Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյանի պաշտպանները 80 էջանոց բողոք են ներկայացրել

Մարտ 21,2024 17:15

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի դիմումի քննությունը: Դատարանը լսեց Ավետիք Չալաբյանի պաշտպանների հիմնավորումները: Բողոքը 80 էջ է, որի մեծ մասը հենց հիմնավորումներն են:

Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը նախ հայտարարեց, որ իրենք նաեւ ՍԴ են պատրաստվում դիմել՝ վիճարկելով այն փաստը, որ Չալաբյանին մեղսագրվող արարքը ՔՕ-ի փոփոխությունների ժամանակ հանվել է, մինչդեռ նրան այդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Նախագահող դատավորը հորդորեց՝ ամեն դեպքում, այդ մասով էլ հիմնավորումները ներկայացնել, որոնք առավել լույս կսփռեն գործի վրա:

Մանրամասները՝  տեսանյութում

Հիշեցնենք, առաջին ատյանի դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազի պահանջն ամբողջությամբ․ ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս (1 տարի 11 ամիս կալանքի հաշվանցմամբ), կազմակերպել, մասնակցել հավաքների, այլ հանրային միջոցառումների ու փոխել բնակության վայրը:

Հիշեցնենք, հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանն «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանի համար՝ 1 տարի 11 ամիս եւ 4 օր պատժաչափ էր պահանջել: Հանրային մեղադրողը դատարանին միջնորդեց, որպեսզի Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառվի 2 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում։ Սա ամենախիստ պատժաչափն է, որը նախատեսված է Չալաբյանին մեղսագրվող արարքի համար։ Նման պատժամիջոց կիրառելու համար դատախազը նկատի է ունենում նաեւ այն հանգամանքը, որ նախաքննության եւ դատաքննության փուլում Ավետիք Չալաբյանն, ընդհանուր առմամբ 3 ամիս եղել է կալանավորված. կալանքի յուրաքանչյուր օրը հաշվվում է 2 օր։

Ինքը՝ Ավետիք Չալաբյանը, համարում է, որ մեղադրանքն ունի բացառապես քաղաքական տրամաբանություն եւ հիմք:

Հիշեցնենք նաեւ, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Ավետիք Չալաբյանի պաշտպանները վիճարկում են նաեւ այն հանգամանքը, որ քրեական գործի հիմքում դրվել է անհայտ աղբյուրից ձայնագրությունը, ինչը անթույլատրելի է եւ հակաօրինական: Առաջին ատյանի դատարանում պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ աղբյուրը պարզելու վերաբերյալ, մերժվել են:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Հաջորդ կարեւոր հիմնավորումը վերաբերվում է Էմմա Սարգսյանի ցուցմունքներին. նա նախ վկայի կարգավիճակում հրաժարվել է ցուցմունք տալուց, ապա, իբրեւ մեղադրյալ, ցուցմունք է տվել, որը բառացի կրկնում է վիճահարույց ձայնագրությունում ասվածը: Հարցաքննությունը եղել է առանց պաշտպանի: Ապա, Ավետիք Չալաբյանի հետ առերես հարցաքննության ժամանակ վերջինս իր նախաքննական ցուցմունքին հակասող հայտարարություններ է արել: Բացի այդ, առերես հարցաքննությունն իրականացվել է հրատապ կարգով, որի մասին քննիչի որոշման մեջ արձանագրում չկա, 24.00-ից հետո, իսկ մինչ այդ, Ավետիք Չալաբյանի հետ մոտ 12 ժամ այլ քննչական գործողություններ են իրականացվել: Անտեսվել է նրա հորդորը՝ հարցաքննությունը մի քանի ժամով տեղափոխել, որպեսզի ինքը հանգստանալու հնարավորություն ունենա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Պաշտպանների այլ հիմնավորումները՝ կներկայացվեն հաջորդ դատական նիստում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031