Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիան վճռորոշ դեր ունի խաղաղության խթանման և հակամարտությունների նվազեցման գործում. Արթուր Մարտիրոսյան

Մարտ 21,2024 17:20

Համերգ Կամերային երաժշտության տանը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան
Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ մարտի 20-ին նշում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը:
Օրվա շրջանակում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված են եղել Կլոդ Դեբյուսի, Մորիս Ռավելի, Պլիվիե Մեսսիանի և այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Դանիել Դանիելյանը, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը, հայ մեծանուն կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների անդամներ, մշակութային և հասարակական մի շարք այլ գործիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, ինչն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրում:

«Ֆրանկոֆոնիայի շուրջ համախմբումը մեծապես խթանում է հանդուրժողականությունը, կոտրում կարծրատիպերը և հարստացնում հասարակություններին բազմակարծությամբ, գաղափարներով և ավանդույթներով: Նման նախաձեռնություններով մենք նպաստում ենք մարդկության համընդհանուր ներդաշնակությանը` հեշտացնելով փորձի, գիտելիքների ու հմտությունների փոխանակումը մեր երկրների սահմաններից դուրս: Ֆրանկոֆոնիան վճռորոշ դեր ունի խաղաղության խթանման և հակամարտությունների նվազեցման գործում՝ ընդգծելով մշակութային բազմազանության փոխադարձ հարգանքն ու գնահատումը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային և գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների և ֆրանկոֆոն մշակույթի արժևորմանն ու տարածմանը:

«Այս տարի ևս Հայաստանի կրթամշակութային օջախներում կազմակերպվելու են ֆրանկոֆոնիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ և ծրագրեր, որոնց մի մասն է կազմում նաև մեր այսօրվա համերգը: Վստահ եմ, որ այդ բոլոր նախաձեռնությունները նպաստելու են ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդծել է՝ Հայաստանի համար մեծ պատիվ կլինի 2027 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերն ու շուրջ 50 երկրից ընդունել ավելի քան 4000 մասնակիցների: Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանկոֆոն գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար, ինչպես նաև այս խորհրդանշական համերգի կայացման գործում իրենց ավանդն ունեցող մարդկանց. «Վստահ եմ, որ հետագայում նույնպես ֆրանկոֆոնիայի շրջանակներում փոխհամագործակցությունը հագեցած կլինի նոր նախաձեռնություններով և կշարունակի իր կայուն զարգացումը»:

Ներկաներին ողջունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարևորագույն որոշման համատեքստում։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է՝ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների ներքո։

ԱԳ նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաև նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը. «Այս կարևոր հոբելյանը Հայաստանի և Ֆրանսիայի համատեղ առաջարկով և ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։

Նշենք՝ միջոցառման ընթացքում Ֆրանկոֆոն արժեքների և ֆրանսերենի տարածման ու ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար Արտաքին գործերի նախարարության պատվո մեդալով են պարգևատրվել մի խումբ գործիչներ:

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ երկամսյակի ընթացքում տարածվելու է ոչ միայն ֆրանսերենը, այլև՝ ֆրանսիական մշակույթը. «Ֆրանսերենի հանրահռչակմանը զուգահեռ՝ առաջիկա երկամսյակում կարևորվելու են նաև համընդհանուր արժեքների և ֆրանկոֆոն մշակույթի արժևորումն ու տարածումը: Հուսով եմ՝ հայաստանյան հասարակությունը լիարժեքորեն կվայելի բոլոր այն հետաքրքիր ու բազմազան միջոցառումները, որ կկազմակերպվեն այս ընթացքում»:

Նշենք՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն այս տարի նվիրված է հայ նշանավոր դիվանագետ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին:

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ի շրջանակում երկու ամիս շարունակ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվեն շուրջ 30 միջոցառումներ: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից արվեստ։ Հայաստանի շուրջ 325 կրթական ու մշակութային հաստատությունների կողմից էլ ամբողջ տարվա ընթացքում Երևանում ու ՀՀ մարզերում կազմակերպվելու են շուրջ 1000 միջոցառումներ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031