լիբերտաս 2020» նախագծի ներկայացուցիչ, իրավունքի և հիմնախնդիրների կարգավորման «Covcas» կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։

Հարցին ինչպե՞ս կգնահատեք Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով կազմակերպված համաժողովի արդյունավետությունը, Հիլդա Չոբոյանը պատասխանեց․ «Եվրոպական խորհրդարանի իրավասության և ազդեցության ծիրի մեջ այսպիսի քննարկումներ ամեն օր տեղի են ունենում։ Եվրոպական խորհրդարանի անդամները, որոնք մասնավորապես Արցախի անկումից հետո շատ ավելի բարեխիղճ մոտեցում ունեն հայկական հարցերով, այս պարագան նկատի են առնում՝ որպես մարդկային և միջազգային իրավունքի խնդիր, ոչ թե որպես քաղաքական, թեև քաղաքական արժևորումներ ևս հնչեցին համաժողովի ընթացքում։ Այս խնդիրները Եվրոպական խորհրդարանի ուշադրության կենտրոնում են։ Բայց ենթադրել, որ մեկ քննարկումով այս խնդրում հեղափոխություն պիտի լինի, անմիջապես այն ազդեցություն գործի Ադրբեջանի վրա, այդպես չէ, քանի որ Ադրբեջանի հարաբերությունները նույնիսկ, եթե Եվրոպական խորհրդարանի հետ լարված չլինեին, միևնույն է Ադրբեջանն այս խնդիրը քաղաքականացրել է արդեն»։

Հիլդա Չոբոյանը նշեց՝ Ադրբեջանի համար հայ ռազմագերիները պատանդներ են և որպես պատանդ են օգտագործվում 2021-ից ի վեր, հետևաբար այդ թեմայով քննարկումներ աշխարհի բոլոր երկրներում պիտի տեղի ունենան, մասնավորապես ժողովրդավար երկրներում․ «Խորհրդարանների, բարձր մակարդակի համալսարանների, ակադեմիական շրջանակների ուշադրությունը պետք է գրավել այս խնդրով, որովհետև վերջապես այս հարցը մարդկային իրավունքների և միջազգային իրավունքի խնդիր լինելով ՝շատ մեծ հնարավորություն է տալիս արծարծել մյուս խնդիրը։ Օրինակ՝ այն, որ հայ ռազմագերիներին որպես պատանդ է Ադրբեջանն օգտագործում ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու համար։ Սա դուռ է բացում, որ մարդկային իրավունքների խնդրի շահարկումը Ադրբեջանի կողմից կվերածվի քաղաքական խնդրի։ Այսօր խոսվում է անկլավների մասին, այդ խնդրով ոչ մի իրավասություն չունի Ադրբեջանը, բայց որովհետև մեր բոլոր խնդիրները վերջին ամիսներին լռության են մատնված աշխարհում բոլոր կողմերից, շատ քիչ ակտիվություն կա այս խնդիրների հարցով, կարծում եմ, որ Ադրբեջանին սա հնարավորություն է տալիս շատ ավելի պայմաններ դնել ՀՀ-ի առաջ և ավելի անզիջում քաղաքականություն վարել ՀՀ-ի հանդեպ»։

Հարցին՝ ի՞նչ գործիքակազմ կա Ադրբեջանի այս վարքագծի դեմն առնելու, քանի որ նա իրավական առումով չի կատարում իր պարտավորությունները, Հիլդա Չոբոյանը պատասխանեց․ «Գործիքակազմը բազմազան է՝ դիվանագիտական, քաղաքական ընկերային, ակադեմիական։ Այս խնդիրները բազմաշերտ են։ Չի կարելի մեկ լուծում գտնել այս բարդ իրավիճակի համար։ Հետևաբար` պիտի ասեմ, որ շատ մեծ քաղաքական, դիվանագիտական ձեռնահասություն է այս հարցում պետք․ օրինակ՝ բանակցությունների խնդիրը։ Մենք չգիտենք, թե հայկական կողմից բանակցությունները ինչպես են վարվում, ո՞վ է վարում, ո՞ր հանձնաժողովների և ո՞ր մասնագիտական խորհուրդների վրա հիմնված են տարվում բանակցությունները։ Սա մի փոքր հարց է, որի շուրջ պետք է շատ ավելի բազմաշերտ քննարկումներ լինեն, որոնք ես չեմ տեսնում։ Այսպիսի ծանր խնդիրների մասին բանակցություններ վարել փոքր շրջանակի մեջ, անհավատալի է, անտանելի մի կացություն։ Բանակցությունների համար մենք պետք է մասնագիտական մեծ խմբեր ունենայինք։

Ընդհանրապես ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը միշտ բարդ է եղել և այսօր շատ ավելի բարդ է, քանի որ աշխարհաքաղաքական վիճակը շատ բարդ է։ Հայաստանը այսքան դժվար միջազգային իրավիճակում՝ այսքան անկայուն և խախուտ իրավիճակում պետք է ավելի ճկուն և միաժամանակ մկանուտ քաղաքականություն վարի, որի համար չգիտեմ, թե ՀՀ-ի իշխանությունները պատրա՞ստ են, որքանով է ՀՀ հասարակությունը ներառված, որքանո՞վ են ներառված նաև սփյուռքի ուժերը։ Մենք խոսում ենք միասնականության մասին և այլն, բայց միասնականությունը գործով է լինում, ոչ թե խոսքով։ Միասնականությունը՝ նաև տկարության դիրքերի վրա հիմնված միասնականությունը ոչ մի արժեք չի ներկայացնում, մենք հզոր դիրքերի վրա պետք է լինենք՝ բոլոր կողմերը, որոնց մասին խոսեցինք»։

Մեր հարցին՝ ի՞նչ ռիսկեր է պարունակում այն, որ ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հնարավոր է՝ ՀՀ-ն հրաժարվի միջպետական գանգատներից, Հիլդա Չոբոյանը պատասխանեց․ «Մեր բազմաշերտ քաղաքականության մեկ կարևոր շերտը կչեզոքացվի, եթե բազմաշերտ քաղաքականություն վարեինք։ Տեսնում ենք, որ բազմաշերտ քաղաքականություն չի վարվում, այլ պարզամիտ, պարզեցված քաղաքականություն է սա, երբ մեկ առ մեկ խաղաքարտերը տրվում են թշնամուն։ Սա ինքնասպանական, անձնասպանական քաղաքականություն է։ Այսինքն՝ ուր կտանեն մնայուն և անվերջ զիջումները։ Ադրբեջանը ֆաշիստ երկիր է, մեր դիմաց գտնվում է մի ֆաշիստ երկիր, և մենք ասում ենք՝ սա էլ տանք և ազատվենք։ Սրան վերջ գոյություն չունի։ Այս քաղաքական ուղին պետք է փոխվի, թե ինչպես, սա երկրորդ խնդիրն է, բայց այս ուղին, այս ընթացքը պետք է կասեցվի։ Եվրախորհրդարանի որոշման վրա հիմնվելով՝ մեծ հույսեր կապել, որ ՀՀ-ն Եվրոպայի մաս պիտի կազմի և մենք պիտի հեռանանք ՌԴ-ից և այլն, այսպիսի սուր որոշումներ կայացնելու ժամանակը չէ այսօր, որովհետև միջազգային կացությունը շատ խախուտ է։ Եվ վերջապես մենք գտնվելով Եվրոպայում գիտենք, որ Եվրոպան չի գալու, փրկի Հայաստանը, կարող են օգնել եվրոպական երկրներից մեկ-երկուսը՝ օրինակ՝ Ֆրանսիան, բայց դա բավարար չէ։ Հայաստանն իր անմիջական միջոցներով պիտի ոտքի կանգնի, այլ ելք չկա։ Առնվազն պատերազմի հաջորդ օրվանից այս մոտեցումը պետք է լիներ»։

Մեր փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Տավուշի գյուղերն են ուզում տալ, միջպետական գանգատներից են ուզում հրաժարվել, որ պատերազմ չլինի, ոտքի կանգնենք, Հիլդա Չոբոյանն այսպես արձագանքեց․ «Սա ինքնասպանական ընթացք է։ Կարիք չկա լուրջ մասնագետ լինել, որ տեսնել, որ հետզհետե Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարելու ընթացքի մեջ է ՀՀ իշխանությունը, այս ընթացքը պետք է կասեցվի։ Չեմ հասկանում, թե երբ խոսվում է ժողովրդի քվեի մասին և այլն, որ ժողովրդի քվեով այս իշխանությունը եկավ, շատ լավ հասկանում ենք, որ ժողովուրդը քվեարկեց այս իշխանությանը այս կամ այն պատճառներից դրդված, բայց այս իշխանությունները այս բաներն անելու իրավունք չունեն։ Պետք է պահանջել, որ այս հարցերի մասին հանրաքվե լինի, բավարար չէ խորհրդարանում քվեարկելը և ասելը, որ ժողովրդավարությունն այսպես է․ մենք քվեարկում ենք և այսպես որոշում։ Ոչ, այդպես չէ։ Ժողովրդավարության միակ չափանիշը խորհրդարանը չէ։ Ժողովրդի կարծիքը կա, ուղիղ կարծիքն էլ գոյություն ունի և այդ ուղիղ կարծիքի բերումով է, որ այս իշխանությունը եկավ այստեղ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031